Ոչ փոխադարձ սեր. ինչպե՞ս առաջ շարժվել…

Երբ ես դեռ 20 տարեկան էի, հավատում էի առաջին հայացքից սիրուն, վերերկրային զգացմունքին, սիրուն ամբողջ կյանքի համար, և, իհարկե, անպատասխան սիրուն:

Դպրոցական դեռահասության տարիներին ես հենց այդպիսի մի զգացմունք ունեցել եմ: Ես ու ընկերուհիս մի տղայի էինք ընտրում ու սիրահարվում նրան: Հայացքով ուղեկցում էինք նրան միջանցքներում, հիմարի պես ծիծաղում, եթե հաջողեցնում էինք պատահաբար հադիպել նրան, ժամերով խոսում էինք, թե որքան լավն է նա, զարմանալի լավն ու հետաքրքիր: Ինչպես հասկանում եք, այդ տղային մենք չէինք ճանաչում, լավագույն դեպքում՝ միայն անունը գիտեինք, նա էլ իր հերթին՝ մեզ չգիտեր. երևի միայն երբեմն զարմացած նայում էր, թե այս ինչ հիմարներ են քայլում իր հետևից, հայացքով ծակում, ժպտում, միմյանց ինչ-որ բան շշնջում ու հոգոց հանում: Ի՜նչ փոխադարձության մասին կարող է խոսք գնալ: Բայց ավելին մեզ պետք էլ չէր: Երևակայական օբյեկտի հանդեպ ունեցած սիրահարվածության զգացումը լցնում էր մեր աղջկական սրտերը: Կարծում եմ, որ այդ տարիքում իրական զգացմունքներ իրական մարդու նկատմամբ մենք պատրաստ չէինք ունենալ:

Ավելի ուշ՝ 20-25 տարեկանում, երբ մենք արդեն տարբեր հարաբերությունների փորձառություն ենք ունենում և տարբեր զգացմունքներ ապրում, շարունակում ենք երազել մեծ սիրո մասին, որը դեռ գալու է, լինելու է իսկական ու ամբողջ կյանքի համար և պաշտպանելու է ցավից: Չէ՞ որ իրական հարաբերություններում ու իրական զգացմունքներում շատ ցավ կա: Անգամ, երբ ամեն ինչ փոխադարձ է, մենք տարբեր ենք: Եվ բախվում ենք դրան անխուսափելիորեն, իսկ այդ բախումը ցավոտ կարող է լինել: Իսկ երբ փոխադարձություն չկա, ապա ցավը դառնում է մեր ունեցած միակ բանը: Բայց լինում է այնպես, որ ինչ-որ մեկը սկսում է կախվել այդ անփոխադարձ զգացմունքից և դրանից սարքում «իմ մեծ, ոչ փոխադարձ սերը» անունով կուռք և դադարում առաջ շարժվել:

Կարդացեք նաև

Բոլոր այս՝ «սիրում եմ նրան կյանքիցս շատ, բայց նա կին ու երեխաներ ունի, չի կարող բաժանվել, ու այդ պատճառով էլ ես լուսանցքում եմ ու բավարարվում եմ ամիսը մեկ անգամ հանդիպումներով», «նա հեռացավ ինձնից, բայց ես սիրում եմ նրան և կսպասեմ նրա վերադարձին», «նա ինձ բացարձակ չի նկատում, բայց նա հենց այն մարդն է, ով ինձ պետք է, և ես կանեմ ամեն ինչ, որ նա դա հասկանա» և նման մտքեր հենց խոսում են վերոնշյալ կախվածության մասին: Կան մարդիկ, ում դուր է գալիս տառապել:

Ինչո՞ւ է այդպես լինում: Մեկի մոտ սկսում է գլուխ բարձրացնել անտեսված լինելու տրավման: Նա, ով մեծացել է սառը, իրեն մոտ չթողնող մոր հետ, սովորել է սերը հասկանալ հենց այդպես, տաքից՝ սառը, փոփոխական, և որքան շատ է սառը, այնքան շատ է թվում, որ պետք է մի քիչ համբերել, ու ամեն ինչ շատ լավ կլինի:

Մեկն էլ պարզապես մանկամիտ է և չի ուզում իր վրա իրական հարաբերությունների պատասխանատվությունը վերցնել և նրանցից թաքնվում է ֆանտազիաների հետևում:

Նրանք, ովքեր միաձուլման մեխանիզմն օգտագործում են՝ որպես կյանքում առաջնորդող, ընդհանրապես չեն տարբերում՝ թե որտեղ իրենք կան և որտեղ չկան: Նրանք անմիջապես իրենց զգացմունքները լցնում են այլ մարդու վրա, և հետագայում արդեն կարևոր չէ, թե այդ ուրիշն իրեն ինչպես կպահի իրական հարաբերություններում: Այդպիսի կանայք հակված են ցանկացած մեկօրյա շփում, անգամ մեկ գիշերվա սեքսը համարել ողջ կյանքի սեր և զգացմունքների իսկական փոթորիկ ապրել, նույնիսկ դրամատիզացնել ամեն բան, երբ տղամարդը հանկարծ անհետանում է: Ցավն իրական է, զգացմունքները՝ նույնպես, միայն պարադոքսն այն է, որ հարաբերությունների իրական բազա նրանք չունեն:

Հիմա, երբ ես 40-ն անց եմ, մտածում եմ այն մասին, որ առողջ սերը ոչ փոխադարձ լինել չի կարող՝ միայն այն պատճառով, որ այն լույսի նման չի փայլում ու մարում: Այդպես ճայթել կարող են կիրքը, համակրանքը, միմյանց գիրկ կարող է նետել քիմիայից և ֆիզիկայից պատրաստված ըմպելիքը, այդպես կարող է ի հայտ գալ էյֆորիան, սիրահարվածությունը, բայց արդյո՞ք այն կվերածվի սիրո:

Չէ՞ որ սերը ծնվում է հարաբերություններից, այն շարժում է միմյանց նկատմամբ: Դու կարող ես շարժվել, կարող ես ցանկանալ, բայց եթե քո զուգընկերը կանգնած է կամ ընդհանրապես դուրս է եկել արդեն հարաբերություններից, կարո՞ղ է ինչ-որ բան ծնվել, եթե ճանապարհի մյուս ծայրին դատարկ է կամ լուռ: Դու կկանգնես, կսպասես, կմտածես, իսկ հետո կշրջվես ու առաջ կգնաս՝ փնտրելու նրան, ով քեզ հետ համահունչ կշարժվի առաջ: Կշարժվի առաջ գոնե այն պատճառով, որ առողջ մարդը միայնակ երկար լռության մեջ կանգնել չի կարող. Դա շատ ցավոտ է: Մենք սեր ենք ուզում, որ ամեն բան ուրախ լինի, հաճելի, տաք, այլ ոչ՝ սառը, միայնակ ու ցավոտ: Առողջ մարդը չի կարող ցավ տենչալ: Այդ պատճառով էլ ինձ համար հիմա ցանկացած հանդիպում ոչ փոխադարձ զգացմունքի հետ, հատկապես՝ այն զգացմունքի, ուր իրական բան էլ չկա, բայց մարդը տանջվում է, հավատում ու սպասում, արդեն անառողջ մի բան է: Պետք չէ տանջվել, պետք է գնալ հոգեբանի մոտ ու հասկանալ, թե ինչու ես դու այդպես սիրում նրանց, ովքեր քեզ չեն սիրում: Կան հարաբերություններ, երբ սերը փոխադարձ է եղել, իսկ հետո հանկարծ երկուսից մեկը դադարել է սիրել ու հեռացել է:

Ի՞նչ պիտի անի մյուսը, ով դեռ սիրում է: Նույնպես պետք է գնա հոգեբանի մոտ ու փորձի նրա օգնությամբ դուրս գալ ստեղծված պատային իրավիճակից, հաշտվի կորստի հետ: Սկզբում հաշտվել կորստի հետ, ապա՝ փնտրել ռեսուրս, որը կօգնի առաջ շարժվել: Ամեն դեպքում, ես չեմ հավատում ողջ կյանքի համար սիրո գաղափարին, եթե այդ սերը փոխադարձ չէ: Եթե արդեն սերը փոխադարձ չէ, կգա նոր մարդ և նոր զգացմունքներ: Մենք փոխվում ենք, կյանքն է փոխվում, փոխվում է և սերը կամ սիրո առարկան:

Նյութը հրապարակման պատրաստեց Ս. Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս