Նույնիսկ լեզվի հարցում լեզու չենք գտնում իրար հետ
Դժվարանում եմ հիշել, թե երբ էր հասարակության ուշադրությունն այսչափ կենտրոնացել կրթության համակարգի վրա։ Վերջին երեք ամսում կրթության ոլորտն անընդհատ հասարակության ուշադրության կենտրոնում է։ Նախ՝ հունիսին մեծ աղմուկ բարձրացավ համալսարաններում մեծ թվով թափուր տեղերի կապակցությամբ։
Այնուհետև քննարկման թեմա դարձավ դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ Հետո սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրման առիթով։ Վերջապես այս ամենի կիզակետը դարձավ Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի նախագծի հրապարակումը։ Իմ կարծիքով՝ բոլոր այս հարցերի շուրջ բարձրացված աղմուկը շատ ավելի մեղմ կլիներ, եթե նախարարությունը խելամիտ աշխատեցներ հաղորդակցության գործիքները։
Հասկանալի է, որ Կրթության նախարարության աշխատանքը մշտական ուշադրության կենտրոնում է, քանի որ կրթության հարցերն առնչվում են 100 հազարավոր ընտանիքների։ Թերևս, դա հաշվի առնելով՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ժամանակին աջակցություն ցուցաբերեց ԿԳ նախարարությանը՝ հաղորդակցության ռազմավարություն մշակելու հարցում։ 2011-2015թթ. համար նախատեսված այդ ռազմավարությունը ստորագրվեց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից։ Ստորագրության արարողության ժամանակ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ նախարարությունն այսուհետ կօգտագործի հաղորդակցության բազմազան ձևեր։
Վերջին ամիսների զարգացումները ցույց տվեցին, որ նախարարության՝ հաղորդակցման գործիքներն արդյունավետ օգտագործելու խնդիրը բարելավման կարիք ունի։
Օրինակ՝ ներկայացնենք օտար լեզուների աղմկահարույց հայեցակարգերը։ Այն բանից հետո, երբ նախարար Լևոն Մկրտչյանը 2016 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ աշխատանքային խումբը կորոշի, թե ինչ ձևով կներկայացվի օտար լեզուների հայեցակարգը, նախարարությունը տևական ժամանակ լռեց։ Ոչինչ չասվեց այն մասին, թե, ի վերջո, ի՞նչ որոշեց աշխատանքային խումբը, ի՞նչ ձևաչափով է գրվելու այդ հայեցակարգը։ Ամռան սկզբին նախարարության կայքում հայտնվեց Օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը։
Նախարարությունը ոչինչ չասաց այն մասին, որ ռուսերենի համար լինելու է առանձին հայեցակարգ։ Այսպիսով, նախարարությունն ընտրել էր հայեցակարգի ներկայացման առավել պայթյունավտանգ տարբերակը։ Եթե նախարարությունը ներկայացներ մեկ միասնական հայեցակարգ բոլոր լեզուների համար, կամ առանձին հայեցակարգեր բոլոր լեզուների համար, ապա հանրության արձագանքը կլիներ չափավոր։ Եթե նախարարությունը որոշել էր ռուսերենն առանձնացնել, ապա պետք է պրոակտիվ լիներ և նախնական բացատրական աշխատանք իրականացներ, այլ քայլեր ձեռնարկեր։ Օրինակ՝ կարող էին հանրությանը ներկայացնել նաև մայրենի լեզվի հայեցակարգ։ Բայց ոչինչ չարվեց, ինչի պատճառով նախարարը ստիպված էր մի քանի անգամ բացատրություններ տալ, որոնք արդյունավետ կլինեին, եթե ներկայացվեին մինչև հայեցակարգի հրապարակումը։
Ավելին, պարզվեց՝ նախարարությունը նույնիսկ վարչապետին չի զեկուցել ռուսերենի առանձին հայեցակարգ մշակելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ օտար լեզուների դասավանդման հարցը միշտ ունի քաղաքական ենթատեքստ, ապա վարչապետին չզեկուցելը նույնպես հաղորդակցման ձախողում էր։ Արդյունքում՝ հանրությունն ամբողջությամբ անտեսեց այդ հայեցակարգերի կրթական բովանդակությունը և կենտրոնացավ հարցի քաղաքական կողմի վրա։ Այսպիսով, նույնիսկ լեզվի հարցում լեզու չգտանք իրար հետ։ Ինչպես ասում էր հայտնի գրող Մարգարետ Էդվուդը՝ «պատերազմները սկսվում են, երբ լեզուն ձախողվում է»։
Նախարարության հաղորդակցման «անվտանգության բարձիկները» չաշխատեցին Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրման ժամանակ։ Նման միջոցառումների ժամանակ սովորաբար նախարարության աշխատակիցները զանգում են դպրոցներ և խնդրում աշակերտին կամ ուսուցչին՝ ներկայանալ պարգևատրության։ Շատ հնարավոր է՝ նախարարության պաշտոնյաները տեղյակ չեն եղել, թե ում են պարգևատրում։ Այսօր դպրոցը մեդալով ավարտողների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, քանի որ մեդալն այլևս արտոնություն չի տալիս։ Բայց եթե դպրոցի տնօրենը կամ Հրազդանի քաղաքապետն ազդանշան տային այն մասին, որ երեխան մահվան ելքով միջադեպում կասկածյալ է, հնարավոր է՝ վերևներում այլ որոշում կայացվեր երեխայի պարգևատրության ձևի հարցում։ Այս դեպքում ևս նախարարությունը ստիպված եղավ հիմնավորել, որ պարգևատրումը և քրեական գործը միմյանց հետ կապ չունեն։
Խնդիրներ եղան նաև ընդունելության քննությունների արդյունքում առաջացած թափուր տեղերի հետ։ Շուրջ մեկ ամիս քննարկվում էր այն հարցը, թե ինչո՞ւ առաջացան թափուր տեղեր։ Մինչդեռ նախարարությունը վաղուց գիտեր, որ շրջանավարտների թիվն այս տարի պակաս է լինելու։ Եթե նախօրոք ասվեր, որ այս տարի բուհերում թափուր տեղերի թիվը շատ է լինելու, ապա այս ծավալի քննարկումներ չէին լինի։
Դպրոցների օպտիմալացման դեպքում էլ խնդիրներ առաջացան Կոտայքի մարզի երկու գյուղական դպրոցների օպտիմալացման հարցում։ Գյուղացիները բողոքեցին և կարողացան կասեցնել դպրոցների միացման ծրագիրը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը մի քանի ամիս աշխատում էր օպտիմալացման ծրագրի վրա, հնարավոր էր շատ ավելի վաղ բացահայտել այդ դպրոցների միավորման հարցում առկա խոչընդոտները։ Եթե ավելի վաղ բացահայտվեին, ապա հնարավոր կլիներ կամ գյուղացիներին համոզել, կամ չմիավորել այդ դպրոցները։
Այսպիսով, արձանագրենք, որ Հայաստանում քաղաքական և տնտեսական զարգացումների հանդեպ հետաքրքրության նվազման հետ կապված՝ առաջին պլան են մղվել կրթական հարցերը։ Նման իրավիճակում նախարարությունը պետք է ուժեղացնի իր հաղորդակցման ռազմավարությունը։ Որոշումների կայացումն անհրաժեշտ է ավելի լավ նախապատրաստել, հանրային լուրջ քննարկումներ ծավալել և հասարակությանը նախօրոք հիմնավորումներ ներկայացնել իր կողմից կայացնելիք որոշումների մասին։ Նախարարությունը պետք է խոսի հասարակության և մասնագետների հետ։ Հետիրադարձային բացատրությունները, արդարացումները, հիմնավորումներն արդյունավետ չեն։