«Սա սովորական քաղաքական իրավիճակ չէ և պետք է շատ զգույշ մոտենալ այս հարցին». Արարատ Զուրաբյան
«Ռուսաստանը բավականին տարօրինակ պետություն է, ժամանակ առ ժամանակ «կոլցո» օպերացիա է անցկացնում, տարբեր ժամանակ տարբեր կողմերի է աջակցում, և դա բնական է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն առաջնորդվում է Ռուսաստանի Դաշնության շահերով: Սա սովորական քաղաքական իրավիճակ չէ և պետք է շատ զգույշ մոտենալ այս հարցին»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Ըստ նրա` խնդրի շուրջ լուրջ քննարկումներ և կոնսենսուս է պետք:
Հարցը զեկուցող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ լուրջ, նաև դռնփակ քննարկումներ են անհրաժեշտ: Նրա խոսքով` այստեղ ՀՀ ինքնիշխանության հարցն է. «Գերտերություններից մեկի ազդեցությունն անհամաչափորեն ծանրանում է և այս իրավիճակը հավասարակշռելու անհրաժեշտություն կա»:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիով` կա կոնկյուկտուրայի և ազդեցության կշռի խնդիր: Նա օրինակ բերեց Մոլդովան, որն, ի տարբերություն Հայաստանի, ստորագրեց ԵՄ ասոցացումը և փորձում է նորմալ հարաբերություններ պահպանել մյուս կողմի հետ, սակայն նրանց ցուցանիշները նույնպես նվազում են, այսինքն` ՀՀ առևտրի նվազումը միայն ԵԱՏՄ-ով չի պայմանավորված, իսկ եթե պայմանավորված է, ապա` շատ քիչ:
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն Իրանի հետ մեր հարաբերություններում շատ նեգատիվ ազդեցություն է ունեցել.
«Տնտեսական սահմանն, ըստ էության, փակեցինք և պատահական չի, որ հսկայական նախագծերին Իրանը ընթացք չի տալիս, Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը Սերժ Սարգսյանն արեց, բայց դրանից հետո ոչ մի քար չի դրվել»:
Թե ինչո՞ւ է անհրաժեշտ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել և ինչո՞ւ չի կարելի հարցը քննարկել մշտական հանձնաժողովում, Ն.Փաշինյանը նշեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովը հարցը քննարկում է 1-1.5 ժամում, իսկ ժամանակավոր հանձնաժողովը՝ 2-3 ամիս զբաղվում է միայն դրանով, կարող է գումարել փակ նիստեր, սեղանին կարող են դրվել պետական գաղտնիքներ, կարող է կանչել Սերժ Սարգսյանին և բացատրություն պահանջել սեպտեմբերի 3-ի գիշերվա համար:
«Ընտրություններից հետո ՀՀ-ում չկա իշխանություն, որ գնա ու բանակցի ԵԱՏՄ հետ»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
«Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, ուր մնաց Ձեր սադրանքներին տրվեմ»,- հակադարձեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Տպավորվել եք, տպավորվել եք, պարո՛ն Աշոտյան, բայց զգույշ, տպավորության տակ չմնաք»,- զգուշացրեց Փաշինյանը: