
«Ահա ես կանգնած եմ ձեր խորհրդարանում և դատապարտում եմ այդ իրադարձությունները». բրիտանացի նախարարը` Ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Թագավորության տեսակետը նույնն է: Այս մասին այսօր ԱԺ-ում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը` Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածն անվանելով պատմական փաստեր:
Նա նշեց, որ այսօր այցլեել է Ցեղասապանության թանգարան, որտեղից որևէ մեկը չի կարող դուրս գալ առանց հուզմունքի:
«Մենք դատապարտել ենք այն ժամանակ այդ հանցագործությունը: Մենք շարունակում ենք այդ դատապարտումը: Եվ ահա ես կանգնած եմ ձեր խորհրդարանում և դատապարտում եմ այդ իրադարձությունները: Դա պատմական իրողություն է»,- ասաց բրիտանացի նախարարը` խուսափելով Ցեղասպանություն բառի կիրառումից:
Նշենք, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները, Ուելսն ու Շոտլանդիան ճանաչել են, այնուամենայնիվ ՄԹ կառավարությունը չի ճանաչել Ցեղասպանությունը: