Բաժիններ՝

Գյումրու «Պիոներ Պալատը» վերանվանվեց «Մանկապատանեկան արվեստի պալատ»

ՏԻՄ մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու արտահերթ նիստը գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Սեպտեմբերի 22-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր Գյումրու «Պիոներ Պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերանվանման հարցը:

Նախագծով առաջարկվեց «Պիոներ պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մանկապատանեկան արվեստի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության: Ավագանին հավանության արժանացրեց այս նախագիծը:

Սեպտեմբերի 12-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստին մասնակցեցին ավագանու համարյա բոլոր անդամները: Առաջին անգամ նիստին ներկա էին ավագանի ընտրված բոլոր խմբակցությունները՝ «Բալասանյան դաշինքը», ԳԱԼԱ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն:

Ավագանին հավանության արժանացրեց սոցիալապես անապահով 160 անձանց դրամական օգնություն հատկացնելու մասին, «Պիոներ Պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջուլիետա Մովսիսյանի թեկնածությանը համաձայնություն տալու, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրու օր» տոնակատարության և ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով 8 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ նախագծերին:

Անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հետ կապված առաջարկ եղավ՝ օգնել թվով քիչ մարդկանց, գումարի որոշակի չափով, ոչ թե ընտրակաշառքի չափ հիշեցնող 10000-ական դրամներով:

ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյան հայտարարեց, որ իշխող կուսակցության կողմից վարվող քաղաքականության արդյունքում գնալով խորանում է աղքատությունը:

«Շիրակի մարզում, Գյումրիում այն հատել է 45-46 %-ի շեմը: Սոցիալապես անապահով հազարավոր մարդիկ կան: Քաղաքի բյուջեն չունի հնարավորություն, բյուջեի միջոցները սահմանափակ են բոլոր անապահով ընտանիքներին աջակցելու համար»:

Առավել շատ քննարկումներ ծավալվեցին Գյումրու օր տոնակատարության վերաբերյալ. նույնիսկ առաջարկ եղավ տոնը չնշել և այդ գումարով տնակում բնակվող երկու ընտանիքի բնակարան գնել:

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ընտրությունները 2016 թվականի հոկտեմբեր ամսին է տեղի ունեցել: Դրա արդյունքում սկզբում որոշվեց 15 մանդատ հատկացնել «Բալասանյան դաշինքին», 9-ը մանդատ՝ ԲՀԿ-ին, 5-ը՝ ՀՎԿ-ին, 4-ը՝ ԳԱԼԱ-ին:

Հետո Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ 17 մանդատ տրվեց «Բալասանյան դաշինքին», 8-ը՝ ԲՀԿ-ին, 4 մանդատ՝ ՀՎԿ-ին, ևս 4-ը՝ ԳԱԼԱ կուսակցություններին:

Այսպիսով, ԲՀԿ-ից ու «Հայկական Վերածնունդից» երկուական մանդատ տրվել էր «Բալասանյան դաշինքին»: Ավագանի ընտրված ԲՀԿ, ՀՎԿ և ԳԱԼԱ խմբակցությունների անդամները որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը՝ չհամաձայնելով մանդատների բաշխման գործընթացին՝ «Բալասանյան դաշինքին» ավելի մանդատներ տալուն: Հենց դա պատճառ դարձավ, որպեսզի քաղաքապետ դառնար Սամվել Բալասանյանը:

Ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԳԱԼԱ-ն սահմանադրական դատարան էին դիմել, սակայն այս կառույցն այդպես էլ հակասահմանադրական չճանաչեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Որոշ ժամանակ անց ՀՎԿ-ն դադարեցրեց բոյկոտը, այնուհետև ԲՀԿ-ն ու ԳԱԼԱ-ն՝ անիմաստ համարելով բոյկոտն ու Գյումրու ավագանու նիստերին իրենց հետագա չմասնակցելը:

Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանի կայքում ՀՎԿ, ԲՀԿ և ԳԱԼԱ խմբակցությունների անդամների հեռախոսահամարները, կազմերն ու կանոնադրությունը բացակայում են: Առկա է միայն «Բալասանյան դաշինքի» խմբակցության կազմը, կանոնադրությունը, խմբակցության անդամների հեռախոսահամարները և ավագանու մշտական գործող թվով 4 հանձնաժողովների կազմերը:

Հավելենք, որ համաձայն ՏԻՄ օրենքի 66-րդ հոդվածի՝ ավագանու խմբակցությունները ստեղծվում են նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի բացման օրը` հետևյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:

Խմբակցությունը համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս