«Էպոսն ազգային հոգևոր արժեհամակարգի բյուրեղացումն է և բացում է մի ամբողջ ազգի հոգևոր կյանքի դռներ». Սարինե Ավթանդիլյանը՝ «Սասունցի Դավիթ» օպերայի մասին
2017թ. սեպտեմբերի 1-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի ունենցավ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրված է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին, Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին:
168.am-ը նախագծի հեղինակ ու գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանի հետ զրուցել է Հարո Ստեփանյանի գործունեության, «Սասունցի Դավիթ» օպերայի առանձնահատկությունների և ներկայացման մասին:
Երեք նախագիծ՝ երեք հաղթանակ
– Օպերային նախագիծը Շուշիում արդեն ավանդույթ է և ամեն տարի տեղի է ունենում սեպտեմբերի 1-ին՝ Անկախության օրվա նախօրյակին: Առաջին նախագիծը 2013 թվականին արցախցի կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերան էր, որը բեմադրվեց Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում և նվիրվում էր նաև կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակին: Այդ ժամանակ չէինք մտածում, որ նախագիծը կլինի շարունակական: «Արծվաբերդը» հայկական հրաշալի օպերա է և ունեցավ մեծ հաջողություն, ու այս իրադարձությունն ավանդույթի վերածելու առաջարկ ստացանք: Մասնակցում էին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, իմ երգչախումբը՝ «Սպեղանին», «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երկու կամերային երգչախմբերը՝ «Վարարակնը» և «Մռակացը», Արցախի պարի պետական համույթը և Երևանի մնջախաղի պետական թատրոնը: Բեմադրող ռեժիսորներն էին Ժիրայր Դադասյանը և Արա Ասատուրյանը, որը նաև խորեոգրաֆն էր: Գլխավոր հերոսի՝ Ռուբենի դերակատարն էր երիտասարդ, տաղանդավոր բարիտոն Գուրգեն Բավեյանը, որը կատարյալ էր իր դերում: Այդ ժամանակ մեզ հետ Շուշի մեկնեց նաև այդ օպերայի առաջին ներկայացման դիրիժորը՝ Յուրի Դավթյանը, ով Անդրեյ Բաբաևի մտերիմ ընկերն է եղել:
Զարգացնելով հայկական օպերային արվեստի դասական ավանդույթները՝ Անդրեյ Բաբաևը ստեղծել է նուրբ քնարականությամբ և խոր հուզականությամբ հագեցած ազգային ինքնատիպ երաժշտություն: «Արծվաբերդն» իր ազգային ոգով կրում է հայրենասիրական մեծ շունչ: «Արծվաբերդի» սյուժեն արտացոլում է սիրո մի պատմություն, որտեղ երևում է բարի և չար ուժերի մշտնջենական պայքարը: Այդ պայքարում մի կողմից՝ բացահայտվում է դրական հերոսների ներաշխարհի վեհությունն ու մաքրությունը, մյուս կողմից՝ թշնամիների չարությունն ու անխուսափելի կործանումը: Ճշմարտացիորեն և համոզիչ կերպով է արծարծվում ստեղծագործության ընդհանուր, մեծ գաղափարը՝ ժողովրդի հաղթանակը նոր կյանքի ճանապարհին:
Սյուժեին իր հզորությամբ համապատասխանում էր նաև բեմադրությունը: Եվ, ինչպես Արցախի Նախագահն ասաց՝ սա հերթական մեծ հաղթանակ է այս հողի վրա… Ունկնդիրները երկար չէին հեռանում ներկայացման ավարտից հետո: Մեծ աստվածային ուժ էր տիրում այնտեղ…
Պատերազմի ժամանակ ուսումնարանի շենքը վառվել է, ներսի աստիճաններն էլ կիսափլված վիճակում են: Մենք գտել էինք շատ հետաքրքիր լուծումներ… Թատրոն էինք ստեղծել բաց երկնքի տակ… Չեմ կարող անգամ նկարագրել, թե ինչ հզոր աստվածային էներգիա կար այնտեղ: Մենք որոշեցինք բեմադրել միայն հայ կոմպոզիտորների մեծ կտավներ:
Հաջորդ օպերան, անշուշտ, չէր կարող հայրենասիրական չլինել: Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան մենք բեմադրել ենք Շուշիի ամրոցում: Այդ օպերայի արցախյան պրեմիերան նվիրված էր Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Հրաշալի սյուժետային պատմություն, հիանալի օպերա է «Կրակե օղակը» և «Արծվաբերդի» նման նշանակալից փուլ է հանդիսանում հայկական օպերային արվեստի զարգացման ընթացքում: Ստեղծագործության հենքում Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» պատմվածքի իրադարձություններն են և Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:
Ի՞նչն էր կարևոր Տերտերյանի համար տվյալ պատմության մեջ: Հերոսները՝ աղջիկը և տղան: Մեծ և ինքնատիպ կերպարները, որոնցից յուրաքանչյուրի թիկունքում կանգնած են յուրահատուկ ավանդույթները և, ընդհանրապես, ողջ ժամանակաշրջանը: Կերպարները համակված են վեհ զգացմունքով՝ սիրով, որն, ավաղ, ծնվել է գաղափարների համար մղվող դաժան պայքարի մթնոլորտում:
«Կրակե օղակ» օպերան ժանրային տեսակով կամերային է: Ավետ Տերտերյանն իր այս գործի մասին ասել է. «Սա իրավիճակների օպերա է՝ պատերազմի, խաղաղության և սիրո»:
Օպերայի բեմադրությանը մասնակցում էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, «Սպեղանի» երիտասարդական երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Օպերայի դիրիժորն էր Ռուբեն Ասատրյանը, ռեժիսորը՝ Մարիա Սահակյանը:
Եվ ահա երրորդ օպերան է հայ մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթը»: Սեպտեմբերի 1-ին պրեմիերան տեղի ունեցավ կրկին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում, իսկ արդեն մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 9-ին, այն ներկայացվեց նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացումը նվիրված էր Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին, Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին:
Օպերայի լիբրետոն, ըստ հայկական ժողովրդական էպոսի, գրել է հայ մեծ դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Դերենիկ Դեմիրճյանը: Էպոսը ազգային հոգևոր արժեհամակարգի բյուրեղացումն է և բացում է մի ամբողջ ազգի հոգևոր կյանքի դռներ: Բացառիկ է «Սասունցի Դավիթ» էպոսի դերը մեր հոգևոր մշակույթի պատմության մեջ: Անշուշտ, մեծ աշխատանք էր նախորդում պրեմիերային, որը թե խմբագրության աշխատանքներն էին, թե նոտաների թվայնացումը: Ահռելի աշխատանք կատարվեց: Օպերան ձեռագիր վիճակում էր և պահպանվում էր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Ներկայացման դիրիժորն էր Սուրեն Շահիջանյանը՝ Ֆրանսիայից: Շահիջանյանների գերդաստանի ակունքները սկիզբ են առնում Շուշիից, և առաջին անգամ Սուրենը մեզ հետ մեկնեց Շուշի: Պետք էր տեսնել, թե ինչ զգացումով նա ոտք դրեց այդ հողի վրա, արցունքներն աչքերում էին… Ռեժիսորը Արմեն Փիրի Մասիհին էր, ով ծնվել է Պարսկաստանում, բայց շուրջ 10 տարի արդեն Երևանում է ապրում: Խորեոգրաֆն է Արսեն Մեհրաբյանը՝ Նորայր Մեհրաբյանի որդին, ով ավելի քան 10 տարի պարում է Շվեդիայի արքայական բալետում: Հայաստանի պետական «Հովեր» երգչախումբն էր մասնակցում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը և բալետային խումբը և, իհարկե, մենակատարները, որոնք թվով 17 էին:
Մոռացված հայ երգահան
– Հարո Ստեփանյանի կյանքը և ստեղծագործական ուղին համառ որոնումների և ստեղծագործական երևելի ձեռքբերումների ճանապարհ էր: Հետևելով Կոմոտասին և հատկապես Ռոմանոս Մելիքյանին՝ նա նկատելիորեն զարգացրեց ազգային երգի և ռոմանսի ոլորտը՝ այդ ժանրերում ստեղծելով հրաշալի նմուշներ: Հարո Ստեփանյանը մեծ ներդրում է ունեցել նաև հայ կամերային-գործիքային և սիմֆոնիկ երաժշտության մեջ: Հարոն 5 օպերաների հեղինակ է: Նա շատ մեծ ներդրում է ունեցել հայկական օպերային արվեստի զարգացման հարցում: Հենց Դերենիկ Դեմիրճյանի հետ համագործակցելով՝ նա ստեղծում է իր առաջին օպերան՝ «Քաջ Նազարը», որը, ցավոք, այսօր օպերային թատրոնի խաղացանկում չէ: Դա հայկական առաջին սոցիալ-երգիծական օպերան է՝ հիանալի հումորով և շատ հետաքրքիր երաժշտական լեզվով գրված:
«Սասունցի Դավիթը» Հարո Ստեփանյանի երկրորդ օպերան է, որը կոմպոզիտորի տուրքն է համաժողովրդական ձևով նշվող ազգային հերոսական էպոսի 1000-ամյակի տոնակատարությանը: Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան նույնպես Դեմիրճյանի հետ համագործակցության արդյունք է, բայց եթե «Քաջ Նազարը» սատիրա է, հոմորը գերիշխում է, այստեղ արդեն էպոսն է՝ իր վիպապատմողական բնույթով: Հենց էպոսի մասշտաբայնությունն է, որ թելադրել է նրան դրամատուրգիայի մեթոդները, երաժշտական լեզվի հնարքները: Այս օպերայում նա ստեղծում է ասերքային նոր ոճ, որը հիմնվում է հայ գուսանների վերամբարձ արտասանության վրա և ամբողջ օպերայի երաժշտական լեզվի հիմքն է կազմում: Սա նորություն է հայկական օպերային արվեստի զարգացման պատմության մեջ: Այս օպերան նոր փուլ է նշանավորում:
Արամ Խաչատրյանը, ով եղել է Հարո Ստեփանյանի մտերիմ ընկերը, մի նամակում գրել է նրան. «Ես քեզ համարում եմ սովետահայ խոշորագույն կոմպոզիտոր»: Հարո Ստեփանյանին ուղղված հայ կոմպոզիտորի հետագա սերունդների գնահատականն արտահայտվում է տաղանդավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետևյալ խոսքերում. «Հարո Ստեփանյանի արվեստը հայ երաժշտության յուրօրինակ երևույթներից մեկն է… Նրա լավագույն գործերը կարող են դասվել երաժշտական իսկական գլուխգործոցների շարքում» (հատվածները մեջբերված են Արվեստագիտության դոկտոր, Լենինգրադի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր Գեորգի Տիգրանովի «Հարո Ստեփանյան. կյանքն ու գուծունեությունը» հոդվածից):
Շինարար Կամոն
– Այս տարի շատ ավելի դժվար էր կազմակերպել բեմադրության հետ կապված աշխատանքները, քանի որ Ռեալական ուսումնարանի շենքն ավելի էր փլվել անձրևներից, և նույնիսկ այն միջանցքը, որն օգտագործում էինք «Արծվաբերդի» ժամանակ ելումուտքեր կատարելու համար, այս տարի այն փլված էր: Եվ եթե չլիներ մեզ հետ շինարարական աշխատանքների պատասխանատու Կամոն, հավատացեք, մենք օպերա չէինք կարող ներկայացնել այնտեղ: Նա սիրահար է օպերայի, ինչպես որ ինքն է ասում՝ ««Արծվաբերդն» առաջին անգամ լսելով՝ հասկացել եմ, թե օպերան ինչ է»: Նա միշտ երազել է դառնալ դերասան ու շատ նման է Ալեքսանդր Կալյագինին, պատկերացնո՞ւմ եք, երջանիկ էր, որ նորից օպերա կտեսնի: Կամոն ոչ մի ջանք չէր խնայում, և, երբ ասում էինք, որ ինչ-որ խնդիր կա, նա վայրկենապես լուծում էր գտնում՝ իր բարձր վարպետությունն այդ բնագավառում օգտագործելով:
Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթը»
– Ոգեշնչվելով էպոսից՝ Հարո Ստեփանյանը ստեղծում է իր Սասունցի Դավիթը, որը հաղթում է Մելիքին ոչ ֆիզիկական ուժով, այլ տիեզերական ուժով, Աստծո զորությամբ: Եվ, ինչպես Էպոսում գրված է, հանուն արդարության է իր պայքարը, և աջ թևին իջնում է Խաչ Պատերազմին.
«Յա Մարութա բարձրիկ Աստվածածին,
Յա Խաչ Պատերազմին, վեր իմ աջ թևին»:
Մեծ համարձակություն էր պահանջում խորհրդային ժամանակաշրջանում էպոսին անդրադառնալը: Կոնցեպցիան, որի հիման վրա բեմադրությունն իրականացավ, երկու հակադիր սկզբունքների միասնությունն էր: Առկա է պայքար երկու աշխարհների՝ հայ ժողովրդի և արաբ նվաճողների միջև: Լարվածությունը սրանում է գործողությունների ընթացքում, և 2 հակադիր կողմերը հայտնվում են դեմ դիմաց: Մելիքն անկատար սկիզբն է, Դավիթը՝ կատարյալ: Բախում է տեղի ունենում, դա է հենց կուլմինացիան, որն ավարտվում է հաղթանակով: Մելիքը գալիս է զորքով, բայց Դավիթը միայնակ է: Նա Աստծո զորությունն է ստանում, քանի որ արդար է նրա պայքարը, և հաղթում է: Առաջին զարկի իրավունքը զիջելով հակառակորդին, ով իր եղբայրն է միևնույն ժամանակ, նա հաղթանակ է տանում: Իր երկու զարկերը բաշխում է Մելիքի մորը և քրոջը, իսկ նրա երրորդ և միակ հարվածը կիսում է Մելիքին: Արցախում մենք հաղթանակ տարանք Աստծո զորությամբ…
Դավիթը լուծում է տվել բախմանը, բայց ոչ՝ հակադրությանը: Ինչպես որ աշխարհի բոլոր էպոսներում, չարը պետք է կործանվի, բարին պետք է հաղթի նրան: Մեր էպոսը համամարդկային է: Որքան այն ազգային է, այնքան էլ դուրս է ազգային մտածողությունից, և հավերժական է: Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Դավիթի արիան հայկական ելևէջներով հագեցած է: Հարո Ստեփանյանի մտածելակերպը ազգային է: Դավիթի արիան Հարո Ստեփանյանը կառուցում է հորովելի հիման վրա: Իր հոր՝ Մեծ Մհերի գերեզմանին կանգնած՝ նա լույս է տեսնում: Դավիթը տաճար է կառուցում՝ Մարութա Բարձրիկ Աստվածածինը, որը խորհրդանշում է պետականության կառուցումը: Դավիթը ճարտարապետ էր, ով կառուցում է վանքը, որ Մելիքը քանդում էր ամեն անգամ. նա կործանիչ է, Դավիթը՝ կառուցող: Վանքի վերականգնումը դա պետականության հաստատումն է …
«Առաջին անգամ է, որ ժպտալով լուսանկարվում եմ թշնամու հետ»
– Հրաշալի Մսրա Մելիք ունեինք: Շատ արժանի հակառակորդ: Ինչպես ասում էր Արցախի մշակույթի նախարարը, երբ լուսանկարվում էինք Մելիքի հետ. «Առաջին անգամ է, որ ժպտալով լուսանկարվում եմ թշնամու հետ»: Վարպետորեն էր խաղում Մելիքի դերը մեր օպերային թատրոնից տաղանդաշատ բաս Հայկ Տիգրանյանը: Եվ շատ հզոր էր Դավիթը՝ Մկրտիչն էր Բաբաջանյան՝ Գերմանիայից: Մեր հիանալի երգիչներից, որն այսօր իր գործունեությունը դրսում է ծավալում:
Ինչպես անցավ և ինչ արձագանք ստացավ ներկայացումը
– Գիտեք, Շուշիի ժողովուրդը, ողջ Արցախը սպասում էր ավանդական դարձած մեր օպերային ներկայացումներին: Պրեմիերայից օրեր առաջ, երբ դեռ երաժշտախումբը չէր մեկնել Շուշի, ես տեխնիկական կազմի հետ այնտեղ էի և տեսա՝ ինչպես են մարդիկ միմյանց հաղորդում, որ այս տարի բեմադրությունն անպայման տեղի է ունենալու, եթե Սարինան արդեն այստեղ է:
Մենք կախում ունեինք եղանակից: Հարցնում էին՝ ի՞նչ պետք է անեք, երբ անձրև գա: Շուշին, գիտեք, միշտ անձրևոտ է և հաճախ ամպամած: Մեզ մնում էր ասել միայն՝ աղոթում ենք, չի կարող անձրև գալ ներկայացման օրը:
Եվ անկարող եմ նույնիսկ նկարագրել, թե ինչպես անցավ այս ներկայացումը: Իրոք առկա էր Աստծո ներկայությունն ամեն ինչում: Շենքում տեսնում էինք այդ հզորությունը: Դա թատրոն էր: Մեր այս ներկայացումները նվիրված են այն տղաների հիշատակին, որոնք զոհվել են հանուն մեր կյանքի…
Շատ պատասխանատու էր՝ ինչպես կընդունվեր նոր օպերայի ներկայացումը, շատ լարված էինք: Բայց ամենա մեծ գնահատականը իմ երկրի Նախագահի գնահատականն էր:
Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, նույնպես ներկա էր՝ որպես գլխավոր հրամանատար: Շատ հուզված էր…
Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը իր զանգերով ոգևորում էր մեզ: Նա ընդգծեց իրադարձության կարևորությունը, առաջին հերթին՝ կոմպոզիտորի համար, քանի որ Հարո Ստեփանյանի անունը վաղուց մոռացված էր: Շատ կարևոր էր, որ ծնվեց նոր օպերա…
Անի Գաբուզյան