«100 Էռնեկյան գա Հայաստան գա՝ մենք Իսրայելին կանցնենք». Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ սփյուռքահայերին բացատրեց, թե ինչու նրանք պետք է հենց Հայաստանում ներդրում անեն:
«Հնարավոր է Հայաստանում ներդրում անել, շահույթ ունենալ: Մեզ մոտ շահութաբերության տոկոսը բարձր է ո՛չ միայն նրա համար, որ մեզ մոտ աշխատուժը շատ թանկ չէ, էներգառեսուրսները տարածաշրջանում համեմատաբար էժան են, այլ նաև նրա համար, որ մենք անցումային տնտեսություն ենք: Երկրորդ՝ ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ երկրի նախարարները, վարչապետը, նախագահը խոշոր ներդրումային ծրագրերի կողքին կանգնած են, ներդրումային ծրագրերին հարկային արտոնություններ են տալիս»,- պարզաբանեց նա:
Արսեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի ԵՏՄ մտնելն ու միջազգային սանկցիաների խստացումը ՌԴ-ի վրա ծագումնաբանորեն համընկան. «1,5 տարի մենք Հայաստանից նույնիսկ կոնյակ չէինք կարողանում նորմալ արտահանել, որովհետև ռուբլին տատանումների մեջ էր: Այդ վտանգն անցավ, այսօր կա նորմալ շուկա, և մենք աշխատում ենք: Այսօր հենց ԵՏՄ-ին անդամակցությունն է, որ ինձ բարոյական իրավունք է տալիս ձեզ համոզելու՝ եկեք Հայաստան»:
Դիմելով սփյուռքահայերին՝ խնդրեց իրենց համայնքների հայ գործարարներին ուղղակի համոզել, որ Հայաստանում պետք է ձեռնարկատիրությամբ զբաղվեն. «Մենք վաճառքի պրոբլեմ չունենք, մեր խնդիրներն արտադրական ծավալների մեջ են: Եթե մենք կարողանանք լուրջ գումարներ բերել մեր վերամշակող արտադրություն, ապա կկարողանանք արտադրական ծավալները մեծացնել: Եկեք, փող դրեք և աշխատեք: Բազում արտոնություններ ունենք արտահանելու համար, բայց արտահանելու ապրանք չունենք: Հայաստանը մի դիտարկեք՝ որպես շուկա, այստեղ գալ մեր օլիգարխների կողքին խցկվել, փորձել ապրանք ծախել: Հայաստանում արտադրեք և դուրս եկեք շուկաներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Արևելք: Ժամանակն է մեզ դիտարկել՝ որպես լուրջ արդյունաբերական ծառայություններ մատուցող հարթակ տարածաշրջանի համար: Ժամանակն է համոզել մեր խոշոր ձեռնարկություններին: Էռնեկյանի փորձը լավ իմաստով մտցնենք աչքները: 100 Էռնեկյան Հայաստան գա՝ մենք Իսրայելին մեր զարգացման տեմպերով կանցնենք»
Ղազարյանը նկատեց՝ հաճախ ասում են՝ Հայաստանը դեպի ծով ելք չունի, հարևանները թշնամի են, սա պատրանք է. «Ժնևից իտալական նավահանգիստներով փոխադրումը ցանկացած տեղ նույն արժեքն է, ինչ Երևանից ՌԴ կամ Չինաստան: Մենք այս ծանր պայմաններում սովորեցինք աշխատել»: