
Եգիպտոսի դատարանը հաստատել է նախագահ Մուրսիին ցմահ ազատազրկման դատապարտելու վճիռը

Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հաստատել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա ցմահ ազատազրկման էր ենթարկվել Կատարի օգտին լրտեսություն կատարելու համար: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Հաղորդվում է, որ դատարանը չի բավարարել մեղադրյալի բողոքարկումը և ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել, որը Եգիպտոսում հավասար է 25 տարվան:
2013 թվականի գարնանը Եգիպտոսի մայրաքաղաքում ընթացել են բազմահազարանոց ցույցեր՝ պահանջելով այն ժամանակվա նախագահի՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Մուրսիի հրաժարականը: Մի քանի ամիս անց՝ 2013 թվականի հունիսի 30-ին զինվորականները նրան հեռացրին երկրի ղեկավարի պաշտոնից: