Բաժիններ՝

Կաշառքի դիմաց՝ վարորդական իրավունքի վկայական

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների:

Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ Գոռ Մարտիրոսյանը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով դիմել է իր ծանոթ Մարտին Երեմյանին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Վերջինս Գ. Մարտիրոսյանին տեղեկացրել է, որ այդ պարագայում քննությունները ձևական բնույթ կկրեն:

Սակայն Գ. Մարտիրոսյանն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Մարտին Երեմյանի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներ Տիգրան Բեսալյանին և Հովհաննես Ծառուկյանին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ վերջիններս, կաշառք տվողի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, նախնական համաձայնությամբ, խմբով կաշառք են ստացել, որից հետո Գոռ Մարտիրոսյանը, առանց տեսական քննության հարցերին լիարժեք պատասխանելու և գործնական քննություն հանձնելու, գնահատվել է «դրական» և վարորդական իրավունքի վկայական ստացել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևան քաղաքի բնակիչ Արամ Միհրանյանը, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով, դիմել է դարձյալ Մարտին Երեմյանին, ով հիշյալ քաղաքացուց զգալի չափերով` 118.000 ՀՀ դրամ հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս դրդել է նշված գումարի չափով կաշառք տալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներին: Այնուհետև, Արամ Միհրանյանի համար որակավորման «E» կարգի կեղծ վկայական ձեռք բերելու նպատակով, գործով դեռևս չպարզված անձի միջոցով դիմել է «Ավտո-Ռալլի» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Հարությունյանին, ով Ա. Միհրանյանի համար ակնհայտ կեղծ փաստաթղթային հիմքեր ստեղծելուց հետո, առանց դասընթացներ անցկացնելու և ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել և Մարտին Երեմյանին է փոխանցել «E» կարգի կեղծ վկայականը: Նույն ճանապարհով Արամ Միհրանյանը մեկ այլ` «D» կարգի վկայական ձեռք բերելու համար դիմել է «Ավտոբան-Պետ» ՍՊԸ տնօրեն Բագրատ Հովսեփյանին: Վերջինս դարձյալ առանց դասընթացներ անցկացնելու և ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել և Ա. Միհրանյանին է հանձնել կեղծ վկայականը: Հիշյալ վկայականները ստանալուց հետո Ա. Միհրանյանը հնարավորություն է ստացել մասնակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսված տեսական և գործնական քննություններին: Սակայն գործնական քննությունն անցկացնող` Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը, իր մտերիմ Մարտիմ Երեմյանի հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու առանց գործնական քննություն ընդունելու, Ա. Միհրանյանին գնահատել «դրական»` այդ մասին կազմելով ու շրջանառության մեջ դնելով կեղծ արձանագրություն, որի արդյունքում Ա. Միհրանյանն առանց պատշաճ որակավորման առկայության ստացել է վարորդական իրավունքի վկայական:

Մարտին Երեմյանի` վերը նկարագրված գործողությունների հետևանքով Արամ Միհրանյանը փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Մ. Երեմյանը կաշառքի գումարը չի փոխանցել պաշտոնատար անձանց, այլ խաբեության եղանակով հափշտակել է այն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը կրկին չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և առանց գործնական քննություն ընդունելու «դրական» գնահատել ևս մեկ քաղաքացու, ով արդյունքում` առանց պատշաճ որակավորում անցնելու, վարորդական իրավունքի վկայական է ստացել:

Այսպիսով, վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Մարտին Երեմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ, 178-րդ, 38-34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Տիգրան Բեսալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Հովհաննես Ծառուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Արամ Միհրանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Գոռ Գաբրիելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/,

Վաղինակ Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով,

Բագրատ Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Բեսալյանի ու Հովհաննես Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս