Հրդեհված տարածքների կարգավիճակը չի կարող փոխվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհված տարածքների մի մասի կարգավիճակը ցանկանում են փոխել: Մեզ հասած տեղեկություններով՝ մտավախությունն այն է, որ կարգավիճակի փոփոխությամբ տարածքները կարող են օգտագործվել բիզնես գործունեության նպատակներով:
Հարցի շուրջ «Փաստ»-ն ստացավ Բնապահպանության նախարարության պարզաբանումը: Բնապահպանության նախարարի խոսնակ Մարինե Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման բան լինել չի կարող: «Նման բան չկա: Հրդեհի հետ կապված կարգավիճակի փոփոխություն ընդհանրապես չի կարող լինել: Արգելոցը մնում է արգելոց, ինչպես եւ կա այսօր: Կարգավիճակի փոփոխության վերաբերյալ խոսք լինել անգամ չի կարող»,- ասաց խոսնակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ»-ում բռնկված հրդեհը հաջողվեց մարել միայն օրեր անց: Նախնական տվյալներով «Խոսրովի անտառ» արգելոցի 1600 հա տարածքից հրդեհի հետևանքով այրվել է 250 հա անտառ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։