«Հայաստանի տնտեսությունը փողի կարիք չունի». Բագրատ Ասատրյան
«Ինձ համար փորձել եմ եզրակացնել՝ ինչ-որ էական բան մեր կյանքում փոխվե՞ց, թե՞ ոչ. էական փոփոխություն չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ՀՀ կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեության արդյունքները՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա գնահատմամբ՝ այն գաղջ մթնոլորտը, որի մասին խոսում են բոլորը, երկրում պահպանվում է: Ըստ նրա՝ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական կյանքում որոշակի դրական տեղաշարժեր եղել են, բայց տնտեսագետը գտնում է՝ դա ոչ թե պայմանավորված է իշխանությունների կամ կառավարության գործունեությամբ, այլ գործոններով.
«Իշխանությունները մեծ հաջողությունների այդպես էլ չհասան: Հայաստանում իշխանություններ չկան, կան ինչ-որ խմբեր, հատվածներ, որոնք այս կամ այն վերաբերմունքն ունեն այս կամ այն խնդիրների նկատմամբ: Կա իշխանություն, որը մասնատված է, ենթակա է ինչ-որ փոքր խումբ մարդկանց շահերի, որտեղ կան նաև դրական ձգտումներ, բայց համակարգված մոտեցում չկա»:
Բ. Ասատրյանի խոսքով՝ Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ այն բնավ էլ ներդրումային միջավայրն ապահոված երկիր չէ.
«Հայաստանի տնտեսությունը փողի կարիք չունի, ինչքան էլ ստեղծեն ակումբ, հայտարարեն 800 միլիոն, Հայաստանի տնտեսությունը հասել է այն վիճակին, որ փողի կարիք չունենք: Հայաստանում չկան ոլորտներ, որտեղ կարելի է ներդրումներ անել: Հայաստանը փակ երկիր է, Հայաստանում իշխողները, այն մարդիկ, ովքեր քաղաքական, վարչական, նաև տնտեսական կյանքում իշխող դիրք ունեն՝ վեր են մրցակցությունից և ամեն ինչ կանեն, որ իրենց դաշտը չխաթարվի»:
Բ. Ասատրյանը գտնում է՝ գարնանը տեղի ունեցած քաղաքական միջոցառումը՝ խորհրդարանական ընտրությունները, ցույց տվեց, որ այս իշխանությունները որևէ այլ ձգտում չունեն, քան վերարտադրվելն է.
«Իշխանության մեջ կան նաև ազնիվ մարդիկ, անկաշառ մարդիկ, կոռուպցիոն համակարգերի մեջ չմտած մարդիկ, նույնիսկ մարդիկ, որոնք բիզնես չունեն, բայց թիմ, որը համակարգային փոփոխությունների խնդիր է դնում, չկա»:
Նրա դիտարկմամբ՝ այս տարի տնտեսության մեջ ինչ-որ տեղաշարժ կա՝ անցյալ տարվա հետ համեմատած. «Առաջին 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկնապատկվել է՝ համեմատած անցյալ տարվա հետ, դրական է նաև արդյունաբերության առաջանցիկ աճը, արտահանման աճի տեմպերն են բարձր, բայց սա լավագույն ցուցանիշները չեն, որ որևէ իշխանություն ապահովել է»:
Բ. Ասատրյանի խոսքով՝ զարգացման կարևորագույն նախադրյալն այս իշխանության հոգեբանության փոփոխությունն է.
«Լուծարել այն անիմաստ մարմինը, որի անունն է Ազգային ժողով, որովհետև 10 հազար դրամով ընտրվածների գինն ընդամենը սա է լինելու: Սա քայլերի հիմքն է: Այս պառլամենտը պետք է լինի քաղաքական մրցակցության տեղ, ոչ թե թաղի խուժանի և մյուսի հորեղբոր տղու»:
Նա նշեց, որ տարվա առաջին կեսի տվյալներով՝ Հայաստանից մեկնածների և ժամանածների տարբերությունը կազմում է 75,5 հազար.
«2008-2016 թվականը Հայաստանից մեկնածների և ժամանածների միջև տարբերությունը կազմում է շուրջ 390 հազար մարդ, այսինքն՝ սա փախուստի նման երևույթ է, և այս երևույթը կանխելու պարագայում մենք կարող ենք խոսել ինչ-որ հաջողությունների մասին, թե չէ ներդրողների ակումբը հավաքվել է, կամ իմ ընկերները հավաքվել են տանը՝ մի լավ քեֆ են արել, լավ է, բայց դրանից Հայաստանը չի զարգանում»: