««Ելքի» նախաձեռնությունը կարող է ապահովագրել իշխանության թիկունքը». Ստեփան Սաֆարյան

168.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, ինչպես հայտնի է, ԱԺ «Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել ԱԺ նախագահին: Ինչպե՞ս եք գնահատում «Ելքի» այս քայլը, և ինչքանո՞վ է դա իրատեսական այս իշխանությունների օրոք:

– Միանգամայն ողջունելի է «Ելքի» այս քայլը: Իհարկե, այն դեռևս չի նշանակում ԵԱՏՄ-ից դուրս գալ, որովհետև սա ընդամենը քաղաքական դիրքորոշում հայտնել է, և շատ ցավալի կլինի, եթե պրոցեսը ճիշտ չտարվի, ու պարզվի, որ բացի «Ելքից» և հասարակության մեջ առանձին անհատներից, այլ զորակցություն չկա:

Բնականաբար, այդ դեպքում նախաձեռնությունը կտապալվի և կարձանագրվի փաստ, որ Հայաստանում այս պահի դրությամբ որևէ մեկը կամ մեծամասնությունը չեն ցանկանում լքել ԵԱՏՄ-ն, դա վտանգավոր հետևանք կլինի:

Դրա համար ես կարծում եմ, որ «Ելքն» ուղղակի պետք է պառլամենտի պատերից դուրս գա և  լայն կոնսոլիդացիայի գնա, չեմ ուզում ասել, թե պառլամենտից դուրս ԵԱՏՄ-ից դուրս գալ փափագող ուժերը շատ են, այնուամենայնիվ, մենք ունենք մի քանի ամիս առաջվա խորհրդարանական ընտրությունները, և միայն «Ազատ դեմոկրատների» մեր քաղաքական թիմն էր դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը:

Բայց «Ելքը» հաստատապես կարող է լիքը դաշնակիցներ գտնել տարբեր հասարակական, քաղաքական խմբերում, նախաձեռնություններում, երիտասարդական կազմակերպություններում, որտեղ այս նպատակները և այս օրակարգը հասցնելը խնդիր չէ:

Որպեսզի «Ելքն» այդ հայտարարությունը չտապալի՝ դնելով քվեարկության ու պարզելով, որ բացի իրենց պատգամավորներից՝ որևէ մեկը կողմ չէ, բնականաբար, պետք է ուժեղ հասարակական ճնշում ապահովի պառլամենտի վրա, որպեսզի մյուս քաղաքական ուժերը վերանայեն իրենց դիրքորոշումները:

Չմոռանանք, որ խորհրդարանում գտնվող մյուս քաղաքական ուժերից ՀՅԴ-ն, բնականաբար, կոալիցիայի մեջ է ՀՀԿ-ի հետ, «Ծառուկյան» դաշինքը, որի հիմնական կազմը ԲՀԿ-ի անդամներն են, նույնպես նախկինում կողմ է քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Այսինքն՝ նրանց դիրքորոշումը 180 աստիճանով փոխելը դյուրին չի լինելու, և դա կարող է տեղի ունենալ միայն հզոր ժողովրդական պահանջի և հասարակական ճնշման ներքո:

– Ի՞նչ եք կարծում՝ հասարակության մեջ արդյոք կա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը, և ինչքանո՞վ կհաջողվի «Ելքին» այդ հասարակական ճնշումն ապահովել:

– Հասարակության հետ աշխատանքի շատ մեծ դաշտ կա: Տարիներ առաջ հասարակությանը մոլորության մեջ են գցել, թե ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների կյանքը դառնալու է ավելի պաշտպանված և ավելի բարեկեցիկ, որովհետև մեր տնտեսությունը ներխուժելու է ԵԱՏՄ-ի 170 միլիոնանոց շուկա, Հայաստան են հոսելու ԵԱՏՄ անդամ երկրների և, մասնավորապես, Ռուսաստանի միլիոնավոր դոլարները՝ որպես ներդրումներ, խոսվել է նրա մասին, որ մեր անվտանգությունն ապահովելու են:

Բայց, սրան հակառակ, մենք տեսնում ենք հետընթաց բոլոր ոլորտներում, տեսնում ենք, որ մենք բավականին մոտ զգացինք պատերազմի վառոդի հոտը 2016 թվականին, մենք տեսանք, որ Հայաստանում ներդրումներ չեն արվում, տեսանք, որ 170 միլիոնանոց շուկայի մուտքը ոչինչ չի փոխում մեր տնտեսության կյանքում, տեսանք, որ իսկապես ԵԱՏՄ-ին պատվիրակված մեր ինքնիշխանությունն արդեն իսկ վտանգում է մեր հարաբերություններն այլ երկրների հետ:

Այսինքն՝ հասարակությունը սա այս թափով չգիտի, հասարակությանը պետք է ճիշտ պատրաստել՝ նրա հետ պերմանենտ կապի միջոցով, որ այս ամբողջի ակունքն այդ տխրահռչակ որոշումն էր, չպետք է թույլ տրվի, որպեսզի մեր քաղաքական ուժերը զուտ շահարկեն Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցումը հայ-ռուսական հարաբերությունների հետ, դրանք պետք է զատել, թույլ չտալ, որ հայ հասարակության վախերը բարձրացվեն հակաքարոզչության միջոցով, այսինքն՝ բավականին լուրջ աշխատանք կա անելու հասարակության հետ, և դրա համար եմ ասում, որ «Ելքը» պետք է խորհրդարանի պատերից դուրս գա:

– Ինչպես հայտնի է, «Ելքի» նախընտրական ծրագրում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին դրույթ չկար, ու, փաստորեն, ամիսներ հետո նրանք այս հարցը բարձրացնում են: Դա ինչո՞վ եք բացատրում, արդյոք այս ամիսների ընթացքում իրավիճակն այդ աստիճանի փոխվե՞լ է, որ նրանք հենց հիմա նման նախաձեռնությամբ հանդես եկան, թե՞ դրա մասին չխոսելը նախընտրական որոշակի քայլ կարելի է համարել:

– Չեմ կարող ասել: Նաև չեմ կարող ասել, թե «Ելքը» հիմա ինչ խնդիրներ կունենա իր ընտրազանգվածի հետ, որովհետև միգուցե այդ ընտրազանգվածի մեջ մարդիկ լինեն, որոնք քվեարկել են իրենց օգտին այն պատճառով, որ «Ելքն» այդ խնդիրը չի դրել:

Ես չեմ կարող ասել՝ ինչ կկատարվի իրենց էլեկտորատի հետ, եթե նա այս խնդիրը դնի, որովհետև այն էլեկտորատը, որը ուզում էր Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից, քվեարկել էր, օրինակ, մեր օգտին, կամ գուցե որևէ մեկի օգտին էլ չի քվեարկել:

Բայց այն, որ ժամանակը ճիշտ է ընտրված «Ելքի» կողմից, ես դրանում կասկած չունեմ և ուրախ եմ, որ ի վերջո հաղթահարվեցին տարաձայնությունները, որովհետև նախկինում գիտեք, որ «Ելքի» ուժերից «Քաղաքացիական պայմանագիրն» առնվազն գտնում էր, որ պետք է մնալ ԵԱՏՄ-ում և ներսից կազմալուծել, խոչընդոտել, և այլն:

Մեկ ամիս առաջ «Ելքի» պատգամավորներն էին գնացել Ռուսաստան հանդիպման, և նրանք ավելի շատ խոսում էին ԵԱՏՄ-ի պայմանագրերի չգործելու մասին, քան ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Թե ինչ փոխվեց այս մեկ ամսվա ընթացքում, ինչը նրանց համոզեց ի վերջո անել այդ քայլը, սա արդեն իրենք պետք է բացատրեն, որովհետև մեկ ամիս առաջվա դրությամբ էլ նրանք կարծես ավելի շատ հակված էին աշխատեցնել ԵԱՏՄ գործիքները, քան թե լքել ԵԱՏՄ-ն:

Հիմա իրենք այդ քայլն արել են, ինչը ես ողջունում եմ, այս պահին ունենք մի որոշում, որին շատ այլ շրջանակներ կարող են պոտենցիալ առումով սատարել:

Վերջին զորավարժությունները, որին Հայաստանն իր մասնակցությունը հաստատել էր, ցույց տվեցին մի մի բան և՛ իշխանությանը, և՛ «Ելքին», և՛ բոլորիս, որ կարող է մեզ թվալ, որ մեզ թույլատրված է ինչ-որ քայլեր անել, և մենք այդ քայլերն անենք, դրանց մասին բարձրաձայնենք, մեր մասնակցությունները հայտարարենք, բայց գա ինչ-որ մի իքս պահ նախօրեին, հանկարծ ինչ-որ մի տեղից զանգ գա, և մեզ ասեն, որ սա չպետք է անեք:

Մենք առջևում ունենք մի այդպիսի կարևոր բան՝ նոյեմբերին ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումը, և Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, առավել քան լավ են հասկանում, որ հնարավոր է, որ մինչև նոյեմբեր իրենք ամենաբարձր մակարդակով հայտարարեն, որ ստորագրելու են, իսկ հետո հանկարծ նախօրեին պարզ դառնա, որ չենք ստորագրելու:

Ինքնիշխանության լրջագույն խնդիր ունենք, և Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է Հայաստանին ստորացնել, ցույց տալ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, և պետք չէ Հայաստանի հետ բանակցել, սիլիբիլիներ անել, այլ պետք է ուղիղ իր հետ շփվել բոլոր հարցերով և իր հետ պայմանավորվել:

Այս կտրվածքով, կարծում եմ, «Ելքի» նախաձեռնությունը վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին՝ ժամանակի առումով ճիշտ է ընտրված՝ անկախ նրանից, թե մեկ ամիս առաջ նրանք ինչ դիրքորոշում ունեին:

Համենայն դեպս, սա կարևոր քայլ է, որպեսզի մենք նոյեմբերին չհայտնվենք Վրաստանի զորավարժությունների կամ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի իրավիճակում:

– Այսինքն՝ այն, որ ԱԺ-ում առկա ուժերից մեկը բարձրաձայնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, Ձեր կարծիքով՝ իշխանությունները կարող են օգտագործե՞լ Մոսկվայի հետ հարաբերություններում:

– Միանշանակ: Ես չեմ ուզում ամենևին ասել, որ փոխպայմանավորված է «Ելքն» իշխանությունների հետ, բայց ժամանակային առումով պահը ճիշտ է ընտրված, և դա կարող է ապահովագրել իշխանության թիկունքը՝ գոնե թույլ չտալու ռուսական կողմին անելու այն քայլերը, որ նա մտադիր է անել պայմանագիրը ձախողելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս