«Ելքը» առաջիկա շաբաթների ընթացքում հանդես կգա ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությամբ
«Ելք» դաշինքն առաջիկա շաբաթների ընթացքում հանդես կգա ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, «Ելք» դաշինքի պատգաավոր Արամ Սարգսյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու «Ելքը» ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության կապակցությամբ:
«Բավականին լուրջ աշխատանք է, որի ամեն բառն արժեք է: Խնդիրը ոչ թե մոտեցման տարբերությունների մեջ է, այլ խնդիրը դիպուկ ու ճիշտ գերկարևոր հարցի մասին տեսակետ ասելու մեջ է»,- ասաց Ա. Սարգսյանը:
Ըստ նրա` Էդմոն Մարուքյանը ճիշտ ժամանակին այդ խնդիրն օրակարգ մտցրեց: Նա չհամաձայնեց պնդումների հետ, որ հարցը արհեստական է և շինծու:
«Դաշինքում ցանկացած հարց բավականին երկար քննարկվում է, հաշվի են առնվում բոլոր հանգամանքները, նախնական գնահատվում է ստատիկ վիճակը, թե ինչ ունենք, և թե ինչ քայլեր պետք է արվեն այդ իրավիճակից դուրս գալու համար:
Միանշանակ է, որ «Ելքը» հայտարարել է, որ սխալ էր ԵԱՏՄ մտնելը, դաշինքը տեսնում է, որ այդ միության շրջանակներում մենք միայն կորուստներ ենք ունենում` թե’ արտաքին քաղաքական, թե’ ներքին քաղաքական, թե’ ռազմական, թե’ տնտեսական առումներով և դրանք ապացուցելն առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում»:
Մեր հարցին` այնուամենայնիվ, դաշինքում կոնսենսուս կա՞, քանի որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի արտահայտվել, իսկ նախորդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի համանման նախագծին դեմ էր արտահայտվել, Ա. Սարգսյանը պատասխանեց.
«Հստակ փաստ է, որ «Ելք» դաշինքը նախընտրական ստորագրված փաստաթղթում գրել է, որ դաշինքը համարում է սխալ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, երկրորդ` «Ելքը» կողմնակից է եվրոպական մոդելի պետություն ստեղծելու, երրորդ` «Ելքը» այլընտրանքային անվտանգության համակարգերի կողմնակից է: ԱԺ-ում չկա որևէ այլ քաղաքական ուժ, որ այս 3 կետերն ունի իր նախընտրական ծրագրում: Մենք ֆիքսել ենք մեր ուղեգիծը, մեր մոտեցումները Հայաստանի ապագայի առումով և այդ առումով միանշանակ կոնսենսուս կա: Այս թեման քննարկման թեմա չի»:
Նիկոլ Փաշինյանի լռությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ Ա.Սարգսյանը ճիշտ համարեց. «Նա խմբակցության ղեկավարն է և պետք է ներկայացնի խմբակցության տեսակետը»: