130.000 դրամ միջին աշխատավարձով մարդն ապրի՞, թե՞ բժշկական վճարովի ծառայություններից օգտվի

Առողջապահական ոլորտի վերաբերյալ իրականացված հոդվածաշարում 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի առողջապահական հիմնախնդիրներին:

Ներկայացրել էինք, թե որքանով է Շիրակի մարզի ազգաբնակչությունը վճարունակ առողջապահական ծառայություններից օգտվելու համար, ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ գոյություն ունեն Շիրակի մարզի ազգաբնակչության, առողջապահական ծառայություններից օգտվելու վերաբերյալ: Անդրադարձել ենք նաև դեղերի գնումների գործընթացի վերաբերյալ Գյումրու բուժհաստատություններից մեկի տնօրենի մտահոգությանը և ՀՀ առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին աշխատավարձերի փոխանցման ուշացման դեպքերին:

Առողջապահական հիմնախնդիրները Շիրակի մարզում 

Չնայած առողջապահության ոլորտում Շիրակի մարզում իրականացված բարեփոխումներին` ոլորտում դեռևս կան մի շարք հիմնախնդիրներ: Շիրակի մարզի առողջապահության արտահիվանդանոցային բուժսպասարկման ծառայությունների մատուցման որակը դեռևս բավարար մակարդակի վրա չէ:

Գյումրու թիվ 1 և 2-րդ պոլիկլինիկաները վերանորոգման և վերազինման կարիք ունեն: Գյուղական ամբուլատորիաները կարիք ունեն նոր սարքավորումներով վերազինման, հատկապես՝ ուլտրաձայնային դիագնոստիկ սարքավորումով: Գյուղական ամբուլատորիաների ծառայությունների մատուցումը ճկուն և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է իրականացնել վերանորոգում և ապահովել տրանսպորտային միջոցներով: Անհրաժեշտ է վերականգնել շտապ բուժօգնությունը գյուղական որոշ շրջաններում, բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը:

Առողջապահական մի շարք այլ ծրագրեր մարզում իրականացվում և պետք է իրականացվեն «World Vision Armenia» և «Բժիշկներ առանց սահման»-ի բարեգործական հ/կ-ների հետ համագործակցության արդյունքում: Բժշկական հիմնարկների կառավարման արդյունավետության բարձրացումը, մանկական մահացությունների թվի կրճատումը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուժեղացումը ևս կարևոր նշանակություն ունեն:

Համաձայն Շիրակի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի, 2012 թվականին Շիրակի մարզում ինսուլինաանկախ շաքարային դիաբետ ունեցող հիվանդները թվով գերազանցել են մյուս հիվանդություններին՝ թվով 3070 մարդ: Սա՝ այն պարագայում, երբ այս հիվանդությամբ տառապող անձանց երբեմն ժամանակին անհրաժեշտ դեղերով ապահովում տեղի չի ունենում:

Որքանո՞վ է Շիրակի մարզի ազգաբնակչությունը վճարունակ առողջապահական ծառայություններից օգտվելու համար

«Հայրս սրտի վիրահատության կարիք ունի, չգիտեմ, թե որտեղի՞ց պետք է տանք գումարը, մենք նպաստառու ընտանիք ենք, միայն ես եմ աշխատում»,- մեզ հետ զրույցում առողջապահական ծառայությունների բարձր գների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտեց տիկին Մարինեն:

Մի տարեց մարդ էլ նշեց, որ մեր հանրապետությունում առկա բժշկական կենտրոնների մեծ մասն ավելի շուտ «շահույթ հետապնդող արտադրական ձեռնարկություններ» են հիշեցնում, քանի որ իրենց ավելի շուտ հիվանդների գրպանի պարունակությունն է հետաքրքիր, քան առողջության պահպանումը և բուժումը:

Հասկանալու համար, թե որքանո՞վ է Շիրակի մարզի ազգաբնակչությունն ի վիճակի օգտվել առողջապահական ծառայություններից, անհրաժեշտ է հաշվի առնել և´ մեր մարզում զբաղվածների, և´ գործազուրկների թիվը, և´ մշտական բնակչության թվաքանակն ու վիճակագրական տվյալներն այն մասին, թե մարզում բնակչության քանի տոկոսն է ի վիճակի օգտվել բժշկական վճարովի ծառայություններից:

Շիրակի մարզում միջին աշխատավարձը մոտ 130.000 դրամ է կազմում:

Նշենք, որ ՀՀ այլ շրջաններում միջին ամսական աշխատավարձը 160.000, 188.000, 200.000 և ավելի դրամ է կազմում: Իսկ մեր մարզի պարագայում վճարովի աոողջապահական ծառայություններից օգտվելու համար 130.000-140.000 դրամ միջին ամսական աշխատավարձը բավական ցածր է:

Համեմատության համար նշենք՝ 130.000 դրամ միջին ամսական աշխատավարձ ստանալու դեպքում 300.000 դրամ արժողությամբ վիրահատության համար, չափահաս աշխատող անձը երեք ամիս շարունակ իր աշխատավարձից 100.000 դրամ պետք է խնայի, ինչը սոցիալ-տնտեսական վատթար պայմաններում դժվար է՝ հաշվի առնելով, որ ընտանիքներում ոչ բոլոր չափահաս անձինք են աշխատում, չհաշված, որ սննդի, կոմունալ, կենցաղային այլ ծախսերի համար ևս գումար է անհրաժեշտ:

Իսկ եթե անձը միայնակ է, ապա երեք ամիս շարունակ 30000 դրամով ապրելը պարզապես անհնար է:

Իրավիճակն առավել բարդանում է, երբ ընտանիքի ոչ թե մեկ, այլ, ասենք, երկու անդամի է անհրաժեշտ նման կարգի բժշկական վճարովի ծառայություն:

Գյումրիում առանց հավելումների արգանդի էքստերպացիայի իրականացման դեպքում անհրաժեշտ է 260.000 դրամ: 130.000 դրամ միջին ամսական աշխատավարձ ստանալու և իր աշխատավարձից 4 ամիս շարունակ 60000 և հինգերորդ ամիսը 20000 դրամ խնայելու դեպքում նոր անձը կարող է օգտվել բժշկական վճարովի այս ծառայությունից:

Օրինակ, միզաքարային հիվանդության բուժման հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 380.000 դրամ, վերին միզուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատության համար՝ 400.000 դրամ, որը բավական թանկ վիրահատություն է, և ոչ բոլորն են Գյումրիում ի վիճակի վճարել վերը նշված գումարը:

Թվարկված օրինակները փաստում են, որ մեր մարզի ազգաբնակչության եկամուտները քիչ են, բժշկական ծառայությունների գները՝ բարձր:

Էլ չասենք, որ 55000 դրամ նվազագույն աշխատավարձ ստանալու պայմաններում, եթե առողջապահական անվճար սպասարկման որևէ կետի չես համապատասխանում, առողջապահական վճարովի ծառայություններից օգտվելու մասին խոսելն անիմաստ է, քանի որ այդ կարգի գումարով մարդը մի կերպ կկարողանա իր գոյությունը քարշ տալ: Լավագույն դեպքում, այս գումարով, բացի կենցաղային ինչ-որ հարցեր լուծելուց, կարելի է ատամ հեռացնելու համար գումար հատկացնել:

Բացի այդ, կան անձինք, ովքեր ընդհանրապես աշխատավարձ չեն ստանում, ծերության կենսաթոշակառու են, այդպիսի անձինք բժշկական վճարովի ծառայություններից ևս չեն կարող օգտվել: Այս դեպքում, նման անձինք պետական ֆինանսավորման միջոցներով, որն ընդհատումներով է լինում, երբեմն կարողանում են օգտվել բժշկական որոշ անվճար ծառայություններից. ատամ հեռացնել, ատամների պրոթեզավորում, և այլն:

Նշենք, որ բացի աշխատավարձից գումարներ հատկացնելուց՝ Շիրակի մարզի բնակիչներն առողջապահական համակարգի ծառայություններից օգտվելու համար որոշակի գումարներ կարող են տնտեսել նաև ՌԴ մեկնած իրենց հարազատների փոխանցած գումարներից: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ արտագնա աշխատանքի համար ՀՀ ազգաբնակչության 90 տոկոսը մեկնում է ՌԴ:

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ամռան սեզոնին Շիրակի մարզի աշխատունակ բնակչության մոտ 30 տոկոսը մեկնում է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Ընդ որում, Հայաստան դրամական փոխանցումները կազմում են պետության ՀՆԱ-ի 21%-ը, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ դրանց շուրջ 80%-ը Ռուսաստանից է: Այս տվյալները ձեռք են բերվել «Բաց հասարակության հիմնադրամների» ֆինանսավորման շնորհիվ: (Տե´ս այստեղ.):

Վիճակագրական տվյալներ Շիրակի մարզի ազգաբնակչության, առողջապահական ծառայություններից օգտվելու վերաբերյալ

2012 թվականին, բացի Երևանից, ՀՀ այլ քաղաքներում հիվանդացության ժամանակ բժշկական խորհրդատվության կամ բուժման դիմած բնակչության մասնաբաժինը տոկոսային հարաբերությամբ կազմել է 35.1 տոկոս: (Տե´ս այստեղ.): Եթե այս տվյալներն ի գիտություն ընդունենք, նաև հաշվի առնենք Շիրակի մարզում և Գյումրիում առկա մշտական բնակչության թվաքանակը, մեր հաշվարկներով կստացվի, որ Շիրակի մարզում բուժման է դիմել՝ 74970, Գյումրիում՝ 36225 մարդ:

2015-ին Շիրակի մարզի հիվանդանոցներ ընդունված հիվանդների թվաքանակը կազմել է 21180 մարդ: 2015 թվականին Շիրակի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ է այցելել 870 հազար մարդ: 2015-ին Շիրակի մարզում մեկ բնակչի հաշվով այդ ցուցանիշը կազմել է 3.5 մարդ:

Մեր մարզում բնակչության թվաքանակի նվազումն ու գործազրկության բարձր մակարդակն իրենց հերթին՝ չեն նպաստում առողջապահական ծառայությունների գների իջեցմանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները փաստում են՝ 01.07.2017-ի դրությամբ Շիրակի մարզի մշտական բնակչությունը կազմել է 238 հազար, Գյումրու մշտական բնակչությունը՝ 115 հազար մարդ: Մինչդեռ ԽՍՀՄ տարիներին միայն Լենինականում բնակչության թիվն անցել է 200.000-ից: Շիրակի մարզում գործազրկության մակարդակը 2014 թվականին կազմել է 20.8%, 2015 թվականին՝ 19%:

Ըստ ՀՀ ԱՎԾ Շիրակի մարզային գործակալության պետ Ա.Խ. Մարգարյանի՝ 168.am-ին տրամադրած տվյալների՝ Շիրակի մարզում աշխատանք փնտրողների թիվը 2016-ին կազմել է 17237, այդ թվում՝ երիտասարդներ՝ 4187 մարդ, գործազուրկների թիվը 2016-ին կազմել է 14294 մարդ, այդ թվում՝ 4068 երիտասարդ:

Մեր մարզում 2015-ին աղքատների թիվը կազմել է 45.3%, ծայրահեղ աղքատներինը՝ 3.9%: Հետևաբար՝ եկամուտ չունեցող անձինք չեն էլ կարող բյուջեն գումարով համալրելու նպատակով լիարժեք կատարել իրենց հարկային պարտավորությունները: Բյուջեն համալրելու նպատակով գումար է անհրաժեշտ, ուստի մեր հանրապետությունում որոշ ծառայությունների սակագների բարձրացումը պատահական բնույթ չի կրում: Հնարավոր է՝ առաջիկայում բարձրանան ոչ միայն ջրի, այլև բժշկական ծառայությունների սակագները: Մեր ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների սակագների բարձրացում տեղի չի ունենա միայն այն դեպքում, եթե ՀՀ-ն տնտեսապես զարգացած երկիր լինի, և կանխվի արտագաղթը:

Մինչդեռ, ՀՀ-ից արտագաղթի աճին զուգահեռ (ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով)՝ աճում է Հայաստանում բնակվողների պարտքային ու հարկային բեռը: ՀՀ պետական պարտքն անցել է 5 մլրդ դոլարից: Հաշվի առնելով ՀՀ մշտական բնակչության թիվը՝ 2.979. 900 մարդ, ստացվում է, որ յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 1677 դոլար պարտք:

Դեղերի գնումների գործընթացում հաղթում է ամենացածր գին ունեցող և վատ որակի դեղարտադրողը

Ինչպես հայտնի է, օգոստոսի 11-ին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ են հանդիպել Շիրակի մարզի հիվանդանոցների տնօրենները՝ կարևորելով բժշկական սպասարկման սոցիալական փաթեթի շահառուների՝ հոկտեմբեր ամսից մեկնարկող փոփոխությունները, որոնց համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայությունները ստանալու են հիվանդանոցներում, իսկ պետական բյուջեից տրամադրվող գումարները նախապես չեն բաշխվի հիվանդանոցներին։

Գյումրու բուժհաստատություններից մեկի տնօրենը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև առողջապահական վճարովի ծառայությունների գների բարձրացման հարցը, որպեսզի բյուջեի մուտքերն ավելանան, որովետև պետական բյուջեի միջոցները քիչ են, սակայն ինքը դեմ է եղել դրան, քանի որ մարդիկ Շիրակի մարզում պլանային վիրահատությունների գումարը, 200.000 դրամանոց վիրահատության գումարը չեն կարողանում մուծել, ուր մնաց՝ այդ գումարը դառնա, ասենք, 400.000 դրամ:

Քննարկվել է նաև օրենքի շրջանակներում վճարովի ծառայությունների ավելացման հարցը: Բուժհաստատության տնօրենը նշեց, որ աբորտը 4 ամիս առաջ սոցիալապես անապահով խավերի համար անվճար էր, հիմա հատուկ հրամանով դա հանվել է:

«Դեռ լավ է, մեր մոտ 15000 է, Երևանում՝ 42000 դրամ արժե»:

Նման փոփոխությունները զրուցակիցս պայմանավորեց հարկային մուտքերի նվազումով. «Ես անցած տարի, 6 ամսվա կտրվածքով՝ վճարովի ծառայություններից ունեցել եմ մոտ 3 մլն դրամի մուտք, այս տարի՝ 4 մլն, 100 հազար. Այսինքն՝ 1 մլն 100 հազարով ավելի: Բայց գումարն ավելացել է ոչ ստվերը վեր հանելու միջոցով»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ այսօր տնօրենի վրա շատ բարդ պարտականություն է դրված. նա պետք է դեղ հայթայթի, հարկայինի ու առողջապահական գործակալության հետ կռիվ տա, փող ստանա, որ իր հիմնարկի աշխատողներին աշխատավարձ տա, լուծի այն հիվանդների բուժսպասարկման խնդիրները, ովքեր ի վիճակի չեն մուծելու պլանային վիրահատությունների գները:

Ինչ վերաբերում է գնումների գործընթացին, բուժհիմնարկի տնօրենը նշեց, որ յուրաքանչյուր բուժհիմնարկ ինքն է իրականացնում դեղերի ձեռքբերումը: Այդ գործընթացի արդյունքում հաղթում է ամենացածր գին ունեցող և վատ որակ ունեցող դեղարտադրողը, որը տեխնիկական, քանակական և որակական առումով ավելի վատն է, քան այն ապրանքը, որը կնախընտրեր հիվանդանոցը:

«Այժմ Առողջապահության նախարարությունից խնդրել ենք, որպեսզի գնումների գործընթացում ապահովվեն որակական որոշակի հատկանիշներ: Հիմա դեղերի ձեռքբերման պայմանագրերը մենք ենք կնքում, սակայն դիմել ենք իրենց, որպեսզի նախարարությունն իրականացնի այդ գործընթացը: Դեղերի գնման գործընթացն էլեկտրոնային եղանակով է իրականացվում: Հայտարարություն է տարածվում, որի համաձայն՝ մեզ պետք են այսինչ դեղերը: Արդյունքում, ասենք՝ 10 դեղագործական հիմնարկ գալիս են մասնակցելու մրցույթին, ով տվեց ամենաէժան գինը, ինքն էլ շահում է»,- ասաց նա:

Մեր զրուցակիցն օրինակ բերեց, որ դեղերից ամպիցիլինի ռուսական, ուկրաինական արտադրությանն է առկա: Բնականաբար, ռուսական արտադրության դեղերն ավելի վատն են, քան, ասենք, գերմանականը:

«Օքսիդոցինի պարագայում մենք շահում ենք ռուսական արտադրությանը, այն դեպքում, երբ այն լավը չէ, ու կա հունգարականը, որոնց միջև տարբերությունն ընդամենը 30 դրամ է, սակայն հունգարականը չի շահում: Ռուսական արտադրության օքսիդոցինի օգտագործման դեպքում ոչ թե մեկ, այլ երկու ամպուլա պետք է օգտագործես, որպեսզի արդյունավետություն ապահովվի, ինչը նշանակում է, որ գնային առումով տուժում ես, ու ավելի լավ է՝ եվրոպական արտադրության, ավելի արդյունավետ դեղն օգտագործել»,- ներկայացրեց իրավիճակը մեր զրուցակիցը:

Բուժհիմնարկի տնօրենը նաև նշեց՝ երբեմն Առողջապահության նախարարությունն ուշացնում է բուժհիմնարկներին աշխատավարձերի փոխանցումը, ինչի հետևանքով աշխատողներին ուշ աշխատավարձ տալու պատճառով տուգանվում են տնօրենները:

 Անահիտ Սիմոնյան

 Հ.Գ. ՀՀ-ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ United States Agency for International Development, USAID-ի աջակցությամբ իրականացվող առողջապահական ծրագրերի գլխավոր թիրախն առողջապահական համակարգում կոռուպցիայի հաղթահարումն ու վերահսկողության ուժեղացումն է: Ուստի բժշկական ծառայությունների որակի բարձրացման համար անհրաժեշտ է ոչ թե բարձրացնել դրանց սակագները, այլ այս ոլորտում իրականացնել արդյունավետ վերահսկողություն, որպեսզի հանրային առողջապահության ոլորտում իրականացվող 1.5 մլրդ դրամից ավել ծախսերը նպատակային լինեն: Առողջապահության համակարգում կոռուպցիայի առկայության մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնել են ոլորտի փորձագետներից Վիոլետա Զոփունյանը և այլ անձինք:

Մինչդեռ ՀՀ-ում և ոչ մի ոլորտում կոռուպցիան չի նահանջում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մենք մեր մասին գիտենք շատ ավելի քիչ բան, քան արտասահմանում: Այն, որ Հայաստանից 10 տարվա ընթացքում 7.5 մլրդ դոլար է դուրս բերվել, այս մասին առաջին անգամ տեղեկացանք ամերիկյան Global Financial Integrity (GFI) կազմակերպության զեկույցից:

 

Տեսանյութեր

Լրահոս