«Չի բացառվում՝ Պուտին-Մեդվեդև տանդեմի «հայաֆիկացված» տարբերակը լինի այստեղ». Էդգար Վարդանյան
Հարցազրույց քաղաքագետ, անկախ վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ
– Պարոն Վարդանյան, Սերժ Սարգսյանը երեկ աԱվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, տվել է մի շարք օրենքների քննարկման մեկնարկը, որոնք, ըստ որոշ վերլուծաբանների, կոչված են ապահովելու 2018 թվականի ապրիլից հետո նրա պաշտոնավարումը և իշխանության ղեկին մնալը։ Որքանո՞վ է սա հավանական։
– Իհարկե, չի կարելի բացառել նման զարգացումները։ Խնդիրն այն է, որ Հայաստանի նման երկրներում, որտեղ իշխանությունը կենտրոնացած է մի փոքր խմբի ձեքում, որն ունի լեգիտիմության խնդիր, հանրության զգալի հատվածն ընտրությունները և իշխանության ձևավորման մեխանիզմները կասկածի տակ է դնում, բնականաբար, այդպիսի երկրներում, երբ լրանում է նախագահության համար օրենքով սահմանված ժամկետը, սովորաբար նախագահները փորձում են երկարացնել իրենց պաշտոնավարման ժամկետը և փորձում են գտնել տարբերակներ դա անելու համար։ Շատ ավելի կոշտ ավտորիտար երկրներում ուղղակի փոխում են Սահմանադրությունը, կամ Սահմանադրությանը հակառակ օրենքներ են ընդունում և երրորդ ու անվերջ անգամ հնարավորություն են ստանում վերընտրվելու։ Ավելի փափուկ ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, փորձում են ավելի չճչացող, հնարավորինս օրենքի շրջանակներում ինչ-որ մեխանիզմներ ներդնել դա անելու համար։ Եվ Հայաստանում պատահական չէին սահմանադրական վերջին փոփոխությունները, որոնք փաստացի հանրության կողմից ընկալվում էին՝ որպես գործող իշխանության վերարտադրության համար դաշտ ապահովող։
Միջազգային փորձն ու ներքին իրավիճակը հաշվի առնելով՝ շատ հնարավոր է, որ գործող նախագահն ու այսօրվա իշխող վերնախավի նեղ թիմը փորձում են վերարտադրվել և իրենց համար հարմար դաշտ են ստեղծում։ Հարցն այն է, որ մամուլում առկա տեղեկատվությունը թույլ չի տալիս հստակ վերլուծություն անել, թե ով է լինելու երկրի հաջորդ ղեկավարը՝ վարչապետը։
Մի կողմից՝ կարող ենք մտածել, որ, օրինակ, ելնելով հնչած կարծիքներից, որ Սերժ Սարգսյանն իշխող ընտանիքի հայրն է, և նա չի պատրաստվում լքել այդ ընտանիքը, շարունակելու է առաջ տանել Հայաստանը, նաև Սերժ Սարգսյանի ելույթներում ու հարցազրույցներում միշտ միտք էր առաջ քաշվում, որ նա չի պատրաստվում հեռանալ, նա պատասխանատու է երկրի անվտանգության համար և շարունակելու է կրել այդ պատասխանատվությունը, սա կարող է հիմք տալ մտածելու, որ Սարգսյանը լինելու է ապագա վարչապետը։
Բայց մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանն, ըստ էության, վերջերս՝ 1 տարի առաջ, նշանակվեց վարչապետ, և շատ լուրջ PR կամպանիա նախաձեռնվեց Հանրապետական կուսակցության, իշխող վերնախավի կողմից, շատ մեծ ջանքեր գործադրվեցին նրա իմիջը ձևավորելու համար, նրա կողմից իրականացվեցին պոպուլիստական քայլեր, նա էր վերջին ընտրական կամպանիայի դեմքը, ապա այս հանգամանքները որոշակի կասկածի տակ կարող են դնել այդ թեզը, որ, ամենայն հավանականությամբ, վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ էր այդ ամեն ինչն արվում, մի՞թե ընդամենը կարճ ժամանակահատվածի համար է Կարեն Կարապետյանի հետ աշխատանքը։
Բայց Կարեն Կարապետյանն էլ էր ասում, որ չի պատրաստվում հեռանալ, եթե նրան վստահեն, կշարունակի աշխատել։ Սա էլ հիմք է տալիս վարկած առաջադրել, որ Կարեն Կարապետյանը պահպանելու է նոր լիազորություններով վարչապետի պաշտոնը։
Բայց նույնիսկ այդ դեպքում բոլոր նշանները կան՝ պնդելու, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտից չի հեռանալու, և չի կրկնվելու այն, ինչ եղավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, երբ նա գնաց ստվեր և ընդամենը ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցազրույցների կամ իր մամլո խոսնակի միջոցով տեսակետներ է հայտնում, և պարզ չէ, թե նա ազդո՞ւմ է քաղաքական գործընթացների վրա, թե՞ ոչ։
Սա այդ դեպքը չի լինելու։
Ինչ-որ մի պաշտոնում կամ՝ որպես նվազագույնը՝ Հանրապետական կուսակցության ղեկավար, Սարգսյանը մասնակցելու է որոշումների կայացման գործընթացին և, ավելին, կարծում եմ, հենց նա է փորձելու լինել քաղաքական վերնախավի արբիտրը։
– Սարգսյան-Կարապետյան հակամարտությունն այստեղ իրակա՞ն է, թե՞ այնուամենայնիվ ներքին համաձայնություն կա և, կուսակցության ղեկը պահելով, Սերժ Սարգսյանը, ըստ էության, կշարունակի գլխավորել նաև իշխանությունը։
– Նման հարցի պատասխանելու համար պետք է լինել այն եզակիներից մեկը, որոնք իրոք տիրապետում են քաղաքական վերնախավում տեղի ունեցող գործընթացներին։ Կարծում եմ՝ շատ քիչ մարդիկ են այդ ամենին տեղյակ, թե իրականում ինչ է կատարվում։
Կարծում եմ, որ նույնիսկ ՀՀԿ-ի ներկայացուցիչների, թեկուզև՝ վերնախավում գտնվողներից շատերը տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, կա՞ արդյոք հակասություն, որքանո՞վ է այդ հակասությունը խորը, և եղած ինֆորմացիան էլ թույլ չի տալիս պնդում անել, որը կհաստատի կամ կհերքի դա։
Բայց ակնհայտ է մի բան, որ առանց փոխհամաձայնության՝ որևէ հարց չի կարող լուծվել։ Քաղաքական մեր ռեժիմի բնույթն է այդպիսին։ Այստեղ այնպիսի քաղաքական մշակույթ է, որ, եթե քաղաքական վերնախավում լուրջ կոնֆլիկտ է լինում, և ինչ-որ մեկը դուրս է գալիս, բայց ցանկանում է ինչ-որ ռեսուրս պահպանել, պետք է համաձայնության գա, սուր կոնֆլիկտի մեջ չմտնի այդ պահին իշխող վերնախավում դոմինանտ դիրք ունեցող խմբի և դրա ղեկավարի հետ, հակառակ դեպքում՝ կունենա խնդիրներ։
Քաղաքական պատմությունը, վերջին շրջանի գործընթացները ցույց են տվել, որ իսկապես լուրջ խնդիրներ են ունեցել այս դեպքում։ Հիշենք, օրինակ, Ծառուկյանի հետ կապված իրադարձությունները, բայց այսօր նա շարունակում է իր դերակատարությունը, շարունակում է լինել հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկը, իր ռեսուրսները տեղում են, բայց դրա փոխարեն՝ նա փաստացի հրաժարվեց ձեռնոց նետել իշխող քաղաքական դոմինանտ խմբին և դրա ղեկավարին։ Կարծում եմ՝ եթե հետագայում էլ ինչ-որ խնդիրներ լինեն, պատմությունը կրկնվելու է։
Հնարավոր է, որ բավականին լավ մտածված սցենար է իրականացվում, որը որոշակիորեն ներշնչված է ռուսական քաղաքական վերնախավում առկա իրողություններից։ Հայտնի Պուտին-Մեդվեդև տանդեմն աչքի առաջ կա, և գիտենք, որ Հայաստանը մեծ կախում ունի ռուսական քաղաքական վերնախավից, և՛ անձնական, և՛ բիզնես շահեր ունեն, և չի բացառվում, որ այդպիսի մի տանդեմ, դրա «հայաֆիկացված» տարբերակը կլինի այստեղ, և մենք կշարունակենք այդ 2 անձին տեսնել քաղաքական վերնախավի առաջնագծում, որոնք նաև ստվերային մեխանիզմների միջոցով կղեկավարեն երկիրը։ Բայց մթնոլորտն այդպիսին է, որ առաջին դեմքը լինելու է Սերժ Սարգսյանը։ Թեև անակնկալները նույնպես չեն բացառվում։