Բաժիններ՝

«Կրթության կարևորության մասին հայտարարությունները դատարկախոսություններ են. այն ընկալվում է՝ որպես խանգարող ծախս»

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն» իր գործունեությամբ, ի թիվս այլ խնդիրների, փորձում է լուծում տալ կրթության ոլորտում հանրային ներգրավվածության հիմնահարցին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանն ասաց, որ, թեև կրթական ոլորտը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, բայց այդուհանդերձ, հասարակությունն այստեղ որպես սուբյեկտ չի ընկալվում.

«Գոյություն ունեն ինչ-որ մասնագետներ, որոնք զբաղվում են այդ հարցերով, և կառավարությունն աշխատում է շատ դեպքերում շրջանցել հասարակությանը, հասարակության կարծիքը ներկայացնել որոշակի ֆորմատի մեջ։ Մեր նախաձեռնության նպատակներից մեկն է՝ փորձել քաղաքացիների խմբեր ստեղծել, որոնք կկարողանան տեսակետներ, դիրքորոշումներ արտահայտել կրթական համակարգի փոփոխությունների վերաբերյալ»։

Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել են նման մի քանի խմբեր, որոնք փորձել են վերհանել մի շարք խնդիրներ։ Սողոմոնյանն ընդգծեց՝ խնդիրներից մեկը սոցիալական արդարության խնդիրն է կրթական համակարգում.

«Մենք ունենք կրթության որակի հաշվին գնալով էլ ավելի խորացող անհավասարություն։ Այսինքն՝ թվում է, թե պարտադիր է կրթությունը և նույնիսկ 12-ամյա կրթությունն է պարտադիր դառնում, բայց Երևանից մինչև ամենահեռավոր մարզեր կրթական պայմանների այնպիսի բևեռացում գոյություն ունի, որ այդ անհավասարությունը Հայաստանում լրացուցիչ սոցիալական լարվածություն է ստեղծում։ Ըստ էության, անցած 25 տարվա ընթացքում պետությունը չի կարողացել ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որը կձևավորեր ռեֆլեկտիվ մտածող ազատ քաղաքացի, նաև՝ ստեղծել պայմաններ, որպեսզի դպրոցում ծնողներն ու դպրոցի վարչակազմը համերաշխության, սոլիդարության մթնոլորտում կարողանային մասնակցել դպրոցի գործերին, բովանդակային հարցերին»։

Նա նշեց, որ կրթական համակարգի զարգացման հետ կապված կա մի կարևոր խնդիր՝ հանրակրթությո՞ւն, մասսայակա՞ն կրթություն, թե՞ էլիտար կրթություն.

«Վերջին տարիներին համախառն բյուջեում կրթության ծախսերը նվազում են, և ավելին, հաջորդ 3 տարվա համար կառավարությունը ծրագրում է ՀՆԱ մասնաբաժնում կրթության բաժինը տոկոս առ տոկոս իջեցնել, ընդ որում՝ 2.34 %-ից այն հասնելու է 1.85%-ի։ Սա նշանակում է, որ կրթության կարևորության մասին հայտարարությունները դատարկախոսություններ են՝ հաշվի առնելով, որ կրթական համակարգի կառավարումը ենթարկվում է ինչ-որ օպտիմալացման, տնտեսական նպատակահարմարության, կոշտ խնայողության քաղաքականության։ Այսինքն՝ կրթությունը չի ընկալվում որպես ներդրում՝ հանրության ապագայի համար, այլ ընկալվում է՝ որպես խանգարող ծախս»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս