Բաժիններ՝

Ցանկալի՞ է արդյոք տղամարդու ներկայությունը ծննդաբերությանը. պարզաբանում են բժիշկն ու հոգեբանը

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հազվադեպ երևույթ չէ, երբ ամուսինը ներկա է գտնվում ծննդաբերության ընթացքին: Այս հարցի շուրջ, սակայն, կան իրարամերժ կարծիքներ ինչպես՝ մասնագետների, այնպես էլ՝ բնակչության շրջանում:

Հայաստանում թեև օրենքը չի արգելում տղամարդուն մասնակից դառնալ գործընթացին, մի շարք ծննդատներ ցանկալի չեն համարում ամուսնու ներկայությունը:

Հոգեբան Աննա Բադալյանը, սակայն, կարծում է, որ տղամարդու մասնակցությունը դրական ազդեցություն կարող է ունենալ կնոջ վրա՝ այն դեպքում, երբ նա բավարար չափով իրազեկված է:

«Եթե տղամարդը տեղյակ է ծննդաբերության ընթացքից և հոգեբանորեն պատրաստ է, ապա խնդիրներ չեն լինի: Խնդիրներ կարող են ի հայտ գալ այն դեպքում, երբ տղամարդը հանկարծակիի է գալիս: Այդ պահին առաջացած մեղքի զգացումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել, նույնիսկ դառնալ իմպոտենցիայի պատճառ»,- ասաց հոգեբանը:

Աննա Բադալյանը կարծում է, որ ծննդաբերությանը ներկա գտնվող տղամարդու մոտ հայրության զգացումը, պատկերացումները, հույզերն այլ են: Ամրապնդվում է ընտանիքի միասնության գաղափարը. նա իրեն այդ ամենի մասնակիցն է զգում:

«Այս մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ տղամարդը կանգնում է ոչ թե՝ գինեկոլոգի մոտ, այլ՝ կնոջ գլխավերևում: Արյունը, ընկերքը նա չի տեսնում: Եվ այս դեպքում, երբ տղամարդը կարող է բռնել կնոջ ձեռքը, համբուրել նրան, կնոջ համար ծննդաբերությունն անհամեմատ տանելի է թվում»,- նշեց հոգեբանը:

«Էրեբունի» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը կատակեց՝ ասելով, որ խորհուրդ է տալիս ներկա լինել ծննդաբերությանը, միայն թե տղամարդիկ մինչ այդ պետք է «ֆեյս կոնտրոլ» անցնեն:

«Կան այնպիսի անպատրաստ ամուսիններ, որոնց թողնել պետք չէ, քանի որ նրանց մոտ կարող է առաջանալ իմպոտենցիա: Սակայն, ընդհանուր առմամբ, ես կողմ եմ»,- ասաց Դ.Աբովյանը:

Բժիշկը հավելեց, որ շատ դեպքերում թույլ է տալիս տղամարդկանց անձամբ կտրել երեխայի պորտը:

Մարիամ Այդինյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս