«Եթե զենք են փնտրում, ապա դժվար թե փոքր դրամապանակի մեջ զենք լինի». Տիգրան Հայրապետյանը՝ փաստաբաններին զննության ենթարկելու մասին
Ժիրայր Սէֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ փաստաբանների նկատմամբ խուզարկությունների, փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերով դիմել է Մարդու իրավունքների հանձնակատարին, նաև դիմել է ՀՀ նախագահին. «Ինձ թվում է՝ սրանից ավելի լավ հանցագործության մասին հաղորդում դժվար է պատկերացնել։ Դեռևս մինչև այս պահը պատասխաններ չունեմ»։
Ըստ նրա՝ փաստաբանների հետ կապված խնդիրները սկսեցին առաջանալ բացառապես «Սասնա ծռերի» և Ժիրայր Սէֆիլյանի գործերից հետո. «Ավելին, «Սասնա ծռերի» և Ժիրայր Սէֆիլյանի գործերը, առանց որևէ տրամաբանության, միացրին իրար, հետո բոլոր գործերը նորից առանձնացվեցին, և իշխանությունների համար բոլոր անցանկալի անձինք հիմա այս գործի շրջանակներում են և այս գործի բոլոր բացասական հետևանքները կրում են, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը, որն ընդհանրապես կապ չուներ ո՛չ «Սասնա ծռերի», ո՛չ Ժիրայր Սէֆիլյանի գործերի հետ։ «Հիմնադիր խորհրդարանի» շատ անդամների օժանդակողների քողի տակ մեղադրանքներ առաջադրվեցին։ Քանի որ հավաքված էին այսպիսի անցանկալի մարդիկ, սկսվեցին այսպիսի հետապնդումները»։
Փաստաբանի խոսքով՝ մինչև այս պահը փաստաբանը զննության չէր ենթարկվում. «Փաստաբանը խուզարկության չէր կարող ենթարկվել, որովհետև «Փաստաբանների մասին» օրենքում ուղղակի նշված է, որ փաստաբանը չի կարող խուզարկվել, փաստաբանի մոտ գտնվող իրերն անձեռնմխելի են, ինչը ենթադրում է, որ այդ փաստաթղթերը որևէ մեկը չի կարող տեսնել։ Նաև Դատական օրենսգրքում կա հոդված, որ կարգադրիչը, այո, իրավունք ունի զննության ենթարկել, բայց որևէ տեղ նշված չէ, որ կարգադրիչը կարող է փաստաբանին կամ դատավորին զննության ենթարկել։
Փաստաբանը, երբ մտնում է դատարանի շենք, առնչվում է իր՝ իրավաբանական ծառայություններ մատուցելու խնդրին։ Փաստաբանի բոլոր գործառույթները դատարանի շենքում, դատական դահլիճ մտնելու հետ կապված՝ պետք է կարգավորված լինի օրենքով։ Սահմանադրության մեջ նշված է, որ փաստաբանի իրավունքներն ու պարտականությունները պետք է բացառապես օրենքով ձևակերպված լինեն։ Հիմա որևէ օրենքում չկա, որ փաստաբանն իրավաբանական օգնություն տրամադրելու ժամանակ պարտավոր է կարգադրիչի կարգադրություններին ենթարկվել։
Ավելին, անգամ Փաստաբանության մասին օրենքը որ գրվում էր, սկզբնական հոդվածներն այսպիսին էին, որ փաստաբանի գործունեությունը կարգավորվում է տարբեր օրենսգրքերով, բայց Դատական օրենսգրքին հղում չկար»։
Տիգրան Հայրապետյանն ընդհանրապես համաձայն չէ, որ փաստաբանը պետք է զննության ենթարկվի. «Դատական օրենսգրքում հստակ նշված է, որ դատավորը չի կարող զննության ենթարկվել, կարող է զննության ենթարկվել հատուկ պայմաններում։ Նույնկերպ և փաստաբանը չի կարող զննության ենթարկվել։ Կարգադրիչների գործողությունները բազմազան են և տրամաբանությունից դուրս. մի անգամ փաստաբան Արայիկ Պապիկյանը պետք է հարկադրաբար դրամապանակի պարունակությունը ցույց տար։
Եթե զենք են փնտրում, ապա դժվար թե փոքր դրամապանակի մեջ զենք լինի։ Դատախազներն էլ թատերական ներկայացում են անում, թե իրենք էլ են զննություն անցնում։ Բայց իրենք արտոնված մուտք ու ելք ունեն։ Հիմա փորձում են ձևական բոլոր դատարաններում այդ նույն գործընթացը տանել, իբրև թե օրենքի պահանջ է։ Փորձում են իրենց անօրինական գործողությունների համար օրենքի շղարշ ստեղծել, բայց դա այդպես չէ»։