Փաստաբանների գործադուլի հիմնական պատճառները

Փաստաբան, «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց փաստաբանների գործադուլ հայտարարելու դրդապատճառներն ու պահանջները։

«Խնդիրներ առաջացել են դատավարության մեկնարկից ամիսներ առաջ, ինչպես իմ, այնպես էլ` իմ բազմաթիվ գործընկերների հետ։ ՔԿՀ-ներում հաճախակի էր դարձել ապօրինի գործողությունների կատարումը, այսինքն՝ խուզարկությունները կամ մեր պաշտպանյալների հետ առանձնազրույցներին որևէ կերպ միջամտելը բավական հաճախակի էին դարձել։ Մենք ամիսներ շարունակ բարձրաձայնել ենք այդ մասին, և որևէ պատկան մարմին խնդրին լուծում չի տվել»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ խնդրին լուծում տալու համար Փաստաբանների պալատը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, խորհուրդը որոշումներ կայացրեց, բայց, ըստ նրա՝ այդ գործողություններից յուրաքանչյուրը ոչ թե լուծեց խնդիրը, այլ ավելի խորացրեց այն երևույթները, որոնք տեղի էին ունենում։

«Ես չէի ասի, որ մենք ստիպված ենք այս քայլին գնացել, պարզապես սա մի բողոքի ձև էր, որը մենք ընտրեցինք։ Իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար բոլոր փաստաբանները պատշաճ ներկայանում էին դատական նիստերին, ամբողջ աշխատանքային օրն անց էինք կացնում դատարանի միջանցքում կամ շենքի մոտ։ Այդ ամբողջ ընթացքում անհասկանալի արձանագրությունների հիման վրա փաստաբաններից շատերը ստանում էին դատարանի կողմից սանկցիաներ, ընդ որում՝ իմ գործընկերներից շատերը, այդ թվում՝ ես, տասնյակից ավելի սանկցիաների ենթարկվեցինք։ Փաստաբանների պալատը ձեռնամուխ է եղել կարգապահական վարույթներ հարուցել և քննել իմ կամ իմ գործընկերների խախտումը կամ դրա բացակայությունը պարզել»։

Արայիկ Պապիկյանն ասաց, որ հաշվի առնելով այն, որ ո՛չ դատական դեպարտամենտը, ո՛չ Փաստաբանների պալատը, ո՛չ որևէ այլ պատկան մարմին չի փորձել իրավական լուծում տալ խնդրին, փաստաբանները նախաձեռնեցին գործադուլ կազմակերպել. «Եթե չեմ սխալվում, արդեն 150-ից ավելի փաստաբան է միացել նախաձեռնությանը, և նախատեսում ենք սեպտեմբերի 13-ին գործադուլ հայտարարել։ Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ, թեև մեր հայտարարած գործադուլը ենթադրում է, որ մենք չենք ներկայանալու դատական նիստերին, բայց բոլոր այն դեպքերում, երբ մեր վստահորդի կամ մեր պաշտպանյալի շահերից կբխի, և նրանք ցանկություն կունենան, որ մեզնից որևէ մեկը համապատասխան իր այդ գործով մասնակցի դատական նիստին, բնականաբար, մենք չենք լքի մեր պաշտպանյալին կամ մեր վստահորդին»։

Փաստաբանը նկատեց՝ նախատեսում ենք այդ միջոցով հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը. «Թեև կարծում ենք՝ նրանք պետք է վաղուց ականջալուր լինեին և ավելի ուշադիր լինեին խնդիրներին։ Հուսով ենք, որ համապատասխան հետևություններ կկատարեն և հրատապ ձևով համապատասխան միջոցներ կձեռնարկեն խնդիրները վերացնելու ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս