Կառավարությունը գլուխը կազատի ևս 2 պոլիկլինիկայից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2017-20 թվականներին վաճառքի հանված պետական մասնակցություն ունեցող առողջապահական 10-ից ավելի հաստատությունների թվում են «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունները:

Երևանի երկաթուղու պոլիկլինիկան գտնվում է Երևանի Արցախի փողոց 8բ հասցեում, ստեղծվել է տրանսպորտի նախարարության 1998թ. հունիսի 29-ի որոշմամբ՝ «ՀՀ երկաթուղի» ՊՓԲԸ-ի «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով: Ընկերության կանոնադրական կապիտալը 10 միլիոն 500 հազար դրամ է, որը կազմում է 210 սովորական անվանական բաժնետոմս:

Իրականացնում է տրանսպորտի համակարգի աշխատողների բժշկական հետազոտում, ատամնաբուժական գործունեություն, կենցաղային սպասարկում, երկաթուղայինների բժշկական զննություններ, բժշկական փորձաքննություն և առողջական վիճակի գնահատում, ինչը կարևոր է ուղևորափոխադրման անվտանգության ապահովման տեսանկյունից: Կազմակերպությունը ֆինանսավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Պետությունը հատկացնում է կես միլիոն դրամից էլ պակաս պետպատվերի գումար:

Պոլիկլինիկայի տնօրեն Միսակ Նահապետյանը մամուլին ասել էր, որ մեկ տարի առաջ տեղյակ է եղել հնարավոր մասնավորեցման մասին, սակայն իր կարծիքը հաշվի չեն առել: Տնօրենն ինքն էր առաջարկել միավորել իրենց պոլիկլինիկան Ուսանողական պոլիկլինիկայի հետ։ Չստացվեց:

Պոլիկլինիկան աշխատում է վնասով: 2013 թվականին, օրինակ, վնասը կազմել է 379 հազար դրամ: 2015 թվականին վճարել է ընդամենը 14.062.6 հազար դրամ եկամտահարկ: Պոլիկլինիկայի մասնավորեցումն ուշագրավ է այնքանով, որ պետությունն առանց այդ էլ հաստատության վրա ներդրումներ գրեթե չի անում, ֆինանսական բեռը երկաթուղու ուսերին է: Իսկ Հարավկովկասյան երկաթւողին հատկացնում է ամսական 4 մլն դրամի կարգի գումար:

ՀՀ տրանսպորտային համակարգի մասին խոսելիս մշտապես կարևորվել է վարորդների առողջական վիճակին մշտական ուշադրությունը: Այս պոլիկլինիկան, որն զբաղվում է հենց համակարգի աշխատողների առողջությամբ, խիստ կարևոր օղակ կարող էր դառնալ: Սակայն կառավարությունը հիմնարկի «առողջացման» ամենաուղիղ ճանապարհը բռնեց՝ մասնավորեցում:

Մյուս առողջապահական հաստատությունը վաճառքի է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետարանը: Խոսքը «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասին է, որ գտնվում է Վարդենիս քաղաքի Երիտասարդության 15 հասցեում: Այս ընկերությունից կառավարությունը փորձում է ազատվել արդեն երկար ժամանակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս