«Առանց Հայաստանի «կողմ» ձայնի՝ որևէ նման որոշում չէր կարող ընդունվել». Ռոբերտ Հարությունյանը՝ ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցության մասին
Մեր զրուցակիցն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին անդամ (նախարար), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի հայտարարությունը, թե ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու առաջարկ են ստացել, երկու կերպ է մեկնաբանվում. քաղաքական առումով՝ այն առիթ կդառնա հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ տնտեսական առումով՝ թուրքական ապրանքների էքսպանսիայից կտուժեն հայ արտադրողները: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
– Երկու տեսանկյունից էլ, իհարկե, պետք է դիտարկել, փորձել վերլուծել և գնահատել իրավիճակը: Ինչո՞ւ: Նախ և առաջ, եթե իրոք պատկերացնենք, որ Թուրքիան ինչ-որ կերպ համագործակցում է ԵԱՏՄ-ի հետ, ակնհայտ է, որ դա չի կարող լինել՝ առանց սահմանների բացման, այսինքն՝ չի կարող Թուրքիան համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, իսկ մի անդամ պետության հետ չհամագործակցել կամ չունենալ ընդհանուր շուկա։ Այդ տեսանկյունից՝ սահմանի բացումը պետք է պայման լինի։ Եթե սահմանը բացենք, գիտեք, որ այդտեղ ունենալու ենք, մեր կարծիքով, լոգիստիկ նոր հնարավորություններ, ավելի էժան, մատչելի հասանելիություն՝ ոչ միայն թուրքական շուկային։ Կրկնեմ՝ այդ ամենը դեռևս ենթադրությունների մակարդակի վրա է, բայց եթե Թուրքիան միանալու է, ապա դա նշանակում է, որ մենք ունենալու ենք որոշակի առումով կամ ազատ առևտուր, կամ որոշակի այլ ձևաչափ, որի շրջանակներում մեր ապրանքները թուրքական շուկա կմտնեն ավելի հեշտությամբ։ Այսինքն՝ սա մի ուղղություն է, որ միանշանակ կարող է մեր տեսանկյունից, հատկապես այն ապրանքների մասով, որ ավելի մրցունակ են Հայաստանում, օգտվել ոչ միայն թուրքական շուկայից, այլև հետագայում ավելի մատչելի գնալ Եվրոպա։
Երկրորդ ուղղությունը, իհարկե, հասկանալի է, որ, եթե իրենք արդեն ներմուծում էին՝ ԵԱՏՄ ընդհանուր մաքսային օրենսդրությամբ սահմանված որոշակի մաքսատուրքեր վճարելով, ապա այս համաձայնագրի ստորագրումից հետո նրանք կազատվեն մաքսատուրքերից, և մենք կարող ենք խնդիրներ ունենալ։ Ընդ որում, ես այդ խնդիրները կտարանջատեի հետևյալ բովանդակությամբ. առաջինը՝ զուտ մեր շուկա մուտք կգործեն թուրքական ապրանքներ, մյուսը՝ մուտք կգործն ԵԱՏՄ շուկա՝ որպես մրցակից երկիր։ Օրինակ, եթե մենք խոսենք գյուղատնտեսական ապրանքների մասով, պարզ է, որ, եթե իրենք ազատ հնարավորություն ունենան մուտք գործելու ԵԱՏՄ շուկա կամ զուտ դեպի Ռուսաստան, ապա կձևավորեն որոշակի մրցակցություն, այդ թվում՝ հայկական ընկերությունների համար, որոնք իրենց արտադրանքն արտահանում են Ռուսաստան։
Բայց այս ամենը տեսական դաշտում է, որովհետև գործնականում ազատ առևտրի համաձայնագիրը կարող է ունենալ համապատասխան հոդվածներ, որտեղ ներառված ապրանքներն ազատվում են մաքսից, և համապատասխան ապրանքներ, որոնք չեն ազատվում։ Այդ իսկ պատճառով, հիմա դժվար է գնահատել, թե ինչ տեղի կունենա. շատ տեսական քննարկում կլինի և շաղկապված այդ վերլուծության հիման վրա, թե մենք, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ի՞նչ դիրքորոշում կունենանք այդ բանակցությունների ժամանակ։
– Առաջարկը Թուրքիային որտեղի՞ց է եղել, ԵԱՏՄ-ի՞ց։
– Այն, ինչ ես տեսել եմ կամ կարդացել, եղել է միայն Թուրքիայի հայտարարությունը, որ իրենք ունեն առաջարկություն, ինչի մասին Իզմիրում իրենց պաշտոնյան հայտարարեց, որ դիտարկում են համագործակցության հնարավորությունը, ստացել են նման առաջարկ։ Անձամբ իմ ունեցած տվյալներով՝ ես չեմ լսել, որ նման առաջարկ եղած լինի։ Դրա վերաբերյալ նույնիսկ չի եղել որևէ այլ անդամ երկրի պարզաբանում, մեկնաբանում կամ պատասխան։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը. դա ավելի շատ իրենց մեսիջն է, որ պատրա՞ստ են համագործակցելու։ Մի քիչ դժվար է գնահատել։ Բայց պաշտոնական որևէ առաջարկ, որքանով ես եմ տեղյակ, թուրքերին չի եղել։
– Եթե այդպիսի առաջարկ եղած լիներ, այն նախ և առաջ՝ պե՞տք է անդամ երկրների հետ համաձայնեցվեր։
– Այո, միանշանակ։ ԵԱՏՄ համաձայնագրով՝ միությունն է կնքում միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր երրորդ կողմերի հետ։ Բայց որպեսզի միությունը կնքի, դա նշանակում է, որ համապատասխան կառավարչական խողովակներով այդ բոլորը պետք է անցնի ու հաստատվի։ Այսինքն՝ հանձնաժողով, խորհուրդ և միջկառավարական կամ նախարարների մակարդակով խորհուրդ։ Առնվազն հանձնաժողովում և խորհրդում դա պետք է հնչեցված լինի, և որոշում կայացված լինի։ Իսկ խորհրդում, որտեղ անդամ երկրների փոխվարչապետներն են, որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Ուստի, առանց Հայաստանի «կողմ» ձայնի՝ որևէ նման որոշում չէր կարող ընդունվել։
– Հետևաբար՝ եթե ԵԱՏՄ-ից պաշտոնապես առաջարկ չի եղել, ինչո՞ւ ԵԱՏՄ-ի ղեկավարները, ներկայացուցիչները չեն հերքում, որ նման առաջարկ է եղել, ինչո՞ւ չեն արձագանքում։
– Դժվարանում եմ պատասխանել, բայց չեմ բացառում, որ կարող է՝ նույնիսկ տեղյակ չեն այդ հայտարարության մասին։
– Այս համատեքստում կարելի՞ է թուրք նախարարի հայտարարությունն ավելի շատ քաղաքական և Եվրոպային ուղղված քայլ որակել։
– Կարծում եմ՝ այո, դուք իրավացի եք, որ պետք է դրան այդ տեսանկյունից նայել, որ դա ավելի շատ քաղաքական բնույթ ունի, քան տնտեսական։
– Եթե, այնուամենայնիվ, հաստատվի, որ եղել է առաջարկ, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի։
– Այդ հարցը շատ խորը պետք է ուսումնասիրվի, կրկնեմ՝ այստեղ կան և՛ դրական, և՛ բացասական որոշակի ռիսկեր։ Պետք է գնահատել, և շատ կարևոր է, թե ինչպիսի բանակցություններ են վարվում։ Օրինակ, Վիետնամի հետ արդեն ունենք ազատ առևտրի համաձայնագիր, բայց դրանում ոչ բոլոր ապրանքներն ենք բացել ազատ առևտրի համար։ Կան որոշակի սահմանափակումներ, և դրանք պահպանվում են ու պաշտպանում անդամ երկրներին։ Այդ տեսանկյունից բազմաթիվ լուծումներ կարելի է գտնել՝ այդ իրավիճակից հնարավորինս շահեկան դուրս գալու համար։