«Արցախի խնդիրն ԱՄՆ-ի քաղաքականության համար դառնում է առանցքային գործոն». Ստյոպա Սաֆարյան

«Ռուսաստանն ու Թուրքիան մերձենում են. C-400 համալիրների մատակարարման վերաբերյալ արդեն համաձայնություն կա, ինչը չափազանց մտահոգիչ է ԱՄՆ-ի համար, և հենց առաջին իսկ պահին, երբ հայտարարվեց դրա հնարավորության մասին, Սպիտակ տունը դա համարեց տարածաշրջանում ապակայունացնող քայլ։ Հետևաբար՝ այս կտրվածքով՝ Արցախի խնդիրը և հայ-թուրքական կոնֆլիկտն առաջիկայում ԱՄՆ-ի համար լինելու են Թուրքիայի վրա ազդելու գործիքներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների բարդացումը ևս մերձեցնում է Ռուսաստանին և Թուրքիային. «ԵՄ-ն մշտապես խուսափել է լեգիտիմացնել Պուտինի եվրասիական պրոյեկտը։ 2013թ. սկսած Պուտինն առաջարկում է ԵՄ-ին՝ ինստիտուցիոնալ համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, որպեսզի օրինականացվի մայրցամաքի բաժանումը Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Եվրոպան, դա շատ լավ հասկանալով, մշտապես մերժել է և չի գնացել այդ քայլին։ Այժմ, Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների բարդացման խորապատկերին, Էրդողանը, լինելով արևմտյան բլոկում, բացահայտ ուժեղացնում է Պուտինի քաղաքականությունը և ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրում ԵՏՄ-ի հետ»։

Քաղաքագետը նկատում է՝ անգամ Իրանը մինչև այժմ տարբեր ձևերով ձգձգելով՝ խուսափել է ԵՏՄ-ի հետ ինստիտուցիոնալ համագործակցությունից. «Ասում են, թե բանակցում են, բայց Իրանը մշտապես նախընտրել է ԵՏՄ անդամ պետությունների հետ առանձին-առանձին երկկողմ համագործակցել։ Թուրքիան բացահայտ այլ նշան է տալիս, որ ինքն ուժեղացնում է ԵՏՄ-ի դիրքերը և Պուտինի քաղաքականությունը։ Հիմա ԱՄՆ-ը մտահոգվելու առիթ ունի, և ազդելու ձևերից մեկն արցախյան հիմնախնդիրն է, քանի որ հենց նույն ԵՏՄ-Թուրքիա հարաբերություններում արցախյան հարցն օրակարգում առկա է»։

Սաֆարյանը կարևորում է նաև քրդական գործոնը. «Եկեք՝ չթերագնահատենք և հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին մերձավորարևելյան տարածաշրջանում, մեզանից մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ, շատ կարևոր բան է տեղի ունենալու՝ քրդական ինքնավարության հանրաքվեն։

Անգամ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ֆորմալ կոչ արեց չանել այդ հանրաքվեն, բայց Բարզանին մնաց անհողդողդ։ Թուրքիայի ԱԳ նախարարն օրերս մեկնեց Բաղդադ, որ հասնի նրան, որպեսզի միացյալ ուժերով դա թույլ չտան, բայց հանրաքվեն ուժի մեջ է։ Քրդական խնդիրը ստիպում է Թուրքիային գալ Ռուսաստանի մոտ, որովհետև համարվում է, որ հայկական խնդրի լուծումը գտնվում է Պուտինի ձեռքերում, հետևաբար՝ այս բոլոր խնդիրներում Արցախի խնդիրը դառնում է առանցքային գործոն ԱՄՆ-ի քաղաքականության համար»։

Տեսանյութեր

Լրահոս