«Այլևս մոռացեք «զիջում» բառը, որովհետև Հայաստանը երբեք չի գնալու որևէ կարգի լուծման, եթե այն չբխի բացառապես հայկական կողմի շահերից». Գառնիկ Իսագուլյան
«Որևէ տարօրինակ բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ներկայացված՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի մասին:
Նա նկատեց, որ 1992 թվականից մինչև մեր օրերն արված հայտարարությունների մեջ միշտ կարելի է նկատել որոշակի օրինաչափություն. «Այդ օրինաչափության մեջ նաև տեղավորվում է այն հանգամանքը, որ, երբ ՀՀ նախագահը հանդիպում է ունենում համանախագահող երկրների ղեկավարների հետ, կամ, ընդհանրապես, որևէ հանդիպում է լինում, որի ընթացքում անպայման քննարկվելու է ԼՂՀ հիմնախնդիրը, ապա համանախագահող երկրների տարբեր ներկայացուցիչներ կամ էլ համատեղ հայտարարություն են անում:
Հոգլանդի վերջին հայտարարությունը, չի բացառվում, որ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ նախագահը Սոչիում պետք է հանդիպեր Վլադիմիր Պուտինի հետ: Դա հիշեցում է ամեն անգամ. համանախագահող երկրների ներկայացուցիչները փորձում են հիշեցնել, որ՝ այս հարցի քննարկման ժամանակ ի նկատի ունեցեք նաև մեզ և մեր տեսակետը, և հնչեցնում են ինչ-որ մի տեսակետ, որ ընդհանուր է, և, կարծում եմ՝ 1992 թվականից մինչև այսօր լուրջ փոփոխության չի ենթարկվել»:
Ըստ Գ. Իսագուլյանի՝ շատ ավելի լավ կլինի, որ մենք ուշադրություն դարձնենք մեր երկրի ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահի հայտարարություններին. «Դա այն է, որ խնդրի լուծման հիմնական ձևաչափը կարող է լինել նախևառաջ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Խնդրում եմ այլևս մոռանալ «զիջում» բառը, որովհետև Հայաստանը երբեք չի գնալու որևէ կարգի լուծման, եթե այն չբխի բացառապես հայկական կողմի շահերից, կամ դա չլինի Արցախի Հանրապետության որոշումը: Սրա մասին ՀՀ նախագահը բազմիցս ասել է, ու չեմ կարծում, որ պետք է այլ հայտարարությունների նկատմամբ այդքան կրքոտ լինենք ու փորձենք վտանգ տեսնել»:
Գ. Իսագուլյանի խոսքով՝ Արցախը շատ ակտիվ մասնակցում է բոլոր կարգի քննարկումներին. «Իհարկե, նա հնարավորություն ունի Հայաստանի միջոցով փոխանցել իր տեսակետները, բացի այդ, համանախագահները երբ այցելում են տարածաշրջան, անպայման լինում են Արցախում և նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներում այս հարցերը նույնպես քննարկում են»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: