«Մեզ համար միայն դրական է այն, որ ԱՄՆ-ը սկսել է ակտիվ զբաղվել Արցախի հարցով». Ստեփան Գրիգորյան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է գնահատում այն, որ ԱՄՆ-ը սկսել է ակտիվ զբաղվել Արցախի հարցով։
«Հայ հասարակության և քաղաքական ուժերի մեջ մի հարցում կոնսենսուս կա, ես նույնիսկ մարդ չեմ գտնում, որ այս հարցը քննարկի. եթե միայն Ռուսաստանը կարգավորի Արցախի հարցը, մենք կկորցնենք Արցախը։ Եվ շատ դրական է, որ ամերիկյան համանախագահն ակտիվ զբաղվում է Արցախի հարցով։ Ավելին, չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ հետո ամերիկյան նախաձեռնությունները կլինեն միակողմանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետը։
Գրիգորյանի խոսքով՝ վտանգ կա, որ Ռուսաստանն իր ուզած ձևով կլուծի Արցախի հարցը, դրա համար դրական է գնահատում ԱՄՆ-ի ակտիվացումը. «Ռուսաստանի խաղերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ մտնել-չմտնել ԵՏՄ, ես կապում եմ միայն Արցախի հարցի հետ։ Իրոք, դա շատ մեծ ցավ է Թուրքերի համար, որ Արցախի հարցը չի լուծվում՝ ի օգուտ Ադրբեջանի։ Եթե նախկինում Ադրբեջանը խաղեր էր տալիս՝ մտնել ԵՏՄ, թե ոչ, հիմա թուրքերը սկսեցին այդ խաղերը։ Եթե Ռուսաստանի հետ նրանք մի միության մեջ լինեն, դա Ռուսաստանի համար շատ կարևոր է, իրենք հասկանում են, և այդ խաղը գնում է»։
Քաղաքագետը նկատեց՝ ԱՄՆ-ը ասում է, որ, եթե ուզում ենք վերսկսել բանակցությունները, վստահության մթնոլորտը գլխավորն է. «Պետք է վստահություն ձեռք բերենք, դիպուկահարների հարցը լուծենք։ Քանի որ նրանք այդ շեշտադրումն արեցին, Զախարովան ստիպված էր կրկնել, որ, այո, դա կարևոր է»։
Թե ինչի հետ է կապված, որ ամերիկացիները մադրիդյան սկզբունքային քայլերից ավելի կոնկրետ տարբերակ բերեցին, մինչդեռ մի շաբաթ առաջ նրանք ասում էին, որ կարևորը վստահության մթնոլորտն է, քաղաքագետը բացատրում է նրանով, որ դա ԱՄՆ-ի կողմից թեստի անցկացում էր. «Իրենք ուզում են արձագանքները լսել, հասկանալ, ու ամենակարևորը՝ ԱՄՆ-ը ասում է՝ ադրբեջանցիներ, դուք ասում եք՝ զորքերի դուրսբերում, նոր խոսում ենք, իսկ մենք ասում ենք՝ կան մադրիդյան քայլեր, որոնք պարունակում են ամեն ինչ՝ և՛ Արցախի ստատուսի ֆիքսում, և՛ զորքերի դուրսբերում, և՛ այլ հարցեր։ Դա շատ կարևոր ու դրական է մեզ համար։ Շատերը չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, գիտեն, թե բանակցություններ են. ոչ մի բանակցություն չկա, վերջին 4 տարվա ընթացքում ամեն հանդիպման ժամանակ կամ Մամեդյարովը, կամ Ալիևն ասում են՝ զորքերը դուրս բերեք, հետո լուծենք Արցախի հարցը։ Իսկ ամերիկացիները եկան ասելու՝ մադրիդյան սկզբունքներում ամեն ինչ կա։ Դա դրական է մեզ համար»։
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հոգլանդը շատ կարևոր մի բան էլ նշեց, որ Արցախի կոնֆլիկտը մյուս կոնֆլիկտներից տարբերվում է, այդ կոնֆլիկտն այսօրվա կոնֆլիկտ չէ, ինչ-որ տարածքային վեճ չէ. «Խոսքն այն մասին է, որ ամերիկացիները ռեալ հիշեցրին՝ ինքնորոշման սկզբունքը կա։ Ամերիկյան դիրքորոշումը շատ օբյեկտիվ է ու համապատասխանում է նաև մեր շահերին։ Այստեղ է, որ գլխավոր նպատակն այն է, որ այստեղ միայն տարածքների խնդիր չէ, և երկրորդ շանս տալ, որ նյույորքյան հանդիպումը չտապալվի»։
Իսկ Ամերիկայի ակտիվությունը, ըստ նրա՝ կապված է ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի հետ. «Հանրապետականները միշտ ակտիվ են արտաքին քաղաքականության ոլորտում։ Մեզ համար դա ձեռնտու է, որ իրենք ուզում են նաև ակտիվ աշխատել մեր տարածաշրջանում»։