Ի՞նչ էր փորձում հետախուզել Հոգլանդը. պարզաբանում է Ստյոպա Սաֆարյանը
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ որևէ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, այնքան միամիտ չէ, որ մտածի, թե արցախյան հարցի կարգավորումը մոտ է և խոսի այս կամ այն տարբերակի իրատեսության մասին։ Հետևաբար, Հոգլանդի հրապարակած 6 կետերը, ըստ քաղաքագետի՝ այլ նպատակ էին հետապնդում։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նախ ուշադրություն հրավիրեց Հոգլանդի հայտարարության հետ կապված երեք կարևոր առանձնահատկության վրա. «Նախ՝ առաջինը, որ պաշտոնական Երևանը շատ զարմանալի արագությամբ արձագանքեց՝ ԱԳՆ մակարդակով։ Մասնավորապես այն, որ Հոգլանդի հրապարակած դետալները որևէ կերպ վտանգավոր չեն Հայաստանի համար։ Որից հետո հայաստանյան լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հանկարծ ՀՀ ԱԳ նախարարն անճշտություններ է տեսնում Հոգլանդի տեքստում և խոսում դրանցից։ Ակնարկներից մեկը վերաբերում է նրան, որ հրապարակումն ամբողջական չէ և դրանում բացակայում են այն երեք հիմնարար սկզբունքները, որոնք մշտապես թվարկված են եղել համանախագահ երեք երկրների նախագահների արած 5 հայտարարություններում։ Տարածքների ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասարության, ուժի չկիրառման մասին է խոսքը։ Երրորդն այն է, որ Հոգլանդն իրականում տեքստային առումով նոր բան չի հրապարակել։ Հետևաբար, հարց է ծագում՝ ի՞նչ էր տեղի ունենում»։
Կատարվածը, ըստ Սաֆարյանի՝ վերաբերում էր այդ նույն շրջանում Սոչիում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը. «Այդ հանդիպման օրակարգի հարցերի մեջ մտնում էր նաև արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը։ Դրանից մեկ ամիս առաջ Պուտինը հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է ԱԳ նախարարների հանդիպում։ Կան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի չկատարված պարտավորություններ, և ակնհայտորեն Ռուսաստանը կցանկանա, որպեսզի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը այդ հանդիպման շրջանակներում շարունակեն սանկտպետերբուրգյան գիծը, բայց ոչ՝ ԱՄՆ հովանու ներքո կազմակերպված Վիեննայի պայմանավորվածությունների գիծն ու դրա առաջնայնությունները»։
Հայտարարության երկրորդ պատճառը, նրա խոսքով՝ այն է, որ Սերժ Սարգսյանն ու Պուտինը պետք է քննարկեին ԵՏՄ հարցերը, իսկ վերջին շրջանի կարևորագույն իրադարձություններից մեկը, ըստ Սաֆարյանի՝ Թուրքիայի նախարարի կողմից արված հայտարարությունն էր՝ Թուրքիայի և ԵՏՄ-ի միջև ստորագրվելիք ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ. «Հայաստանը ԱԳ փոխնախարարի շուրթերով արդեն իսկ արձագանքել էր, ակնարկել էր սահմանի փակ լինելու հանգամանքը, և, եթե այս խնդիրը կենսականորեն կարևոր էր Թուրքիայի և Ռուսաստանի համար, ապա, բնականաբար, Հայաստանի դիրքորոշումը չէր կարող Ռուսաստանին չմտահոգել, եթե դա խոչընդոտ էր հանդիսանալու։ Կամ հակառակը՝ միգուցե Ռուսաստանին պետք է Հայաստանի միջոցով ծանրացնել Թուրքիայի հետ ստորագրվելիք պայմանագիրը։ Սա մի հարց է, որի միարժեք պատասխանը ես էլ չունեմ։ Եվ ահա այս կտրվածքով՝ քանի որ նախորդ տարվա օգոստոսին սկսվեց ռուս-թուրքական հաշտեցումը, Էրդողանի և Պուտինի պայմանավորվածությունների մեջ մշտապես եղել է արցախյան հարցի էլեմենտը, իսկ այս տեսանկյունից Բաքու-Անկարա-Մոսկվա եռանկյունին գործում է՝ ի վնաս Հայաստանի, եկեք հասկանանք վերջապես՝ ինչ է հետախուզել Հոգլանդը՝ հրապարակելով, ինչպես Նալբանդյանն է ձևակերպել՝ մի փոքր անճշտություններով և բացթողումներով հայտարարություն»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարի եզրակացությունն այն է, որ ԱՄՆ-ը, որը բնականաբար, չէր կարող 100 տոկոսով տեղյակ լինել Պուտին-Սարգսյան առանձնազրույցից, փորձում էր հասկանալ՝ արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումներում տեղի են ունեցել փոփոխություններ, և արդյո՞ք Հայաստանը նորից մտնում է մի պրոցեսի մեջ, որը բերեց հայտնի արդյունքներին։
«Ահա ես այդպես եմ բացատրում այդ փոքրիկ խորամանկությունը, որ արված էր Հոգլանդի տեքստում՝ մի փոքր անճշտություններ թողնելով և ինչ-որ չափով մոտեցնելով կազանյան փաստաթղթին, բայց նաև հիշեցնելով, որ հարցը պետք է լուծվի համապարփակ, իսկ վերջին կետում հիշեցրել էր, որ խաղաղապահները պետք է լինեն միջազգային, այլ ոչ՝ ռուսական։ Սա էր հետախուզման նպատակներից մեկը և իրականում հասկացնելու, որ կազանյան փաստաթուղթը պետք է մոռացության մատնվի։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն տարբերակներից մեկը մեկընդմիշտ կազանյան փաստաթուղթն արխիվ ուղարկելն է»։