«Առանց Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելու՝ նման բան տեղի չի ունենա». քաղաքագետ
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը շատ կարևոր էր։ Երկու երկրների նախագահներն ընդգծեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության կարևորությունը, ռազմավարական դաշնակցությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ կան մեծ ու փոքր կոնֆլիկտներ. «Այստեղ իրավիճակը խաղաղ չէ, բայց իրավիճակը խաղաղ չէ նաև ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հարթ չեն, և այս ամենի ֆոնին կարևոր է մեր երկու երկրների միությունը՝ ընդդեմ արտաքին մարտահրավերների»։
Ըստ Սաֆարյանի՝ հանդիպման ընդհանուր ֆոնը հուսադրող էր. «Անհրաժեշտ է պարզապես ընդգծել, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, և այդ մակարդակը հնարավորություն է տալիս սրտացավորեն քննարկել բոլոր մեծ ու փոքր հարցերը, որոնք տեղ ունեն երկկողմ հարաբերություններում»։
Մոսկվայից ասուլիսին տեսազանգով միացած քաղաքագետ Արմեն Գասպարյանն էլ ընդգծեց՝ չափազանց կարևոր էր այն, որ հանդիպումը կայացավ, որովհետև, ըստ նրա՝ մի շարք շահարկումներ եղան՝ հատկապես արևմտյան մամուլում, թե հայ-ռուսական հարաբերությունները հարթ չեն, դրանք զգալիորեն վատացել են. «Ակնարկներ կային այն մասին, որ Ռուսաստանը որոշել է վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, և երեկ բոլոր հետաքրքրված կողմերի համար ակնհայտ դարձավ, որ դա իրականությանը չի համապատասխանում, որ այդ երկրները կապված են իրար հետ»։
Ըստ քաղաքագետի՝ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ռազմաքաղաքական, տնտեսական ուղղություններով, իսկ մշակութային ուղղությունն աչքաթող է արվում, ինչը, նրա խոսքով՝ խնդիր է. «Ես փակուղու առաջ եմ կանգնում ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե ինչու են երկու երկրների միջև քիչ տեղի ունենում մշակութային միջոցառումներ»։
Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին խոսակցություններին, քաղաքագետն ասաց, որ դա արևմտյան լրատվամիջոցների հերթական շահարկումն էր՝ ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպմանն ընդառաջ. «Թուրքիայի անդամակցումը ԵՏՄ-ին բարդ է պատկերացնել։ Նման դեպքում ԵՏՄ անդամ բոլոր երկրների միջև պետք է խորհրդակցություն տեղի ունենա, հատկապես՝ Հայաստանի հետ, որովհետև բոլորս հրաշալի պատկերացնում ենք, թե ինչպիսին են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Բացի այդ՝ վերջին շրջանում տեսանք, թե ինչ հարաբերությունների մեջ է Թուրքիան Եվրոպայի հետ։ Նա այդպիսով ցանկանում էր ցույց տալ, որ, եթե իրենց չեն ցանկանում ընդունել ԵՄ-ում, ապա նրանք կվերցնեն եվրասիական ուղղությունը։
Թուրքիան մշտապես քաղաքական երկակի քայլերով է շարժվում։ Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես է Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին համատեղվելու Էրդողանի՝ նոր Աթաթուրք դառնալու ցանկության հետ, որովհետև դրանք լրիվ տարբեր հարթություններ են։ Բայց, ամեն դեպքում, առանց Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելու՝ նման բան տեղի չի ունենա։ Հետևաբար, պետք չէ դա շահարկել, հատկապես, երբ գրում են, թե Պուտինը Սարգսյանին կանչել է Սոչի, որպեսզի հաղորդի, թե Թուրքիան մտնում է ԵՏՄ։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»։