
Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ի երկրներին հորդորել է թվային ստանդարտները համատեղել Չինաստանի հետ

Եվրասիական տնտեսական միության պետությունները պետք է Չինաստանի հետ համաձայնության գան թվային տնտեսության ստանդարտների համատեղման շուրջ: Այս տեսակետը օգոստոսի 24-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Աստանայում ելույթ ունենալով «Եվրասիական շաբաթ» համաժողովում:
«Այսօր արդեն ակներև է, որ մենք Չինաստանի հետ պետք է խոսենք թվային համատեղելիության շուրջ, որովհետև բոլոր ապրանքների, ծառայությունների ու կապիտալի տարանցումն իրականացվում է թվային հարթակների հիման վրա»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Չինաստանն արդեն Եվրամիության հետ ինտենսիվ բանակցություններ է սկսել թվային ստանդարտների համատեղման շուրջ: «Եթե նրանք համաձայնության չգան, դա շատ լուրջ խոչընդոտ կլինի Մետաքսի ճանապարհի նախագծի իրագործման համար: Նույնն է նաև մեզ համար, եթե մենք այժմ Չինաստանի հետ համաձայնության չգանք թվային տնտեսության ստանդարտների շուրջ, ապա դա շատ լուրջ խոչընդոտ կլինի մեր օրակարգի իրագործման համար, այդ թվում՝ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման առումով», -ասել է ԵԱՏՀ-ի նախագահը:
Ինչպես նշել Է Սարգսյանը, ԵԱՏՄ-ի երկրներին նույնպես հարկավոր է համաձայնեցնել իրենց թվային օրակարգները տնտեսության բնագավառում:
«Հարց է առաջանում՝ եթե յուրաքանչյուր երկիր առանձնաբար իրականացնի իր թվային օրակարգը, դա չի բերի արդյոք այն բանին, որ ապագայում մենք կունենանք նոր խոչընդոտ: Դա նշանակում է, որ ի սկզբանե մենք պետք է համաձայնության գանք, թե ինչպես ենք համաձայնեցնելու մեր թվային օրակարգերը, ինչ ստանդարտներ ենք կիրառելու, ապահովում են արդյոք մեր թվային օրակարգերը փոխադարձ ընթեռնելիությունը, համատեղելիությունը»,- ընդգծել է ԵԱՀՏ-ի ղեկավարը: Նրա կարծիքով՝ եթե այդ հարցում կոորդինացում չլինի ԵԱՏՀ-ի երկրների միջև, ապա ընդհանուր շուկաներ ձևավորելիս կհայտնվեն նոր խոչընդոտներ, և բիզնեսին հարմարավետ չի լինի աշխատել նման պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: