«Միջազգային հանրության վերաբերմունքը և 1991 թվականից այս կողմ ընդունված որոշումներն են հիմք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության». Մանվել Սարգսյանը՝ Հոգլանդի ներկայացրած կետերի մասին
«Որևէ նոր բան չկար՝ համեմատած այն սկզբունքների հետ, որ գոյություն ունեին նախկինում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ խոսելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ներկայացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի մասին: Հիշեցնենք, որ դեսպան Հոգլանդն ընթերցեց այդ կետերը Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցկացված հանդիպման ընթացքում:
Մ. Սարգսյանի կարծիքով՝ այդ կետերը ևս մեկ անգամ նշվեցին, երևի, որովհետև ամերիկյան համանախագահողների փոփոխություն պետք է լինի, և Հոգլանդն ինքը մանրամասն ներկայացրեց այդ նույն սկզբունքները. «Ես ընդհանրապես որևէ տարբերություն չեմ տեսնում, արդեն տարիներ շարունակ նույն սկզբունքներն էին: Մի բան, որի մասին քիչ էր խոսվում, բայց էական է. 2007 թվականի, այսպես կոչված, Մադրիդյան տարբերակում հստակեցվել են իրավունքները՝ կապված ստատուսի հետ, Հայաստանը և Ադրբեջանը պետք է համաձայնության գան, որ Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ: Այդ նույն բանը Հոգլանդն ուղղակի հստակեցրեց, մնացած կետերը որևէ փոփոխության չէին ենթարկված»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ շատ էական կետ է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված սկզբունքը. «Քանի որ մինչև 2007-ը չէին ճանաչում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ասում էին, որ Մինսկի խմբի 13 երկրները պետք է որոշեն՝ այդ տարածքում այդ ժողովուրդն ինչ ստատուս ունի, բայց ինչ-որ պահից հետո եկավ պահ, երբ ասացին՝ ոչ, ոչ ոք իրավունք չունի, իրենք պետք է ուղղակի ճանաչեն այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դա շատ ֆունդամենտալ խնդիր է, որ Հայաստանում ամեն կերպ փորձում են թաքցնել կամ արհամարհել, մանավանդ նախկին իշխանությունների կողմնակիցներն ամեն կերպ փորձում էին ասել, որ դա էական բան չէ, և այլն, բայց դա, փաստորեն, լրջագույն փոփոխություն է: Այն հանգամանքը, որ Հոգլանդն առաջին կետում նորից ընդգծում է, որ սա է խնդիրը, մնացածն արդեն ածանցյալ են, դրա հետ է կապված, մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան: Իհարկե, կարևոր է նաև, թե ինչ պայմաններով է Արցախի ժողովուրդն իրավունք ստանում՝ գնալ անկախության, պայմանները ոչ մեկին չեն համոզում: Ադրբեջանը երբևէ 25 տարվա մեջ բերանից չի թռցրել, որ նա ճանաչում է որևէ մեկի իրավունքն այդ տարածքի վրա, հիմա էլ էլի վեր կկենան՝ կասեն, որ խնդիրն ունի մի լուծում՝ «այդ տարածքները տվեք մեզ, չեք տալիս՝ մենք ռազմական ուժով կվերցնենք»: Եթե մեր դիվանակգիտությունը, ղեկավարությունը փորձում են մեզ համոզել, որ Ադրբեջանը լուրջ քննարկում է այդ խնդիրը, դա քաղաքական բլեֆ է»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ այդ համատեքստում ի՞նչ կարելի է ակնկալել աշնանը կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից կամ, առհասարակ, բանակցային գործընթացից, եթե սկզբունքներն անընդհատ նույնն են մնում, Մ. Սարգսյանն այսպես պատասանեց. «Ոչ մի բան, ինչպե՞ս կարելի է ցուցաբերել մոտեցում, որը հիմք է դառնում Ադրբեջանի ագրեսիայի: Միջազգային հանրության վերաբերմունքը և 1991 թվականից այս կողմ ընդունված որոշումներն են հիմք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Այստեղ խնդիրն Ադրբեջանը չէ, եթե միջազգային հանրությունը չճանաչի Ադրբեջանի ագրեսիան, ոչինչ չի փոխվի: Ի՞նչ կարելի է սպասել, եթե որևէ բան չի փոխվում»: