«Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով խողովակաշարը Գրիմ եղբայրների հեքիաթ է». Եվգենի Սատանովսկի
Մեր զրուցակիցն է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Եվգենի Սատանովսկին
– Պարոն Սատանովսկի, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, թե առաջարկ կա, որ Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Հավանակա՞ն է, որ այդ համաձայնագիրը կստորագրվի։
– Ես երբեք կանխատեսումներ չեմ անում, իսկ կկնքվի՞ այդ համաձայնագիրը, թե՞ ոչ, ենթադրում է գուշակություն 0-100% դիապազոնում։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։
– Հնարավո՞ր է, որ այդ հայտարարությունն արվել է Արևմուտքի հետ առևտուր սկսելու նպատակով։
– Ես չգիտեմ, թե ինչ նպատակով է արվել այդ հայտարարությունը։ Որևէ հստակ պատասխան տալու համար պետք է իմանալ, թե ինչ է կատարվում տվյալ մարդու գլխում, կամ ունենալ հստակ տեղեկատվություն։ Ես այդ թեմային չեմ հետևել, ավելի կարևոր գործեր ունեմ։ Քաղաքական գործիչների հայտարարություններն ինձ հետաքրքիր չեն, դա ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ։ Դա ինչ-որ աղմկոտ փրփուր է, որի համար ես ավելորդ ժամանակ չունեմ։ Եթե այդ համաձայնագիրը երբևէ ստորագրվի, այդ ժամանակ կարելի է խոսել։
– Հայաստանը և Իրանը խորացնում են համագործակցությունն էներգետիկ ոլորտում: Սերժ Սարգսյանի Իրան այցի ժամանակ առաջարկվել է 2-2.5 անգամ մեծացնել ներկրվող իրանական գազի ծավալը: Ձեր կարծիքով՝ իրանական գազը կարո՞ղ է Հայաստանի համար այլընտրանք դառնալ ռուսական գազին:
– Ոչ, չի կարող։ Բավական է նայել, թե ինչպես է Իրանը նույն գազն արտահանում Թուրքիա, և որքանով է դա խաթարվում, ձմռան շրջանում, երբ ավելի մեծ ծավալի գազ է հարկավոր, ինչ խափանումներ են առաջանում Իրանում, որպեսզի հասկանալի լինի, որ հետխորհրդային շրջանի երկրների համար ռուսական գազին որևէ այլընտրանք չի կարող լինել։ Գուցե՝ ցավոք, բայց այդպիսին է կյանքը։ Այսինքն՝ որևէ մեկի համար, որ չի վարել Մերսեդես, Զապորոժեցը նույնպես լավ մեքենա է, և այդ տեսանկյունից շատերի համար և՛ ռուսականն է գազ, և՛ իրանականը, բայց նրանք հաշվի չեն առնում, թե ինչպես է աշխատում «Գազպրոմը», և ինչպես է աշխատում իրանական գազային համակարգը, ինչպիսի ներդրումներ են այնտեղ հարկավոր։ Ծրագրերն ու ցանկությունները պետք է մի կողմ թողնել։ Իրականությունն այն է, որ Հայաստանը միշտ Ռուսաստանից կստանա այնքան գազ, որքան հարկավոր է իրեն։ Իսկ թե որքան գազ Հայաստանը, դիվերսիֆիկացնելով շուկաները, կստանա այլ մատակարարներից, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
– Իսկ իրատեսական համարո՞ւմ եք իրանական գազի տարանցումը Եվրոպա Հայաստանի ու Վրաստանի տարածքով։
– Ասեք խնդրեմ, թե Հայաստանի ո՞ր սահմանն է համընկնում Եվրամիության սահմանի հետ, կա՞ ընդհանուր սահման։ Չկա։ Իսկ Վրաստանի տարածքով տարանցումն անիմաստ է անգամ քննարկել։ Վրաստանի և Հայաստանի հարաբերություններն այդպիսին չեն։ Բացի դա, արդյոք Վրաստանը սահման ունի՞ ԵՄ-ի հետ։
– Ըստ նախագծի՝ խողովակաշարը պետք է անցնի Սև ծովով և հասնի Բուլղարիա։
– Դե, եթե դուք վճարեք խողովակաշարի կառուցման համար, գուցե հնարավոր լինի։ Բայց ո՛չ Վրաստանն այդ գումարներն ունի, ո՛չ էլ Հայաստանը։ Դրա համար պետք չէ քննարկել այդ բոլոր հեքիաթները։ Առավել իրատեսական է «Նաբուկո» նախագիծը։ Թե ինչո՞ւ ենք մենք քննարկում անպատասխանատու մարդկանց դատարկախոսությունները կամ խորամանկ քաղաքական գործիչների հնարքները, որոնք շատ լավ գիտեն, թե ինչի համար են այդ մասին խոսում, որպեսզի դրա արդյունքում հետագայում առավել շահավետ ձևով բանակցեն «Գազպրոմի» հետ։ Միշտ է այդպես՝ գեղեցկուհուն սիրահետելու համար նախ պետք է ցուցադրական սիրահետել նրա ընկերուհուն, և այդ դեպքում գուցե նաև գեղեցկուհին համաձայնի։ Իսկ ընդհանրապես, ոչ մի իրատեսություն դրա ետևում չկա, ուղղակի օդ է։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը միանգամայն իրատեսական է, իսկ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով խողովակաշարը Գրիմ եղբայրների հեքիաթ է։ Դա չի կարելի լուրջ քննարկել։