«Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայում հայտարարում էր, որ ինքը դեմ է անկախությանը». Պարույր Հայրիկյան
«Որևէ ազգ, եթե անկախ չէ, ուրեմն՝ լիարժեք կյանքով չի ապրում, հետևաբար, նույնիսկ, եթե դա ամբողջական չէ, անկախությունն ամենակարևոր բանն է ազգի համար։ Անկախության հռչակագիրը փոխեց հենց պետական համակարգում գտնվող մարդկանց մտայնությունն անկախության գաղափարի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրի ընդունումից ամիսներ առաջ պետական պաշտոններ զբաղեցնող մարդիկ նույնիսկ միջազգային ատյաններում ասում էին, որ իրենք դեմ են անկախությանը.
«Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայում հայտարարում էր, որ ինքը դեմ է անկախությանը, և «Լե Մոնդ» թերթը տպագրում է Հայաստանի շարժման «առաջնորդի» հայտարարությունը, որ ինքը դեմ է։ Բայց եթե ժողովուրդն ուզի՝ կհամակերպվի։ Սովետական Միության բոլոր ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ամենապատրաստվածն էր անկախության և ժողովրդավարության համար»,- ասաց նա։
Ըստ Հայրիկյանի՝ անկախություն նշանակում է՝ մահ կայսրությանը.
«Կայսրություն՝ նշանակում է՝ կայսրությունն է որոշում ամեն բան, իսկ ինքնորոշումը նշանակում է, որ դու ես որոշում։ 1987թ. հայ ժողովուրդը ստեղծեց ԱԻՄ-ը։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Մերձբալթյան երկրներում չէին շտապում, որովհետև ուզում էին տեսնել, թե հայ ժողովրդի և Կրեմլի պայքարն ինչով կավարտվի։ Հետագայում արցախյան շարժումն ասպարեզ իջավ, որը հաճախ վկայակոչում են բոլոր քաղաքական տհասները՝ որպես հայ ժողովրդի ազգային զարթոնքի մեկնարկ, բայց այն սկիզբ առավ շնորհիվ այն բանի, որ Հայաստանում արդեն հայ ժողովուրդը ստեղծել էր ԱԻՄ-ը, որը կայսրության համար ամենասարսափելին էր»։
Ըստ նրա՝ պատահական չէ, որ Կրեմլը հատկապես դաժան գտնվեց հայ ժողովրդի նկատմամբ. «Եղավ նախ՝ Սումգայիթը, հետո՝ մյուս ջարդերը. նրանք վրեժ էին լուծում։ Հետո եղավ երկրաշարժը, իսկ դրանից հետո մյուս հարվածը Հայաստանի նախագահներն էին. նույն տարերային աղետը, դեռ մի բան էլ ավելի։ Այդ ամենը կազմակերպել էր Կրեմլը և շարունակում է կազմակերպել առ այսօր»։
Անկախության հռչակագրի բովանդակության կեսը, ըստ Հայրիկյանի՝ վերցված է հայ ժողովրդի՝ նախկինում ստեղծած փաստաթղթերից. «Որոշ տեքստեր նույնիսկ տառացիորեն են համապատասխանում ԱՄԿ փաստաթղթերին։ Բայց հռչակագրի ընդունումից հետո դա դարձավ բոլորի սեփականությունը։ Անկախության հռչակագրին կողմ քվեարկած պատգամավորների մեծ մասը պատրաստ չէր իրենց իսկ ընդունած դրույթները կյանքի կոչելու։ Տեսեք՝ մեր վերջին նախագահն ինչ է անում. ժողովրդի կողմից նախագահ ընտրելու իրավունքը վերացրեց, որ ինքն ու թայֆի տղերքն ընտրեն։ Այնուամենայնիվ, Անկախության հռչակագրի ընդունումը կարևոր իրադարձություն էր և պետք է ըստ արժանվույն նշվի»։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21-ին՝ Հայրիկյանը նշեց, որ այն ընդամենը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված որոշման վավերացումն է ժողովրդի կողմից. «Ապուշ են ու սրիկա բոլոր նրանք, ովքեր այդ օրը կոչում են Անկախության օր։ Հայ ժողովուրդն անկախություն միշտ է ունեցել, իսկ սեպտեմբերի 21-ը ժողովրդի ինքնորոշման օրն էր»։
Ասուլիսի վերջում Հայրիկյանը ներկայացրեց իր գրած բանաստեղծություններն ու դրանց ստեղծման պատմությունները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում