Ինչպիսի՞ խնդիրներ ունեն Շիրակի մարզի գործարարները
«Լենտեքս» ընկերությունը խոստանում է 100 նոր աշխատատեղ բացել Գյումրիում
ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ում արդյունաբերությունն անկում ապրեց: Մի շարք ձեռնարկություններ հիմնահատակ թալանվեցին, դրանց մի մասը շատ ցածր գներով մասնավորեցվեց, սակայն շատերն այդպես էլ չաշխատեցին:
Այսօր արդեն նույնիսկ Շիրակի մարզում նախկին հզորությամբ արդյունաբերությունը վերականգնելն անհնար է: Ժամանակին ողջ հանրապետությունում ունեցել ենք դիվերսիֆիկացված արդյունաբերություն, որն այժմ բացակայում է:
Մենք չունենք գորգերի, կոշիկի, արդուկի գործարան, մանվածքային ֆաբրիկայի սարքավորումներն էլ, ըստ գյումրեցիների մեջ տարածված խոսակցությունների, թալանվել են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր կողմից: Դրա ադմինիստրատիվ շենքն այժմ բնակարան է:
Հիմա մեծ մասշտաբի արտադրական հզորություններ չկան ո´չ Շիրակի մարզում, ո´չ էլ Գյումրիում, բացառությամբ՝ Ախուրյանի շաքարի և «Գյումրի-Գարեջուր» գործարանի: «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը հիմնադրվել է 1970 թվականին, ՀՀ խոշորագույն գարեջուր արտադրողներից մեկն է: Գործարանի նախագահը Միսակ Բալասանյանն է, տնօրենը՝ Արշալույս Սանոյանը: 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործարանի սեփական կապիտալն ու պարտավորությունները կազմել է 1.312.658 դրամ: Ապրանքների, արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների իրացումից ստացված գումարը կազմել է 1.692.885 դրամ: Այս ցուցանիշն ավելի փոքր թիվ է կազմել, քան 2011 թվականին՝ 1.807.199 դրամ:
Վերջինիս մրցակից է Երևանի «Կիլիկիա» գարեջրի գործարանը, որի գարեջրի հումքի պատրաստման արտադրամասը Գյումրիում է գործում:
Գործարանը հիմնադրվել է 1952 թվականին, իսկ 1997 թվականին վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության: Ձեռնարկությունում շշալցվում է «Լուզինյան» հանքային ջուր, արտադրվում գարեջրի՝ 12, բնական հյութերի ու նեկտարների՝ 10, զովացուցիչ ըմպելիքների՝ 13 տեսակ: Ընկերության արտադրանքն արտահանվում է Ավստրալիա, Կանադա, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Վրաստան, Մալազիա, Մյանմա, Լեհաստան, Սինգապուր, Իսպանիա, Ուկրաինա, Թուրքմենստան, ԱՄՆ:
2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործարանի ապրանքների, արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների իրացումից գոյացած գումարը կազմել է 4.579.274 դրամ, որը 2.7 անգամ կամ 36,96 %-ով կամ 2.886.389 դրամով ավելի է, քան նույն ժամանակահատվածի համար «Գյումրի-Գարեջուր» գործարանից գոյացած գումարը: Այս ցուցանիշն ինքնին խոսում է այն մասին, որ «Կիլիկիա» գարեջրի գործարանն ավելացրել է իր արտադրանքի սպառման ծավալները: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Կիլիկիա» գարեջրի գործարանը, բացի գարեջրից, արտադրում է նաև բնական հյութեր և նեկտարներ, զովացուցիչ ըմպելիքներ, ուստի իր արտադրանքի սպառման ծավալների ավելացումը նաև այս հանգամանքով է պայմանավորված:
Դեռևս 2012 թվականին խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքում, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության, ի թիվս այլ խոշոր արտադրական ձեռնարկությունների, բացասական աուդիտորական եզրակացություն ստացավ նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերությունը։ Նշենք որ այս գործարանն աշխատում է ընդմիջումներով՝ տարվա որոշակի շրջանում: Իսկ աուդիտորը բացասական կարծիք է ձևավորում այն դեպքում, երբ հիմնվելով ձեռք բերված համապատասխան աուդիտորական ապացույցների վրա, եզրակացնում է, որ ֆինանսական հաշվետվությունների մեջ խեղաթյուրումներն համատարած են:
Արդյունաբերության ինչպիսի՞ ճյուղեր են զարգացած Շիրակի մարզում
Ի տարբերություն ԽՍՀՄ-ի, որն իր կազմում ընդգրկում էր մի քանի հանրապետություն՝ հնարավորություն ընձեռելով ՀԽՍՀ-ում արտադրվող շատ ապրանքներ սպառել այդ հանրապետություններում, այժմ նախկին սպառման շուկան բացակայում է, իսկ ապրանքի արտահանումը Ռուսաստան, հատկապես՝ եվրոպական երկրներ, համապատասխան որակ և ֆինանսական ներդրումներ է պահանջում:
Չնայած մարզային իշխանություններն առաջին անգամ չէ, որ խոսում են մարզում տնտեսության աշխուժացման անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, բացի տրիկոտաժեղենի փոքր չափերով արտադրությունից, այստեղ արտադրության այլ ճյուղերի զարգացում հիմնականում չի նկատվում, փոքր ու միջին ձեռներեցությունն էլ որոշ չափով զարգանում է վարկային ներդրումների շնորհիվ:
Շիրակի մարզի արդյունաբերությունը զարգանալու ինչպիսի՞ հնարավորություններ ունի. տնտեսագետ Կարեն Ավագյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ 10-11 տարի առաջ ներդրումներ իրականացնելու տեսանկյունից մենք ավելի գրավիչ էինք, սակայն այժմ Հայաստանը, այդ թվում՝ Շիրակի մարզը, ներդրումների համար վաղուց գրավիչ չէ.
«Վարչահրամայական համակարգը բիզնեսին, խոշոր ներդրումներին հակացուցված է, մոնոպոլիաները ներդրումներ կատարողների մոտ միայն վախ կարող են առաջացնել»,- ասաց նա:
Նշենք, որ նախկինում Շիրակի մարզում գործել են թվով 72 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տարեկան թողարկել են 1 միլիարդ 300 միլիոն ռուբլու արտադրանք: Արդյունաբերության ոլորտում աշխատել է մոտ 54 հազար մարդ, որից միայն Գյումրիում` 38 հազարը: Մարզում զարգացած է եղել թեթև և սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, սարքաշինությունը, հանքարդյունաբերությունը և շինարարական իրերի արտադրությունը:
Այժմ մարզում արդյունաբերության որոշ ճյուղեր զարգացած են՝ սննդի, խմիչքների արտադրությունն էլ իր զարգացածությամբ արտադրության առաջատար ճյուղն է՝ 85.6%, որին հաջորդում են մանածագործական և կարի արտադրությունը:
Շիրակում մշակող արդյունաբերությունն ապահովում է մարզի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 83.9 %-ը, 13.5%-ը բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանն ու բաշխմանը, 0.3%-ը՝ հանքագործական արդյունաբերությանը, և 2.2%-ը բաժին է ընկնում ջրամատակարարմանը, կոյուղու, թափոնների կառավարմանը և վերամշակման ճյուղերին:
Ախուրյանում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն ամենամեծն է՝ 88.4 տոկոս, երկրորդ տեղում էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման արդյունաբերական ճյուղերի թողարկած արտադրանքի ծավալն է՝ 10.7 տոկոս:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2012 թվականին կազմել է 97.8 մլրդ դրամ, որը կազմում է ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի ծավալի 11.6%-ը: Գյուղատնտեսության ոլորտում զբաղված են շուրջ 30000 գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների (կաթ, միս, հացահատիկ, պտուղ) վերամշակմամբ՝ 26 կազմակերպություն, առանց հացաթխման արտադրամասերի: Մարզում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2011 թվականին կազմել է 103.3 հազար մարդ, որոնցից 83.4 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, իսկ 19.9 հազար մարդ չեն ունեցել աշխատանք:
Շիրակի մարզպետարանի ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանի խոսքով՝ 2016 թվականին Շիրակի մարզում արտադրանք է թողարկել 101 տնտեսվարող սուբյեկտ, որից 78-ը մշակող արդյունաբերության ճյուղի ընկերություններն են. Այսինքն՝ արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր քանակում գերակշռում են փոքր և գերփոքր ընկերությունները, որոնց տեսակարար կշիռը կազմում է 83 տոկոս:
«Այժմ Գյումրու երկաթգծի հիվանդանոցի շենքը վերագործարկվում է՝ որպես կարի արտադրամաս, որն ապահովելու է 1500 նոր աշխատատեղ. «Որքան գիտեմ, այս տարվա դեկտեմբերին իրենք ավարտելու են շինարարական աշխատանքները և սկսելու են բուն արտադրական պրոցեսը»,- նշեց Կ. Բադիշյանը:
Ակնարկին, թե հոլանդահայ գործարարը ևս Գյումրիում կարի արտադրամաս էր բացել, որը փակվեց, զրուցակիցս պատասխանեց, որ մանր ցեխեր կարող են բացվել, սակայն մրցակցությանը չդիմանալու, արտաքին շուկա սպառման խնդիրներ ունենալու պատճառով կարող են փակվել:
«Սակայն մենք ունենք մարզում հաջողված բիզնեսմեններ, թեթև արդյունաբերության ոլորտում՝ «Լենտեքսը», որն ունի հսկայական աշխատատեղեր, «Գևորգ և Վահան» ընկերությունը, ավելի մանր ձեռնրակություններ, որոնք կարի արտադրությամբ են զբաղվում: Նաև կարևոր է մտածել, թե ինչպես կարելի է արտադրանքը սպառել: Եթե ուզում ենք արտադրանք թողարկել, ապա պետք է շուկան ուսումնասիրել, որպեսզի արտադրողներն իրենց տեղը գտնեն և արտերկրում արտադրանքն իրացնեն: Շուկայական հարաբերությունների պարագայում իրավիճակն այլ է: Խոշոր ընկերությունները պետք է կարողանան իրենց արտադրանքն ավելի մեծ ծավալով արտադրել և սպառել, որի համար լայն շուկաներ են անհրաժեշտ: Բացի այդ, մենք գյուղատնտեսությունից կախվածություն ունենք, դրա համար անհրաժեշտ է այլ ոլորտներ ևս զարգացնել, նաև տեղեկատվական տեխնոլոգիաները»,- ասաց Կ.Բադիշյանը:
Արտադրության աճի իրական ծավալների վերաբերյալ պատկերացում կազմելու համար հարկավոր է տեղեկանալ, թե եռամսյակային կամ տարեկան կտրվածքով որքա՞ն արտադրանք են թողարկում փոքր, միջին և խոշոր արտադրական ձեռնարկությունները: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մասնավոր ձեռնարկատերերը շատ հաճախ չեն տրամադրում նման տեղեկատվություն, մարզպետարանի պաշտոնյայից որոշեցինք տեղեկանալ՝ արդյո՞ք տիրապետում է նման տեղեկատվության:
Կ.Բադիշյանին հարցրեցինք՝ արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները՝ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը և Ախուրյանի շաքարի գործարանը, ներկայումս արտադրանքի ծավալի աճ արձանագրե՞լ են, արդյո՞ք համապատասխան տեղեկատվության տիրապետում է մարզպետարանի պաշտոնյան:
«Իրենց հարցում արեք, արտահանման ծավալներն ավելի մանրամասն կներկայացնեն: Իմ մոտ ինֆորմացիա կա, բայց այն ընդհանուր ամփոփած տեսքով է»,- հավելեց Կ. Բադիշյանը:
Ինչպիսի՞ խնդիրներ ունեն Գյումրիում գործունեություն ծավալող գործարարները
Գյումրիում իրենց գործունեությունը ծավալող որոշ գործարարներ դժվարությամբ են իրացնում կամ չեն կարողանում իրենց արտադրանքն իրացնել մայրաքաղաքում: Պատճառն այն է, որ այնտեղ նույն արտադրանքի արտադրությամբ զբաղվող այլ խոշոր ընկերություններ կան: Նման իրավիճակում մյուսների համեմատ որակյալ արտադրանք ունենալն էլ խնդրի լուծում կարող է չլինել: Ապրանքների արտահանմանն ինչ-որ չափով խոչընդոտում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սահմանի փակ լինելը: Գործարարներից ոմանք էլ ասում են, թե Պարսկաստանի սահմանն էլ բաց է, բայց դա հարաբերական է՝ այդպես էլ չմանրամասնելով, թե հարաբերական ասվածը որն է:
«Անուշարան» ՍՊԸ-ն Երևանի խոշոր սուպերմարկետներում չի կարողանում իրացնել իր արտադրանքը, հատկապես՝ Երևանում ամենախոշոր «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Նման իրավիճակի ստեղծումն ինչ-որ տեղ բնական կարելի է համարել, քանի որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կամ անհատ ձեռնարկատեր ցանկանում է շուկայում իր գրաված դիրքը չկորցնել և խոչընդոտել իր հնարավոր մրցակիցների գործունեությանը:
«Իգիթ» ՍՊԸ-ի համասեփականատեր Անդրանիկ Իգիթյանի խոսքով՝ շուկայի բացակայության պատճառով իրենց բիզնեսն անկում է ապրել, որովետև Շիրակի մարզի գործարարներին չեն աջակցում:
Նշենք, որ կան նաև Գյումրիում իրենց գործունեությունը ծավալող հաջողակ գործարարներ:
«Գևորգ և Վահան» ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Կանադա, Եվրոպա: Նախկին «Տավրոս» կոշիկի գործարանի հենքի վրա ստեղծված ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան:
«Լենտեքս» ՍՊԸ-ն հանդիսանում է գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում:
Ձեռնարկությունը հիմնադրվել է 2003 թվականին Գյումրիում: Գործունեության սկզբնական շրջանում «Viva» ապրանքանիշի ներքո արտադրվում էին կանացի էլաստիկ զուգագուլպաներ, 2007 թվականից շահագործման է անցել «Lentex» ապրանքանիշով գուլպաների և զուգագուլպաների արտադրության նոր հոսքագիծը: Ընկերությունն իր 100 մլն դրամի պատվերը հաջողությամբ իրականացնում է, 350 աշխատողները տարեկան 15 մլն զույգ բարձրորակ զուգագուլպաներ, տղամարդու, կանացի, մանկական գուլպաներ և տրիկոտաժ են արտադրում:
Ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանը կարևորում է իրենց բրենդի՝ Ռուսաստանում հնարավորինս ճանաչելի դարձնելը, քանի որ այդ երկիրն իրենց հիմնական շուկան է: Այդ ամենն էլ պահանջում է ֆինանսական մեծ ներդրումներ. Այսինքն՝ թանկ հաճույք է: Սակայն, հաշվի առնելով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, ապրանքատեսակի՝ Ռուսաստանում սպառման համար լավ ժամանակներ են:
«Մենք մեր արտադրական հզորությունների 100 տոկոսի չափով ենք աշխատում, արտահանման հարցում բացարձակ խնդիրներ չունենք: Պետությունը փոխել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձման քաղաքականությունը, ինչի շնորհիվ մենք Ռուսաստանում ավելի մրցունակ կարող ենք լինել: Մեր հիմնական թիրախը՝ 95 տոկոսով, Ռուսաստանն է, որտեղ պահեստ ունենք, 5 տոկոսն էլ՝ Ղազախստանը: 3 տեսակի ապրանքատեսակ ենք արտադրում: Այս տարի նոր արտադրական տարածք ենք կառուցում, մինչև 100 նոր աշխատատեղ կունենանք: Նոր արտադրամասում պետք է տեղադրենք նոր հաստոցներ, որոնք արդեն պատվիրված են, արհեստական թել պատրաստող են, ինչի շնորհիվ մեր ապրանքի ինքնարժեքի մեջ բավական խնայողություն կունենանք»,- պարզաբանում է «Լենտեքսի» տնօրենը:
Շիրակի մարզպետ մարզպետ Արթուր Խաչատրյանը խոստանում է նպաստել մեր մարզում արտադրության աշխուժացմանը, այդ նպատակով աշխատանք պետք է տարվի ամերիկյան ներդրողների հետ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ՀՀ-ում իրենց գործունեությունը ծավալող գործարարներին աջակցություն է ցուցաբերում: Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ չի խոչընդոտում Եվրոպա ապրանքների արտահանմանը, քանի որ պահպանվել են GSP, GSP+ և GSP++ ռեժիմները, դեպի Եվրոպա ավելի քան 10000 ապրանքատեսակների արտահանման համար մենք արտոնություններ ունենք: Հայաստանում կան ապրանքատեսակներ, որոնք արտասահմանցիների համար բավական գրավիչ են:
Վերջին շրջանում Չինաստանը ցանկացել է ՀՀ-ից 500 տոննա ծիրան գնել, սակայն մեր արտադրածն ընդամենը 320 տոննա է, ուստի նման ծավալի պատվերներ իրականացնելն անհնար է:
«Հայաստանի զարգացման հիմնադրամը» Շիրակի մարզում ներդրումներ է իրականացնում՝ արտահանման պատվերներ ստացած ձեռնարկություններին աջակցելու նպատակով: Այս հիմնադրամի համար հատկապես կարևոր է հասկանալ ընկերությունների արտահանման հնարավորությունները:
Գյումրիում գործող «Արշալույս» ընկերությունը հիմնադրամի աջակցությամբ ստացել է արտահանման առաջին պատվերները։ Ընկերւթյան 50 աշխատողների արտադրած գուլպեղենը սպառվում է ՀՀ-ում և ՌԴ-ում: Հայ-իտալական գործարար համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ձեռնարկությունը պատրաստվում է ջինսերի արտադրություն սկսել:
«Լենտեքս» ընկերությունը հիմնադրամի աջակցությամբ ստացել է արտահանման այս տարվա խոշորագույն պատվերը։
Անահիտ Սիմոնյան
Լուսանկարներում «Արշալույս» ընկերության, «Լենտեքսի» արտադրամասերն են, Շիրակի մարզպետը, նախկին գորգերի, կոշիկի, մանվածքային գործարանների վայրերը