Զգուշացում. կեցվածքի շեղումների պատճառ կարող է դառնալ նաև դպրոցական պայուսակը
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով:
Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Դպրոցական միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել հենաշարժիչ համակարգի (կեցվածքի) ֆունկցիոնալ շեղումների՝ ողնաշարի սկոլիոզների, լորդոզների և կիֆոզների:
Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Սկոլիոզի առաջացման պատճառ կարող է դառնալ հարթաթաթությունը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոտնաթաթի թերությունների ուղղմանը նպաստող ճիշտ կոշիկի ընտրությանը:
Սկոլիոզների կանխարգելման նպատակով կեցվածքին հատկապես պետք է հետևել մանկապատանեկան հասակում, երբ զարգանում է հենաշարժիչ համակարգը։ Ճիշտ կեցվածքը ձեռք է բերվում հիմնականում մինչև 18 տարեկանը։
Կարևոր է մշտական շարժողական ակտիվությունը` ներառյալ մարմնամարզությունը՝ մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է ճիշտ կեցվածքի զարգացմանը։
Հենաշարժական համակարգի բնականոն զարգացման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք սննդի ընդունումը, դրանում հանքային աղերի, վիտամինների առկայությունը։
Կարևոր է դպրոցականների՝ տանը և դպրոցում նստարանի առջև ճիշտ դիրքով նստեցումը, ինչի պատճառը հաճախ լինում է տարիքին և դպրոցականների հասակին նստարանների չափսերի անհամապատասխանությունը: Աշակերտական նստարանը պետք է լինի հարմար՝ գործառնական չափերով այն պետք է համապատասխանի երեխայի տարիքին բնորոշ անթրոպոմետրիկ ցուցանիշներին:
Ուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ապահովել երեխայի մարմնի ճիշտ դիրքը նստած վիճակում՝ ինչն ապահովում է ծանրության հավասարաչափ բաշխումը ողնաշարի վրա:
Գրելիս և կարդալիս աշակերտի ճիշտ դիրքի պահանջներն են՝
1) գլխի թեթևակի հակում դեպի առաջ, էջից աչքերի 35-40 սմ հեռավորություն,
2) սեղանին հենած նախաբազուկներ, սեղանից իրանի 3-5 սմ հեռավորություն,
3) ոտնաթաթերը հենած հատակին կամ նստարանի հորիզոնական փայտին,
4) ոտքերը ծալված ծնկային և կոնքազդրային հոդում՝ ուղիղ անկյան տակ,
5) ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա,
6) ողնաշարը գոտկային մասով պետք է հենվի նստարանի թիկնակին:
Այս դիրքը կոչվում է ուղիղ նստեցում, որը հիգիենիկ առումով աշակերտի համար ամենից ճիշտն է և ամենահարմարը: Ճիշտ նստեցումը հնարավոր է միայն երեխայի մարմնի երկարությանը և մյուս չափսերին` սեղանի և աթոռի առանձին հատվածների համապատասխանության դեպքում:
Կեցվածքի շեղումների պատճառ կարող է հանդիսանալ նաև դպրոցական պայուսակը: Դպրոցական պայուսակի կառուցվածքը պետք է ապահովի ծանրության հավասարաչափ բաշխումը մարմնի վրա։ Երեխաների համար ավելի լավ է կրել պայուսակը մեջքին՝ օգտագործելով ուսապայուսակներ, որոնք ունեն ձևը պահպանող թիկնակ և ամուր կմախք: Պայուսակը ձեռքին կրելու դեպքում, չի կարելի այն միշտ մեկ ձեռքով տանել։