«Յուրաքանչյուր հեղափոխություն փողոցների, տեղանունների ազգայնացումից է սկսվում». Դավիթ Գասպարյան
«Ժամանակը ջրի երես է հանում այն ամենը, ինչ նախկինում քողարկվել, անարդար փառաբանվել է։ Ժամանակի հեռավորությունից կարող ենք ավելի ճիշտ կողմնորոշվել։ Եթե խոսքը փողոցների անվանափոխման մասին է, ապա կան անուններ, որոնց փոփոխմանը ես էլ եմ կողմնակից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ կոմունիստական շրջանի անհատների անուններով փողոցների անվանափոխության պահանջին, այս մասին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։
Հուշարձանագետի կարծիքով՝ գուցե արժե, որ, օրինակ՝ Լենինգրադյան անունով փողոց լինի Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, բայց ոչ՝ Հայաստանում. «Ես կողմ եմ, որ այն անվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անունով, և կարծում եմ, որ այդ մարդու անունով փողոց արդեն պետք է ունենայինք։ Խորհրդային գործիչներ ունենք, որ ազգային մարդիկ էին, օրինակ՝ Ալեքսան Կիրակոսյանը, և հենց իր անունով պետք է լինի փողոց»։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը, շեշտեց, թե ՀՀ-ում պետք է փողոցները, դպրոցները լինեն այն մարդկանց անունով, ովքեր ազգապահպանության գործում մեծ վաստակ ունեն:
«Ո՞վ գիտի Սալուբախի փողոցի տեղը, չգիտեք։ Ո՞վ գիտի, թե ով է նա: Նա ԽՍՀՄ մարշալ է, ով 49 տարեկանում մահացել է, մերոնք էլ ափալ-թափալ նրա անունով են դրել: Բա առաջիններից էինք, որ Գագարինի անունով փողոց դրեցինք: Հա, միասնական երկիր ենք եղել, հարգենք, բայց նա բացարձակապես կապ չունի Հայաստանի հետ։ Այսօր գյուղական ավաններում Մարքսի, Էնգելսի, Կիրովի անվան փողոցներ կան։ Ներկայիս Մաշտոցի պողոտան նախկինում եղել է Սունդուկյանի անվան, հետո՝ Ստալինի, հետո՝ Լենինի, սակայն ուրախ եմ, որ այսօր գտավ իր վերջնական ու ճիշտ անունը: Այս օրինակը բերեցի՝ ցույց տալու, որ յուրաքանչյուր հեղափոխություն փողոցների, տեղանունների ազգայնացումից է սկսվում»,- ասաց գրականագետը։
Հետևաբար, ըստ նրա՝ պատահական անուններ չպետք է լինեն. «Պետք է առաջնորդվենք թանձր, ազգային գենետիկ կոդի պահպանման սկզբունքով, թեպետ չի կարելի ջնջել անցյալի հիշողությունները: Այս գործում պատահական մարդիկ չպետք է լինեն, պետք է որոշումներ կայացնող հանձնաժողովը գործն անի՝ առաջնորդվելով ազգի համար գործ արած մարդկանց անունը հավերժացնելու սկզբունքով։ Չպետք է նայենք կուսակցական պատկանելությանը, քանի որ Խանջյանը, Մյասնիկյանն այն տղաներն են, որոնք ՀՀ ստեղծման հիմքում են: Մյասնիկյանն այն մարդն է, ում օրոք Հայաստան էին գալիս Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Թամանյանը, Քոչարը և այլք: Իմ ասածն այն է, որ մենք քննարկենք ազգի համար գործ արածների տեսանկյունից, այլ ոչ թե՝ ժամանակաշրջանից կամ կուսակցական պատկանելությունից: Պետք է զգույշ լինենք, այլ ոչ թե քաղաքական ալիքի վրա ծայրահեղությունների գնանք։ Նույն խոստությունը պետք է լինի նաև դպրոցների անվանակոչումների հետ կապված»։