«Հոգեբանական ծառայություններ ստանալու նպատակով արտերկրից ժամանած հայերի թվաքանակը բավականին մեծացել է». հոգեբան
«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ վերջին տարիներին հոգեբանական ծառայություններ ստանալու նպատակով արտերկրից ժամանած հայերի թվաքանակը բավականին մեծացել է. «Ժամանում են տարբեր երկրներից, հիմնականում՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Բելգիայից, Լոնդոնից, ՌԴ-ից»։
Թե ինչու են գալիս Հայաստան՝ հոգեբանական խորհրդատվություն ստանալու համար, հոգեբանը բացատրում է նրանով, որ էթնոսը կրում է որոշակի սոցիալ-մշակութային առանձնահատկություններ, կարծրատիպեր, դիրքորոշումներ, ընդհանուր հոգեբանական վիճակներ, և նրա խոսքով՝ որպես կանոն՝ հոգեբանական ծառայություն մատուցող անձը պետք է լինի նույն էթնոսի կրողը, հակառակ դեպքում առաջանում են շատ մեծ դժվարություններ և բարդություններ. «Այսինքն՝ այն խնդիրը, որը կարող է դառնալ հոգեբանական մեծ խնդիր տվյալ էթնոսը կրող անձի համար, մեկ այլ էթնոս կրող մասնագետի համար դա անհասկանալի է։ Այս առումով շատ հայեր գալիս են հենց Հայաստան, որպեսզի ստանան հոգեբանական աջակցություն։ Օրինակ՝ նույն ամուսնալուծությունների, ընտանեկան տարբեր հարաբերությունների դեպքում այնտեղի մշակույթը կրող հոգեբանը չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում մեր հայկական միջավայրում, ինչ արժեքներ և ընդհանուր դիրքորոշումներ գոյություն ունեն, և այս առումով՝ ավելի հեշտ է դիմել հայ մասնագետների և ստանալ համապատասխան օգնություն»։
Հոգեբանական ծառայությունների համար դիմողները, ըստ հոգեբանի՝ հիմնականում այն ընտանիքներից են, որոնք փորձում են պահպանել ներէթնիկական արժեքները, կարծրատիպերը, դիրքորոշումները և այլն. «Եթե հասունացման փուլում մարդն ընդունել է այլ երկրի արժեքներ, սովորույթներ, ապա իր մոտ ցանկություն չի առաջանա դիմելու նույն երկրին պատկանող հոգեբանին»: