Վիրաբույժ Հայկ Ենոքյանը դիմում է վարչապետին՝ աջակցել բժշկական տուրիզմին
«Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը կայացել է, և սա առաջին հերթին՝ կարևոր է պետության տնտեսությունը զարգացնելու առումով։ Շրջափակման մեջ գտնվող պետությունում շատ քիչ ոլորտներ կան, որոնք զարգացում են ապրում։ Բժշկական տուրիզմն այդ քիչ ոլորտներից մեկն է, և տարեցտարի ունենում ենք արտասահմանից ժամանող հիվանդների աճ, որոնք հատուկ գալիս են Հայաստան՝ բժշկական սպասարկում ստանալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի» պլաստիկ ու դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ Հայկ Ենոքյանը։
Բժշկի խոսքով՝ այդ զբոսաշրջիկները միայն ազգությամբ հայեր չեն. «Եթե նախկինում միայն մեր Սփյուռքի ներկայացուցիչներն էին, ապա հիմա կան բոլորովին այլ ազգի մարդիկ, որոնք Հայաստանը բացահայտում են բժշկական տուրիզմի շնորհիվ։ Ունենք բավական շատ հիվանդներ Շվեդիայից, Դանիայից, եվրոպական այլ երկրներից, նաև՝ Միջին Ասիայից, Իրանից և անգամ՝ ԱՄԷ-ից»։
Ենոքյանն ընդգծեց՝ հայերի վճարունակությունը գնալով անկում է ապրում, և այսօր նկատվում է միտում, երբ բոլոր հիվանդներն այցելում են տարբեր տեսակի թղթերով, օրինակ՝ սոցփաթեթներով, և այլն, ու փորձում իրենց խնդիրները լուծել. «Ես անձամբ կարծում եմ, որ պետք է տեղի բնակիչներին օգնել, բայց օգնելու համար պետք է ունենալ միջոցներ, իսկ այդ միջոցները պետք է ձեռք բերենք արտասահմանից ժամանող հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու հաշվին։ Այս պրակտիկան համատարած է. եթե Հայաստանից որևէ մեկը գնում է Գերմանիա բուժվելու, ապա անգամ բնակարան են վաճառում՝ այդ գումարը վճարելու համար, այնինչ՝ տեղաբնակ գերմանացիների համար այդ բուժօգնությունը լրիվ այլ գնային սահմաններում է։ Այսինքն՝ գերմանական, իսրայելական բժշկությունը փորձում է գումար վաստակել արտերկրից ժամանող հիվանդների հաշվին։ Մենք պետք է սովորենք, և սա պետք է դառնա պետական մոտեցում։
Ես պաշտոնապես դիմում եմ վարչապետին՝ աջակցեք բժշկական տուրիզմին, և սա պետբյուջեին լուրջ ներհոսք կապահովի։ Անհատների մակարդակով բժշկական տուրիզմը լուրջ զարգացում արդեն ապահովել է, եկեք պետական մակարդակով էլ դա ապահովենք»։
Անդրադառնալով քթի պլաստիկ վիրահատություններին, բժիշկը նշեց, որ իրենց արտասահմանցի կոլեգաները վաղուց ընդունել են հայ բժիշկների առավելությունն այդ հարցում. «Դա պատահական չէ, որովհետև, եթե մի գործ արվում է ավելի շատ, ապա ավելի լավ է արվում։ Անգամ մեր եվրոպացի և ամերիկացի կոլեգաները վաղուց ընդունել են, որ Հայաստանի պլաստիկ վիրաբույժներն այս հարցում գերազանցել են բոլորին։ Այլ կարգի պլաստիկ վիրահատությունները ևս զարգացում են ապրում։ Տնտեսական տեսանկյունից նույնպես պետք է արձանագրենք, որ Հայաստանում կարողանում ենք պահել մրցակցադիմացկուն գին»։