Կրթության տարածքը փոխվել է, կառավարման քարտեզը գրեթե անփոփոխ է մնացել
Հայաստանի կրթական համակարգի կառավարումը նոր մոտեցում է պահանջում։ Դա պայմանավորված է համակարգի աշխարհագրության ընդլայնմամբ։ Խորհրդային տարիներին կային պետական դպրոցներ, մի քանի հատուկ դպրոցներ, շրջանային իշխանություններ և նախարարություն՝ 1-2 սպասարկող օղակներով։ Ներկայումս իրավիճակն արմատապես փոխվել է։ Գործում են մի քանի ձևի պետական դպրոցներ՝ հիմնական, միջնակարգ, ավագ, կրթահամալիր։
Ստեղծվել են մասնավոր դպրոցներ, մասնավոր անձինք ու կազմակերպությունները ներդրումներ են կատարում կրթության ոլորտում՝ ստեղծելով դպրոցներ և այլ ուսումնական հաստատություններ։ Ավելացել է կառավարության և նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների թիվը։ Ստեղծվել են հաստատություններ, որոնք նորություն են կրթական համակարգում։
Օրինակ՝ Գնահատման և թեստավորման կենտրոն, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն, Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ, Որակի ապահովման ազգային կենտրոն, և այլն։ Ավելի քան մեկ տասնյակ հաստատություններ, որոնց գործառույթները որոշ հարցերում համընկնում են և պահանջում են խելամիտ համակարգում։ Կրթության ոլորտում ակտիվ մասնակցություն ունեն նաև միջազգային և հասարակական կազմակերպությունները, որոնց հետ աշխատանքը նույնպես համակարգման կարիք ունի։ Կազմակերպություններից յուրաքանչյուրն ունի իր օրակարգը, իր հետաքրքրությունների շրջանակը։ Այստեղ էլ համակարգման և ռեսուրսների խելամիտ օգտագործման խնդիր կա։ Հայաստանում գործում են նաև մանկավարժական բուհեր, գրեթե բոլոր բուհերում կան մանկավարժության ամբիոններ, որոնց դերը կրթական քաղաքականության մշակման գործում նույնպես արդյունավետ օգտագործման կարիք ունի։
Այսպիսով, Հայաստանի կրթական տարածքը դարձել է շատ բազմազան ու բազմագույն։ Բայց Հայաստանի կրթության կառավարման քարտեզում շատ բան չի փոխվել։ Մերօրյա կրթական քարտեզը չի համապատասխանում կրթական տարածքին։ Առկա իրավիճակը պահանջում է կառավարման նոր մոտեցումներ և նախարարության կառուցվածքի վերանայում։ Նախարարության վարչությունները պարզապես բաժանել հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն կրթության՝ բավարար չէ։ Անհրաժեշտ են կառավարման ավելի նեղ ոլորտների մասնագետներ։
Օրինակ՝ ո՞վ է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գծով նախարարության պատասխանատուն, ո՞վ է ուսուցիչների կամ դասախոսների մասնագիտական զարգացման պատասխանատուն, ո՞վ է կրթության բովանդակային բարեփոխումների գծով նախարարության պատասխանատուն, ո՞վ է զբաղվում Կրթության պետական տեսչության ստուգումների մասին հաշվետվությունները վերլուծելու և դրանց հիման վրա փոփոխություններ առաջարկելու հարցերով, ո՞վ է մշտադիտարկում Ջինիշյան հիմնադրամի կողմից իրականացվող բանավեճի կրթական հիանալի ծրագիրը։
Կրթության ոլորտում ձևավորված բազմազանության պարագայում շատ կարևոր են նախարարության ճկուն գործելակերպը, հաղորդակցական կարողությունները, փոփոխություններին արագ արձագանքելու ունակությունը։ Նամակներին պատասխանելը կամ հայեցակարգեր գրելն առանձնապես բան չեն փոխելու։ Անհրաժեշտ է ամենօրյա դաշտային, մասնագիտական աշխատանք ուսումնակաh հաստատությունների, մարդկանց ու մասնագետների հետ։ Օրինակ՝ նախարարությունը շատ հաճախ համագործակցության հուշագրեր է ստորագրում միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ Արդյո՞ք այդ հուշագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի մոնիտորինգ իրականացվում է։ Արդյո՞ք այդ ծրագրերի առանձին տարրեր ինտեգրվում են պետական ծրագրերում։ Երբեմն արվում է, բայց ոչ միշտ։
Կան պետական և ոչ պետական կազմակերպություններ, որոնց միջև կան տարակարծություններ։ Արդյոք այս տարակարծությունները կառավարվո՞ւմ են, թե՞ պարզապես լռեցվում։ Կա մրցակցություն կազմակերպությունների միջև։ Արդյո՞ք նախարարությունը ստեղծում է միջավայր, որպեսզի մրցակցող բոլոր ձայները լսելի դառնան։ Չնայած ունենք կազմակերպությունների բազմազանություն, սակայն հնաոճ պաշտպանողական մտածելակերպը գերիշխող է մնում։ Մարդիկ գովերգում են իրենց հիմնարկի կատարած ծանր աշխատանքը և դժգոհում մյուս հիմնարկների անգործությունից։
Բոլոր տեսնում են իրենց՝ ուժեղ, իսկ մյուսների՝ թույլ կողմերը։ Լավ կլիներ՝ հակառակը լիներ։ Տեսնեինք մեր թերությունները, մյուսների ուժեղ կողմերը։ Բայց մարդիկ չեն ուզում խոսել իրենց թերություններից՝ մտածելով, որ դա իրենց խոցելի կդարձնի։ Իսկ երբ թերությունների մասին հրապարակային ու համարձակ չես խոսում, դրանք ավելի են խորանում։
Բոլոր ոլորտների նման, կրթությունն էլ է դարձել բազմազան։ Բազմազանությունն այսօրվա արժեհամակարգի անբաժանելի մասն է։ «Բոլորս միանման լինենք», «Մի կուսակցությունից լինենք», «Միանման մտածենք» և նմանատիպ կարգախոսները ժամկետանց են։ Ճիշտ է, բազմազանության դեպքում բախվում են կազմակերպությունների և առանձին անհատների շահերը, բայց պատշաճ կառավարման դեպքում այն կարող է դրական արդյունքների բերել։ Մեզ պետք է կառավարման համակարգ, որը բազմազանությունը կօգտագործի ոչ թե՝ շահերի բախումը խորացնելու նպատակով, այլ՝ որպես հնարավորություն։
«Հարվարդ բիզնես ռեվյու» հեղինակավոր հանդեսի վերջին համարներից մեկում հրապարակված վերլուծականում նշվում էր, որ տարբեր կերպ մտածող մարդկանցից բաղկացած թիմերն ավելի լավ են աշխատում, քան միանման մտածող մարդկանցից բաղկացած թիմերը։ Ճիշտ է, վերջիններս ավելի պաշտպանված են կոնֆլիկտներից, բայց ավելի քիչ արդյունավետ են։ Չմոռանանք, որ մարդկության զարգացումը տեղի է ունեցել հենց կոնֆլիկտների և դրանց խելամիտ օգտագործման արդյունքում։