«Հայաստանին տրված են աննախադեպ հնարավորություններ». Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանին տրված են աննախադեպ հնարավորություններ՝ Արցախի հարցում լուրջ առաջընթացներ գրանցելու համար.
«Առաջինն այն է, որ Հայաստանի ու միջազգային հանրության մոտեցումներն Արցախի հակամարտության կարգավորման հարցում աննախադեպ չափով համընկնում են։ Երկրորդ գործոնն այն է, որ այս բանակցությունները տեղի են ունենալու Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների աննախադեպ վատթարացման ֆոնին։
Երրորդ՝ Ռուսաստանի վրա տարածվում են աննախադեպ խստության պատժամրջոցներ, ինչն էապես նվազեցնում է ՌԴ-ի քաղաքական հնարավորությունները։ Ես դրան կգումարեի նաև մի ենթագործոն՝ Ռուսաստանի՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի խաղաղասիրական համբավը գտնվում է աննախադեպ ցածր աստիճանի վրա և արտահայտվում է բացասական նիշերով։ Այսօր ասոցիացվում են ոչ թե «Ռուսաստան» և «խաղաղություն» բառերը, այլ՝ «Ռուսաստան» և «պատերազմ» բառերը»։
Հետևաբար, ըստ Մեհրաբյանի՝ սա Հայաստանի համար շատ հարմար առիթ է միջազգային հանրության օժանդակությամբ բանակցություններում լուրջ առաջընթաց գրանցելու համար։
«Ադրբեջանին այլ լծակ չի մնում, քան պատերազմի վերսկսման սպառնալիքի այդ բութ գործիքն օգտագործելը։ Ուրիշ փաստարկ Ադրբեջանը չունի, թե ինչու պետք է պահպանել իր այդ դիրքորոշումը։ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանն ինչ-որ պայմանագրով նրան վերադարձնի այն ամենը, ինչ Ադրբեջանը պարտվել է իր իսկ սանձազերծած պատերազմի արդյունքում, այսինքն՝ Ադրբեջանն ուզում է մինչպատերազմական ստատուս-քվո։
Դա որևէ կապ չունի տրամաբանության հետ, դա տեղի չի ունենալու։ Այն ստատուս-քվոն, որը գործում է այսօր, նույնպես լուծում չէ, հետևաբար՝ լուծումն այս երկուսի մեջտեղում է։ Դրա մասին նաև պաշտոնական Երևանը, պաշտոնական Ստեփանակերտն են խոսել, որ ԱՀ անկախությունն ուղղակի քննարկման առարկա լինել չի կարող»,- պարզաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ ժամանակն է, որ Ադրբեջանը հաշվի նստի այդ իրողության հետ։
Ըստ նրա՝ քանի դեռ Ադրբեջանն այդ ամենը չի հասկացել, մենք գործ ենք ունենալու մշտական լարվածության հետ.
«Ալիևին հասկացնելու ճիշտ ժամանակն է, որ Արցախում ադրբեջանական իշխանություն չի կարող լինել։ Վերոնշյալ գործոնները բավարար են, որպեսզի Հայաստանը միջազգային հանրության միջոցով ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա դուրս գա իր այս դեստրուկտիվ դիրքերից, որոնք լարվածություն են մտցնում մեր տարածաշրջանում»։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի և Արցախի դիվանագիտության թերացումը չէ այն, որ մինչ օրս Արցախը բանակցությունների սեղան չի վերադառնում, և Արցախի ճակատագրի մասին խոսվում է առանց Արցախի, նա այսպես պատասխանեց.
«Ես մշտապես քննադատել եմ մեր կողմից տարվող դիվանագիտությունը, քանի որ, այո՛, վաղուց ժամանակն է, որ Արցախը նստի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև անտրամաբանական է, որ Արցախի մասին խոսվում է՝ առանց նրա: Այստեղ մեծ անելիք ունի նաև Արցախը: Արցախում նույնպես դիվանագիտությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որ միջազգային հանրությունը հաշվի նստի իրենց հետ, անի ամեն հնարավորը՝ Արցախի հետ բանակցելու համար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում