Հայաստանին ձեռնտո՞ւ է Իրաքյան Քուրդիստանի անկախությունը
Թուրք-քրդական հակամարտության փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Քուրդիստանի անկախության հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին՝ ասաց, որ այն շատ բուռն է ընթանալու. «Համենայնդեպս, այդպես է վկայում հենց այս օրերին սկսված և մեկնարկված տենդենցը։
«Իրաքյան քուրդ ղեկավարությանը, ի հակադրություն ընդդիմադիր Գոլանի և Քոմել (Քրդստանի իսլամական խմբավորում) կուսակցությունների, որոշել է, որ պետք է մասնակցի «Ոչ»-ի քարոզարշավին։ Թվում էր, թե քրդերը միասին պետք է պայքարեն Քուրդիստանի անկախության համար, բայց դա այդպես չէ: Նշյալ կուսակցությունները՝ ի հակադրություն Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը՝ պատճառաբանում են, որ ժամանակը չէ անկախության հանրաքվե իրականացնելու, քանի որ քրդական ժողովուրդն այդպես հարվածի տակ է ընկնելու: Իրականում նրանք անհամաձայնություններ ունեն իրար մեջ, և փորձում են տարաձայնությունները բերել այս դաշտ»,- պարզաբանեց նա:
Փորձագետի խոսքով՝ աշխարհը հետաքրքիր լռությամբ է հետևում այս իրադարձություններին. «Եվրոպան, ԱՄՆ և ՌԴ-ն չեն արձագանքել իրաքյան քրդերի անկախացման գործընթացին, թեպետ Քուրդիստանում 20 դիվանագիտական ներկայացուցչություն կա, այդ թվում՝ եվրոպական երկրներից։ Իրաքյան Քուրդիստանն այդ երկրներում ունի իր դիվանագիտական ներկայացուցչությունները, այնպես որ, պետականության բոլոր հիմքերը կան, որ Իրաքյան Քուրդիստանն անկախություն ձեռք բերի»:
Ըստ նրա՝ շեյխերի միջև ազդեցության ոլորտի տեղաբաշխման պայքար է գնում. «Դուրս են եկել իրենց ստեղծվելիք պետականության դեմ, որ հետագա իշխանությունը տարածեն Քուրդիստանի վրա: Իրենց մոտ դեռևս շեյխական մտածելակերպ է, կարծում են, որ պետությունն այդպես է կառավարվելու»։
Հովհաննիսյանի խոսքով՝ ակտիվացում է նկատվում Սիրիայի քրդերի մոտ, ինչը շահեկան չէ նաև Թուրքիային. «Սիրիայի քրդերը զգուշացրել են Թուրքիային, որ զերծ մնա Աֆին քաղաքի շրջակայքում ռազմական գործողություններ անելուց, որը սիրիացի քրդերի մայրաքաղաքն է: Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմն օգոստոսի 9-ին արտակարգ ժողով հրավիրեց և որոշեց Սիրիայի հետ միակ սահմանակից անցակետը փակել՝ դարձնելով միակողմանի: Պատճառն այն է, որ դրանով քրդական իսլամական համայնքի ներկայացուցիչները փորձում են ներթափանցել Թուրքիա և իրականացնել ռազմական գործողություններ»։
Փորձագետը շեշտեց, որ այս պահին թուրք-քրդական հակամարտությունը Թուրքիայի նախագահ Էրդողանն այլ հարթություն է տարել. «Այժմ բախումները ոչ թե ազգային կամ քաղաքական հողի վրա են, այլ՝ կրոնական»։
Հարցին՝ Հայաստանին ձեռնտո՞ւ է Իրաքյան Քուրդիստանի անկախությունը, նա այսպես պատասխանեց. «Հայաստանը տնտեսական կապեր ունի Իրաքյան Քուրդիստանի հետ, այնպես որ, մեզ այս պահին չի վնասում Քուրդիստանի անկախությունը»։