Պետդեպարտամենտում սաստիկ զայրացել են Պուտինի հասցեին Թրամփի շնորհակալությունից. Politico
Դոնալդ Թրամփը Պուտինին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կրճատման համար, եւ դա սաստիկ զայրացրել է Պետական դեպարտամենտի աշխատակիցներին, գրել է Politico-ն:
Այսպես, ամերիկացի դիվանգետներից մեկը, որն աշխատում է արտասահմանում, ԱՄՆ-ի նախագահի խոսքը որակել է «զայրացուցիչ»՝ նշելով, որ դա կարող է դրդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության շատ հաստիքային աշխատողների ազատման։
«Դա պարզապես անհավանականորեն բարոյալքող է եւ անհարգալից այն մարդկանց նկատմամբ, ովքեր ծառայում են իրենց երկրին վտանգավոր իրադրության մեջ»,- նշել է նա:
Անունը չհայտնած մի այլ աշխատակից Politico-ին պատմել է, որ Թրամփի հայտարարությունը վհատեցրել է շատերին: «Ես չեմ կատակում, վիջին հինգ րոպեում ինձ այս մասին պատմեց երեք մարդ: Բոլորը պարզապես ապշած են: Դա անհավանական միամիտ եւ անհեռատես հայտարարություն է: Դա սարսափելի ահազանգ է տեղերում մեր բոլոր աշխատակիցների համար»,- հավելել է նա: «Շնորհակալությու՞ն Պուտինին: Ես պարզապես չեմ կարողանում իմ արձագանքը նկարագրել բառերով, որոնք դուք կարողանաք տպագրել»,- հայտարարել է եւս մեկ դիվանագետ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով նախկին տեղակալ Նիկոլաս Բյոռնսը Թրամփի ելույթը որակել է «ամոթալի»:
«Նա արդարացնում է Պուտինի վատ վերաբերմունքն ամերիկացի դիվանագետների նկատմամբ»,- պարզաբանել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: