Թրամփն աննախադեպ պատասխան քայլեր է խոստացել ԿԺԴՀ-ին Գուամի վրա գրոհի դեպքում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին պահանջել է Հյուսիսային Կորեայի ղեկավարությունից ձեռնպահ մնալ Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների դեմ որեւէ գործողությունից, նշելով, որ հյուսիսկորեացիների վրա ԱՄՆ-ի «հուրն ու ցասումը» թափելու նախորդ նախազգուշացումը բավականաչափ կոշտ չէր, տեղեկացնում է BBC-ին:
Ի պատասխան Խաղաղ օվկիանոսի շրջանը հրթիռակոծելու ԿԺԴՀ-ի սպառնալիքի, որտեղ ամերիկյան ռազմակայան է տեղակայված Գուամ կղզում, Թրամփը նախազգուշացրել է Փենյանին, որ «նրա հետ կպատահի այն, ինչ աշխարհն ավելի վաղ չի տեսել»:
Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել ԿԺԴՀ-ի առաջնորդի անձի վրա. «Նա անհարգալից է վերաբերվում մեր երկրին: Նա ահավոր բաներ է ասում: Նրան ու նրա ընտանիքին չափազանց երկար է դա թույլատրվել: Բայց ես դա թույլ չեմ տա»,- ասել է Թրամփը՝ Նյու Ջերսիում ելույթ ունենալով գոլֆ-ակումբում:
Ավելի ուշ Պեիտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հիմնախնդրի ռազմական լուծումը համարել է «աղետալի» եւ ասել, որ ԱՄՆ-ը դեռեւս այն կարծիքին է, որ հակամարտությունը հարկավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով:
Ի դեպ Թրամփն ինքն էլ հավելել է, որ ԱՄՆ-ը միշտ պատրաստ է բանակցել: Ավելի վաղ NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան զինվորականների, հայտնել է, որ Պենտագոնը պատրաստել է հատուկ պլան, որը նախատեսում է կանխիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի տարածքում հրթիռների մեկնահրապարակներին:
Նրանց տեղեկություններով՝ «պլանի իրականացման հանգուցային օղակ կդառնան B-1B ծանր ռազմավարական ռմբակոծիչները, որոնք տեղաբաշխված են Գուամ կղզում՝ ռազմաօդային ուժերի «Անդերսոն» ռազմակայանում»:
Ներկայում ռազմակայանում են գտնվում վեց այդպիսի ինքնաթիռներ, ավելի վաղ դրանք մասնակցել են Կորեական թերակղզու շրջանում Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններին: Օգոստոսի 10-ին Փենյանը կրկնել է սպառնալիքը, թե մտադիր է գրոհել այն շրջանների վրա, որոնք հարում են Գուամում ամերիկյան ռազմակայանին, եւ հայտարարել է, որ մշակում է «Հվասոն-12 » միջին հեռահարության չորս բալիստիկ հրթիռների արձակման պլան՝ որպես «նախազգուշացում» ԱՄՆ-ին: Հայտարարության մեջ նշված է, որ հրթիռները պետք է թռչեն Ճապոնիայի Սիմանեի, Հիրոսիմայի, Կոտիի պրեֆեկտուրաների տարածքների վրայով, հաղթահարեն 3 հազար 356 կիլոմետր եւ ընկնեն Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Անդերսոն» ռազմակայանից 30-40 կիլոմետր հեռավորության վրա: