Երբ ընտանիքում փոթորիկներ ու երկրաշարժեր են
Ընտանեկան ճգնաժամերը պարտադիր երևույթներ չեն
Եթե հոգեբանական պրակտիկայում երեխաների դեպքում հստակ գծագրված են երեխայի զարգացման փուլերը և նրանց միջև հնարավոր ճգնաժամերը` կապված այն բանի հետ, որ երեխան նոր բաներ է սովորում, և նրա համար դժվար է գտնվել մինչ այդ եղած հարաբերությունների մեջ, և այդ բոլորը հստակ համակարգված ու կանխատեսելի է, ապա մեծահասակների մոտ ամեն ինչ ավելի բարդ է:
Երբ ավարտվում է դեռահասության շրջանը, սկսվում են պատանեկան, ապա՝ երիտասարդական շրջանները, և յուրաքանչյուրի մոտ անհատական զարգացման փուլերը տարբեր կարող են լինել: Նույն կերպ էլ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվում են զարգացման տարբեր փուլեր անցած 2 մարդիկ, և հստակ նկարագրություն չկա, թե ինչ պիտի մարդն անի կոնկրետ տարիքային սահմաններում: Այդ իսկ պատճառով էլ ընտանեկան ճգնաժամերն ավելի վարիատիվ են, քան երեխայի զարգացման ճգնաժամերը, սակայն ընտանեկան համակարգն ունի իր օրինաչափությունները և զարգացման փուլերը: Որպեսզի հասկանանք, թե երբ և որտեղ կարող է ընտանեկան ճգնաժամ առաջանալ, պետք է հետևել ընտանիքի ստեղծման պատմությանն ամենասկզբից, վերլուծել նրա զարգացման յուրաքանչյուր փուլը:
«Ծաղկակոնֆետային» փուլ
Ընտանիքի գոյության 1-ին փուլը կենցաղային մակարդակում անվանում են ծաղկակոնֆետային: Հարաբերությունները նոր են ձևավորվում, բուռն ծաղկում են ապրում զգացմունքները: Այդ ժամանակ զույգը դեռևս ընտանիք չէ. Երեխաներ չկան, և շատերը կարող են մտածել, որ խնդիրներ` նույնպես: Բայց իրականում այդ շրջանում էլ կան որոշակի խնդիրներ, որոնք կարևոր է լուծել առաջ ընթանալու համար: Զույգը պետք է կողմնորոշվի, թե որտեղ պետք է ապրի, նյութական ինչ միջոցներով, պետք է ծնողների հետ հարաբերություններ ձևավորի, որոշի պարտականությունների շրջանակը: Այս խնդիրները կարող են հեշտությամբ լուծվել, եթե ճիշտ ժամանակին սկսեք դրանցով զբաղվել, և այդ ժամանակ հնարավոր կլինի խուսափել ճգնաժամից:
Ռոմանտիկան հեռանում է
Հաջորդ փուլն այն ժամանակահատվածն է, երբ զույգը պետք է ոչ միայն ծանոթանա միմյանց ծնողների հետ, այլև գծի նրանց հետ շփման սահմաններն ամենամանր կենցաղային հարցերից՝ մինչև գլոբալ խնդիրները: Սա իրականում ժամանակատար պրոցես է: Այս շրջանում զույգի ներսում ևս տեղի են ունենում կարևոր փոփոխություններ. Այն, ինչ նախկինում ռոմանտիկ էր, դառնում է սովորական, քանի որ հարաբերությունների համար մեծ փորձություն է միմյանց հետ նույն հարկի տակ ապրելը և ընդհանուր կենցաղ վարելը: Սա շատ բարդ բան է, և շատ հաճախ երիտասարդ զույգերի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ, եթե ռոմանտիկա այլևս չկա, ուրեմն հարաբերություններ էլ չկան: Երբեմն այս խնդրի առաջ կանգնում են մինչև երեխայի ծնունդը, երբեմն էլ` դրանից հետո, բայց այն, որ բուռն զգացմունքները տեղի են տալիս, նրանից է, որ մարդիկ հիմա պարզապես ավելի շատ ժամանակ են միմյանց հետ անցկացնում:
Այս շրջանի համար ևս մեկ կարևոր բան է՝ համոզվել նրանում, որ համատեղ կյանքի համար կազմած զույգի պլանները համընկնում են: Հակառակ դեպքում՝ հետագայում ընտանիքի գոյությունը վտանգված կլինի: Եվ հենց այս ժամանակ էլ ընտանիքը որոշում է, թե ով է թելադրում ընտանիքի կեցության կանոնները: Զույգեր կան, որոնց մոտ ձևավորվում են մրցակցային անառողջ հարաբերություններ, և դա, իհարկե, ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Քիչ զույգեր կան, որոնք ամուսնությունից 15 տարի անց էլ ապրում են «Այր ու կին` մի մարմին» սկզբունքով, սակայն դա չի նշանակում, որ այն զույգերը, որոնց մոտ անցել է միաձուլման փուլը, վստահելի, մտերմիկ հարաբերություններ չունեն:
Միաձուլման փուլում ամուսինները միմյանց կարող են համարել և ընկեր, և սիրեկան, և ծնող, և հենարան, ամեն ինչ, սակայն իրականում զուգընկերը հազվադեպ է բավարարում բոլոր պահանջմունքները: Սա հաճախ բերում է նրան, որ մարդուց պահանջում են այն, ինչ նա տալ չի կարող: Որպեսզի այս շրջանն անցնցում անցնի, ցանկալի է, որ զույգը հասկանա, որ, եթե այդ պահին նրանցից մեկը տուն վազելու փոխարեն՝ գերադասում է ընկերների հետ ժամանակ անցկացնել, չի նշանակում, որ ընտանիքում մի բան այն չէ:
Երեխայի ծնունդը
Հաջորդ փուլը երեխայի ծնունդն է: Առաջնեկի ծնունդը հնարավոր ճգնաժամային իրավիճակի պատճառ կարող է լինել, քանի որ տեղի է ունենում հավասարակշռության խախտում: Տեսեք. զույգն ապրում է իր կյանքով, բայց ահա հայտնվում է 3-րդ անձ և փոխում ամեն ինչ: Ճգնաժամ այս պարագայում կարող է առաջանալ այն դեպքում, եթե ամուսիններից մեկը համաձայն չէ կամ չի կատարում իր` արդեն երեխայի ծննդյան հետ կապված պարտականությունները: Ճգնաժամի համար ևս մեկ պատճառ կարող է լինել ամուսինների՝ ծնողների կողմից իրենց նոր դերին պատրաստ չլինելու հանգամանքը, երբ նորաթուխ տատիկը, ասենք, իրեն դնում է ոչ թե՝ տատիկի, այլ՝ մոր տեղ, կամ, եթե մայրիկին այդպես է թվում:
Այս խնդիրներից կխուսափեք, եթե երեխայի ծննդյան հետ մեկտեղ՝ ընտանիքի անդամների միջև ճիշտ և ներդաշնակ դերաբաշխում կատարեք:
Հաջորդիվ ծնվող երեխաները
Մյուս երեխաների ծննդյան ժամանակահատվածում իրավիճակը զարգանում է այնպես, ինչպես 1-ին երեխայի ծննդյան ժամանակ, սակայն կարող են ավելանալ նաև երեխաների միջ առաջացող խնդիրները, իսկ դրանք կախված են երեխաների սեռից, նրանց միջև եղած տարիքային տարբերությունից, մանկական խանդի դրսևորումներից, և այլն:
Երեխան սոցիալականացվում է
Ճգնաժամային հաջորդ փուլը կարող է առաջանալ երեխայի` մանկապարտեզ կամ դպրոց գնալու շրջանում: Այս փուլում ընտանիքն 1-ին անգամ է բախվում այնպիսի սոցիալական պահանջմունքների հետ, որոնք կարող են խիստ տարբերվել իր արժեքներից և առաջնայնություններից, բայց միևնույն ժամանակ՝ նա պիտի մտնի այդ համակարգի մեջ, որովհետև օրենսդրորեն ամրագրված է, որ յուրաքանչյուր երեխա պետք է հաճախի սոցիալական ինստիտուտներից որևէ մեկը:
Դեռահասության շրջան
Երեխաները մեծանում և հասնում են դեռահասության շրջանին, և սա էլ իր հերթին՝ փորձություն է ընտանիքի համար նաև այն պատճառով, որ դեռահասության շրջանը հաճախ համընկնում է նրանց ծնողների միջին տարիքի ճգնաժամի հետ: Բացի դրանից, կարող են լինել նաև նոր, անծանոթ տագնապներ` կապված հասունացող երեխային բնորոշ խնդիրների հետ:
Լքված բնի սինդրոմը
Երբ բոլոր երեխաները հեռանում են տնից, և ամուսինները մնում են միայնակ, հատկապես՝ եթե երեխաները միակ ֆակտորն էր, որ նրանց իրար հետ կապում էր, կարող է սկսվել ճգնաժամային փուլ: Այս պարագայում կամ պետք է մի նոր բան գտնել հարաբերությունները շարունակելու համար, կամ ավարտել դրանք:
Ոչ նորմատիվային ճգնաժամեր
Դրանք այն ճգնաժամերն են, որոնք ամեն ընտանիքում չեն հանդիպում: Հաճախ դրանք սկսվում են ընտանիքի կազմի արտապլանային փոփոխության ժամանակ, երբ ինչ-որ մեկը մահանում կամ հեռանում է: Կարող է ի հայտ գալ նաև ընտանիքի անդամներից մեկի ծանր հիվանդության, ֆինանսական դժվարությունների, դեռահասային հղիության, քրեական պատմության և նման այլ իրավիճակների դեպքում: Ցանկը շարունակելի է:
Դավաճանության ճգնաժամը
Ընտանիքների նշանակալից մասն անցնում է սրա միջով: Նախկինում ընդունված էր մտածել, որ ամուսնական դավաճանությունն ամուսնության մեջ անբավարարություն ունենալու արդյունք է, և, որ զուգընկերն այդպիսով այդ բավարարվածության զգացումը գտնում է այլ հարաբերություններում: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ շատ բարեկեցիկ ու ամեն ինչից գոհ ընտանիքներում են դավաճանություններ պատահում:
Եթե զույգն անցել է ամուսնական դավաճանության ճգնաժամի միջով և որոշել այնուամենայնիվ միասին լինել, պետք է կարողանա հասկանալ, թե ինչու որոշեցին չքանդել հարաբերությունները, և հետևի հենց այդ փաստարկներին: Սակայն շատ կարևոր է, որ մի կողմին անընդհատ չհիշեցնեն իր արածի մասին, կամ չսպառնան: Այդ դեպքում հարաբերությունների փրկվելու հավանականությունը շատ մեծ է:
Անհատական տագնապներ
Ընտանեկան ճգնաժամի պատճառ կարող է լինել նաև ամուսիններից մեկի անձնական տագնապները ինչպես՝ մարդկային, այնպես էլ՝ մասնագիտական: Այս դեպքում մյուսը պետք է կարողանալ ըմբռնումով մոտենալ իրավիճակին, ավելի ուշադիր լինել և ցույց տալ, թե ինչքան կարևոր է ամուսինն իր համար:
Ճգնաժամը և երեխաները
Շատ կարևոր է, որ նույնիսկ ամենածայրահեղ ճգնաժամային իրավիճակներում երեխաների մասին չմոռանաք: Երեխաները չպետք է ձեզ հետ հավասար մասնակցեն խնդիրների լուծմանը, և, առավել ևս, չպետք է օգտագործվեն՝ որպես հարաբերությունների վրա ազդելու գործիք: Շատ հաճախ նրանք զգում են, որ ծնողների մոտ մի բան այն չէ, բայց չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրականում:
Ի՞նչ ասել երեխաներին: Լավ գաղափար չէ՝ ստել և ասել, որ ամեն ինչ նորմալ է՝ այն դեպքում, երբ երեխան տեսնում ու զգում է, որ մի բան այն չէ: Սա միայն լրացուցիչ լարվածություն ու տագնապ կարող է առաջացնել: Այս դեպքում երեխան կարող է մի այնպիսի սարսափելի բան պատկերացնել, որ շատ դժվար լինի հետո նրան հոգեբանական ճգնաժամից դուրս բերել: Նկատի ունեցեք, որ երեխաները ծնողների միջև եղած կոնֆլիկտի մեջ հաճախ իրենք իրենց են մեղադրում: Շատ ավելի վատ գաղափար է մի ծնողի կողմից մյուսին վատաբանելը երեխայի մոտ: Այդ դեպքում երեխայի հետ միավորվելով` ծնողներից մեկը ծանր հրետանի է դառնում մյուսի համար, և սկսվում է անհավասար մարտը: Սա շատ վտանգավոր գործելակերպ է, քանզի դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ երեխան ծանր հոգեբանական տրավմայի է ենթարկվում: Ինչպիսին էլ լինեն ձեր հարաբերությունները, որքան էլ վիրավորված լինեք իրարից ու որոշեք բաժանվել, խնայեք երեխային, մտածեք նրա հոգեկան առողջության մասին:
Երեխայի հետ ձեր ընտանեկան ճգնաժամի մասին խոսելիս՝ ազնիվ եղեք, բայց մի պատմեք մանրամասները: Կարող եք ասել, որ հիմա բարդ շրջան է, դուք իրար լավ չեք հասկանում, հաճախ եք վիճում, իրարից երբեմն դժգոհ եք լինում, այդ պատճառով էլ միմյանց վրա ձայն կարող եք բարձրացնել, բայց փորձում եք լուծել խնդիրները և շտկել իրավիճակը, եթե դա իսկապես այդպես է: Ասեք, որ շատ ընտանիքներում է այդպես պատահում. Հույս տվեք երեխային: Դա շատ կարևոր բան է այն առումով, որ նա կարող է հանգիստ լինել, որ իր աշխարհը նույնն է մնալու, ու ոչինչ չի փոխվելու:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը