«Եթե Իրանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քաոսային իրավիճակ կստեղծվի տարածաշրջանում. նա չի գնա այդ քայլին». Արմեն Իսրայելյան
Հարցազրույց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ
– Պարոն Իսրայելյան, տեղի ունեցավ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությունը, շուտով կձևավորվի նոր կառավարությունը. առաջիկա 4 տարվա ընթացքում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որևէ առաջընթաց կլինի՞։ Որոշ փորձագետներ նշում են, որ, երբ թուրք-իրանական հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջանում, Իրանը թույլատրում է հայ համայնքին՝ ակցիաներ կազմակերպել Թուրքիայի դեսպանատան դիմաց, իսկ երբ այդ հարաբերություններում ամեն ինչ հարթ է, արգելում է. Դուք ի՞նչ կասեք այս մասին։
– Իրանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գնահատելի է՝ հաշվի առնելով իսլամական գործոնը։ Ե՛վ Իրանի խորհրդարանի պատգամավորների, և՛ նախագահների մակարդակով պարբերաբար հնչում են քննադատական հայտարարություններ։ Իհարկե, «ցեղասպանություն» բառը չի արտասանվում, նշում են՝ հայերի ջարդ, կոտորածներ, և այլն։ Բարեբախտաբար, Իրանը չի շահարկում Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես դա անում են բազմաթիվ երկրներ։ Ցեղասպանության հարցը շահարկելը ճիշտ չէ։ Երբ, օրինակ՝ Թուրքիայի հետ եվրոպական որևէ երկրի հարաբերությունները լարվում են, անմիջապես Ցեղասպանության հարցն են դնում, ինչը ճիշտ չէ։ Իրանում Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ խնդիրների, լարվածություն առաջանալու պարագայում չեն փորձում շահարկել։
Իհարկե, երբ տարածաշրջանում որոշակի գործողություններ են լինում, օրինակ՝ Սիրիայում, Իրանը քննադատելով Թուրքիայի քաղաքականությունը՝ նշում է, որ Թուրքիան ինչպես հայերի Ցեղասպանությունն իրականացրեց, հիմա էլ նույնպիսի ցեղասպանություն է իրականացնում մուսուլմանների նկատմամբ։ Սա շատ կարևոր մեսիջներից մեկն է, որ կասկածի տակ է դնում իսլամական աշխարհում Թուրքիայի լիդեր լինելու մասին հայտարարությունները։
Իրանի կրոնական փոքրամասնությունների և էթնիկական խմբերի հարցերով նախագահի հատուկ օգնական Ալի Յունեսին պարբերաբար ակտիվ համագործակցում է իրանահայ համայնքի հետ, ներկա է լինում ոգեկոչման արարողություններին։ Այնտեղ ներկա են լինում նաև պատգամավորները։ Ապրիլի 24-ին Իրանի իշխանությունները թույլատրում են, որպեսզի իրանահայ համայնքը երթ կազմակերպի Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Իհարկե, որոշակի ժամանակահատվածում, երբ խնդիրներ են առաջանում Իրանի անվտանգության հետ կապված, արգելվում է երթ իրականացնել, և ոգեկոչման արարողությունը տեղի է ունենում մեր առաջնորդարանի հարակից շրջանում, բայց երբ լարված չէ իրավիճակը, թույլատրվում է երթ կազմակերպել։
Իմ կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է դնենք Իրանի առջև՝ շատ լավ գիտակցելով, որ դա հնարավոր չէ։ Եթե Իրանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քաոսային իրավիճակ կստեղծվի տարածաշրջանում։ Իրանն ունենալով տարբեր խնդիրներ Պարսից ծոցում, Սիրիայում և այլն, այդ քայլին պարզապես չի կարող գնալ։ Որևէ երկրի շահերի տեսանկյունից դա կհանգեցնի բազմաթիվ խնդիրների։ Հետևաբար, կարծում եմ, որ քաղաքական մակարդակով Թեհրանը կսահմանափակվի իմ նշած պաշտոնական անձանց հայտարարություններով։
– Իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա արտահանելու հնարավորությանը՝ նշել է, որ Հայաստանը խոշոր նախագծերին մասնակցություն ունենալու հարցում իր պատրաստակամությունը հայտնել է, և, եթե համապատասխան քննարկումներից հետո շահագրգիռ բոլոր կողմերին ձեռնտու լինի, ապա հնարավոր է դա իրականացնել։ Ի՞նչ եք կարծում՝ այս նախագիծն ի՞նչ ծավալներով և ե՞րբ իրականություն կդառնա։ Նախորդ տարի փոքր խմբաքանակով իրանական գազը Հայաստանի տարածքով արդեն արտահանվել էր Վրաստան, բայց կարծես դա շարունակություն չունեցավ։
– Մեկ տարի առաջ, երբ կրկին բարձրացվեց իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա արտահանելու հարցը, բանակցություններն ակտիվ ընթանում էին, և ինչպես նշեցիք՝ փոքր խմբաքանակ արտահանվեց։ Այդ շրջանում Հայաստանը չմտավ ակտիվ բանակցությունների մեջ, և կարծում եմ, որ Երևանի այդ քաղաքականությունը ճիշտ էր, որովհետև Հայաստանը պետք է սպասեր և տեսներ, թե քաղաքականությունն իրական քայլերի վերածվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե այն իրական քայլերի է վերածվում, ապա, անշուշտ, Հայաստանն իր մասնակցությունը կունենա։
Բայց, ցավոք սրտի, Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունը, նաև՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում առաջացած լարվածությունն ու այդ համատեքստում՝ Վրաստան-ԱՄՆ հարաբերություններում նկատվող ջերմացումը, որոշակիորեն այդ գործընթացը սառեցրին։ Բայց մինչև իրանաամերիկյան վերջին սրացումները Վրաստանն ակտիվորեն համագործակցում էր Իրանի հետ։
2017թ. մարտ ամսին Վրաստանի վարչապետն այցելեց Իրան, և այդ շրջանում ևս բարձր մակարդակով հայտարարվեց, որ Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Վրաստան։ Հիմա, եթե լինի եռակողմ կամ քառակողմ ձևաչափով պայմանավորվածություն, անշուշտ, մենք կարող ենք և կանենք քայլեր, որպեսզի մեր տարածքով իրանական գազն արտահանվի Եվրոպա։ Դրան կնպաստի նաև երրորդ էլեկտահաղորդման բլոկը, որն անուղղակիորեն իրանական հոսքը կապահովի Հայաստանի տարածք։ Նաև այստեղ կարող են որոշակի հաջողություններ գրանցել ԵՄ-Վրաստան և ԵՄ-Իրան հարաբերություններում։ Թեև Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածություն կա, բայց Եվրոպայի հետ Իրանի հարաբերությունները խորանում են։
Հայաստանի առաջարկությունը ո՞րն է Իրանին․ նախ՝ ԵՏՄ-ի շրջանակներում, որ Հայաստանի տարածքում ներդրումներ իրականացվեն, համատեղ արտադրանք ստեղծվի, արտահանվի ԵԱՏՄ, և երկրորդ՝ Իրանը փորձի օգտվել GSP+ համակարգից, որը Հայաստանին հնարավորություն է տալիս Եվրոպայի հետ ավելի ազատականացված քաղաքականություն վարել։ Իրանի և ԵՄ-ի միջև բանկային ոլորտում էլ հիմա ակտիվ համագործակցություն կա, և կարող ենք նաև այս համակարգն օգտագործել։
– Իրանի կառավարության կազմի փոփոխությունը Իրան-Հայաստան հարաբերությունների և քննարկվող մեգանախագծերի վրա ի՞նչ ազդեցություն կունենա, նաև հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի էներգետիկայի նախարարն էլ է փոխվելու։
– Կարծում եմ՝ այդ փոփոխություններն էական ազդեցություն չեն ունենա։ Իհարկե, եթե այնպիսի անձինք նշանակվեն, որոնք նախկինում համագործակցություն ունեցել են մեզ հետ, դա որոշակի ազդեցություն կունենա։ Իրանցիներն այն ժողովուրդն են, որոնք մեծ կարևորություն են տալիս նաև անձնական հարաբերություններին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելու է Մահմուդ Վայեզին, որն ակտիվ դերակատարություն է ունեցել այն ժամանակ, երբ Իրանը միջնորդական առաքելություն էր իրականացնում Արցախի հարցում։ Այսինքն՝ հայ-իրանական հարաբերությունների և՛ հնարավորություններից, և՛ հնարավոր խնդիրներից քաջատեղյակ է, և սա Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում իր դրական ազդեցությունը կունենա։ Բայց կառավարության կազմն ընդհանուր քաղաքականության վրա չի ազդի։
– Պարոն Իսրայելյան, հիշեցիք 1990-ականներին Իրանի միջնորդական առաքելությունը. Իրանի ԱԳՆ մակարդակով վերջերս էլ հաճախ են հնչում հայտարարություններ, որ կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է միջնորդ լինել արցախյան հարցում։ Ի՞նչ եք կարծում՝ դրա կարիքը կա՞, և արդյո՞ք դա չի ազդի ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի վրա։
– Կարծում եմ՝ չկա, և Իրանն էլ միջնորդական առաքելության մասին հայտարարության ժամանակ ընդգծում ու կարևորում է ՄԽ գործունեությունը։ Այսինքն՝ այդ միջնորդական առաքելություն ասվածն ավելի շատ իր մասնակցությունն ու աջակցությունն է կարգավորման գործընթացին։ Նաև այն ենթատեքստն ունի, որ իրանական կողմը Թուրքիային հեռու պահի այս գործընթացներից, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ Իրանը հստակ հայտարարեց, որ արտատարածաշրջանային և տարածաշրջանային այն երկրները, որոնք լարվածությանն են նպաստում, գործ չպետք է ունենան բանակցությունների հետ։ Ես կարծում եմ, որ այս միջնորդական առաքելություն իրականացնելու հետ կապված առաջարկը հենց դրա համար է, որ Իրանն իր միջնորդությունն ունենա և թույլ չտա, որպեսզի Թուրքիան իր միակողմանի աջակցությունը ցուցաբերի Ադրբեջանին։ Իրանը միակ երկիրն է, որն Արցախի հետ ցամաքային սահման ունի, և բնականաբար, նրան չի կարող այդ հարցը չմտահոգել։ Նաև ԱԳՆ մակարդակով մշտապես հայտարարվում է այդ մասին։ Իրանի պատգամավորների հետ մեր պատգամավորների հարաբերությունները ևս շատ կարևոր են, այսինքն՝ չպետք է սպասել միայն ԱԳՆ հայտարարություններին։ Եթե մենք կարողանանք ակտիվ համագործակցել լրագրողական շրջանակների, պատգամավորների հետ, դա իր ազդեցությունը կունենա հետագայում Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելու վրա։
– Ես Ձեզ ճի՞շտ հասկացա՝ Իրանը ցանկանում է դառնալ ՄԽ անդամ, ինչպես Թուրքիա՞ն է։
– Իրանը չի ուզում դառնալ ՄԽ անդամ։ Նա համանախագահող երկրների ձևաչափի վերաբերյալ է մշտապես հայտարարում, որ հայտնում է իր աջակցությունը։ Մասնակցություն ունենալը ես նկատի ունեմ, որ գուցե լինի Իրան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, որը մենք նկատում ենք, օրինակ՝ Ռուսաստանի պարագայում։ Այսինքն՝ եռակողմ հանդիպումներ են լինում, որը ոչ թե ՄԽ գործունեության շրջանակներում է, այլ պարզապես հավելյալ մի հնարավորություն է, որը կօգնի ՄԽ գործունեությանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։