Բաժիններ՝

Բոտերը հորինել են իրենց լեզուն. ինչո՞ւ Facebook-ը վախեցավ արհեստական ինտելեկտից

Facebook սոցցանցի ղեկավարությունն ստիպված էր անջատել արհեստական ինտելեկտի իր համակարգն այն բանից հետո, երբ մեքենաները սկսեցին յուրովի շփվել սեփական՝ գոյություն չունեցող լեզվով, որը մարդիկ չէին հասկանում։

Համակարգն օգտագործում էր չաթ-բոտեր, որոնք ի սկզբանե ստեղծվել էին կենդանի մարդկանց հետ հաղորդակցվելու համար, սակայն աստիճանաբար սկսեցին իրար հետ հաղորդակցվել։ Սկզբում նրանք շփվում էին անգլերեն, սակայն ինչ-որ պահի սկսեցին հաղորդակցվել լեզվով, որն անձամբ էին ստեղծել ծրագրի զարգացման ընթացքում։
Ամերիկյան ԶԼՄ-ներում հայտվել են պատառիկներ «երկխոսությունից», որը վարում էին իրար հետ վիրտուալ զրուցակիցները.

Բոբ – Ես կարող կարող… ԵսԵՍ ամեն ինչ։
Էլիս – Գնդակները ունեն զրո ինձ համար, ինձ համար, ինձ համար, ինձ համար։

Ինչպես բացատրում է Digital Journal պարբերականը, արհեստական ինտելեկտի համակարգերը հենվում են «քաջալերանքի» սկզբունքի վրա, այսինքն՝ շարունակում են գործողությունները պայմանով, որ դա իրենց որոշակի «օգուտ» կտա։ Ինչ-որ պահի, երբ չստացան խրախուսման ազդանշան օպերատորներից անգլերենի օգտագործման համար, պատճառով էլ որոշեցին ստեղծել իրենց սեփական լեզուն։

Tech Times պարբերականը նշում է, որ ռոբոտներն ի սկզբանե սահմանափակումներ չեն ունեցել լեզվի ընտրության հարցում, այդ իսկ պատճառով աստիճանաբար ստեղծեցին իրենց լեզուն, որով կարող էին ավելի պարզ ու արագ հաղորդակցվել, քան անգլերենով։

Ամենամեծ սպառնալիքը

Փորձագետները մտավախություն ունեն, որ եթե բոտերն ակտիվորեն սկսեն հաղորդակցվել իրենց սեփական լեզվով, ապա ակտիվորեն կդառնան ավելի ինքնուրույն և կսկսեն գործել IT-մասնագետների վերահսկողությունից դուրս։ Ավելին, անգամ փորձառու ինժեներները չեն կարող ամբողջությամբ հետևել բոտերի մտքի գործընթացին։
Մի քանի օր առաջ անգամ արհեստական ինտելեկտի վերաբերյալ տարաձայնություններ ունեցան Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու SpaceX-ի, Tesla-ի և PayPal-ի հիմնադիր Իլոն Մասկը։

Մասկը կոչ արեց ԱՄՆ իշխանություններին ուժեղացնել արհեստական ինտելեկտի համակարգը՝ նախազգուշացնելով, որ այն սպառնալիք է ներկայացնում մարդկության համար։ Ավելի վաղ արհեստական ինտելեկտի՝ մարդկությանը սպառնացող վտանգի մասին խոսել է բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը։

Ելույթ ունենալով Միացյալ Նահանգների նահանգապետերի ազգային ասոցիացիայի գագաթաժողովում՝ Մասկն արհեստական ինտելեկտը անվանեց «առավել մեծ սպառնալիք, որի հետ բախվում է քաղաքակրթությունը»։ Նրա խոսքով՝ եթե ժամանակին չմիջամտեն այդ համակարգերի զարգացմանը՝ ապա չափազանց ուշ կլինի։
«Ես շարունակում եմ ահազանգել, սակայն մինչ մարդիկ չտեսնեն փողոցում քայլող ու մարդկանց սպանող ռոբոտների, չեն հասկանա, թե ինչպես արձագանքել արհեստական ինտելեկտին»,- ասել է նա։

Մասկի հայտարարությունը նյարդայնացրել էր Մարկ Ցուկերբերգին, որը հայտարարությունն անվանել էր «բավական անպատասխանատու»։ «Մոտակա 5 կամ 10 տարում արհեստական ինտելեկտը կյանքն ավելի լավը կդարձնի»,- հայտարարել է Ցուկերբերգը։

Թարգմանություն՝ արհեստական ինտելեկտից

Անցած տարվա աշնանը հայտնի դարձավ, որ Google որոնողական համակարգն ստեղծել է արհեստական ինտելեկտի իր համակարգը՝ կատարելագործելու Google Translate օնլայն թարգմանչական համակարգը։

Նոր համակարգը թույլ է տալիս թարգմանել ողջ արտահայտությունն ամբողջությամբ, այն դեպքում, երբ ավելի վաղ նախադասությունը մասնատում էր առանձին բառերի ու արտահայտությունների, ինչը նվազեցնում էր թարգմանության որակը։

Որպեսզի թարգմանվեն բոլոր նախադասություններն ամբողջությամբ, Google համակարգը ստեղծեց իր սեփական լեզուն, որը թույլ կտա ավելի արագ ու ճշգրիտ կողմնորոշվել երկու լեզվի միջև, որոնցից պետք է թարգմանություն կատարի։

Փորձագետներն արդեն նախազգուշացնում են, որ թարգմանությունների համար օնլայն ծառայությունների սրընթաց զարգացումը կարող է կենդանի թարգմանիչների ծառայությունները դարձնել ավելի քիչ պահանջարկված, սակայն դեռևս այդ համակարգերը որակյալ արդյունք են ցույց տալիս հիմնականում ոչ մեծ և ոչ բարդ տեքստերի դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս