
Ալեքսիս Օհանյանի Reddit-ը ստացել է 200 միլիոն դոլար ներդրում

Recode-ը տեղեկացնում է, որ հայազգի Ալեքսիս Օհանյանի հիմնադրած սոցիալական ցանցը՝ Reddit-ը, ստացել է $200 միլիոն ներդրում: Սա ընկերության պատմության ամենամեծ ներդրումն է: Ըստ աղբյուրի՝ այժմ սոցցանցը գնահատվում է $1.8 միլիարդ: Այս մասին աղբյուրին է տեղեկացրել ընկերության համահիմնադիր Սթիվ Հոֆմանը:
Ներդրումն իրականացվել է Սիլիկոնային հովտում հայտնի մի շարք ընկերությունների կողմից: Դրանց ցանկում են նաև Andreessen Horowitz և Sequoia Capita ընկերությունները: Ներդրմանը մասնակցել են նաև Coatue, Vy Capital, Fidelity վենչուրային ֆոնդերը, Y Combinator-ի ղեկավար Սեմ Ալթմանը՝ որպես անհատ ներդրող, և Ռոն Կոնվեյը(SV Angel):
Հոֆմանը նշել է, որ ներդրումն օգտագործվելու է բիզնեսի առաջխաղացման համար: Ըստ Հոֆմանի՝ հիմա կան մի քանի բաց տեղեր, որոնք կլրացվեն հենց այս ներդրման շնորհիվ: Խոսքը, մասնավորապես, սոցցանցի web տարբերակի թարմացման և օգտատերերի բեռնած տեսանյութերի հետ աշխատանքի մասին է:
Սիրարփի Աղաբաբյան