«Հայաստան-Իրան հարաբերություններում խոսքից պետք է անցնել գործի». Ստեփան Գրիգորյան
Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, օգոստոսի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Թեհրան` մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալությանը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս այցից:
– Նախ` շատ կարևոր են նախքան այդ այցելությունն իրանական լրատվամիջոցներին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցները, որտեղ շոշափվել են շատ տարբեր հարցեր, այդ թվում` Իրանի հետ համագործակցությունն էներգետիկ, գազային ոլորտներում, մասնավորապես` իրանական գազը դեպի Եվրոպա տեղափոխման հարցերը, և այլն, որոնց մասին մենք շատ ենք խոսում: Իմ կարծիքով` այդ ծրագրերի մասին խոսելու փուլից մենք պետք է անցնենք կոնկրետ գործերի: Իրանական գազը Եվրոպա տեղափոխելու մասին մենք շատ ենք խոսել ու զարմանում էինք, որ մեր կառավարությունից արագ արձագանք չկա: Շատ ուրախ եմ, որ այս հարցերը շոշափվեցին Սերժ Սարգսյանի հարցազրույցների ժամանակ, բայց դրանցից ես հասկացա, որ Իրանում ևս սպասում են մեր պատասխանին:
Այսինքն` Իրանի լրագրողն այդ հարցը տվել է, նշանակում է՝ իրենք էլ սպասում են պատասխանի այդ հարցում: Մեծ գաղտնիք չէ, որ Իրանը համաձայն է իր գազը Հայաստանի և Վրաստանի տարածքով տեղափոխել Եվրոպա: Սերժ Սարգսյանի Իրան այցելությունից իմ սպասելիքն այն է, որ Հայաստանն ու Իրանը ծրագրերից անցնեն կոնկրետ գործողությունների, առաջին հերթին նկատի ունեմ՝ գազային, էներգետիկ ոլորտներում, օրինակ` նույն Մեղրիի 2 հէկ-երը, որ Իրանը կառուցում է, մեկը՝ իր համար, մեկը` մեր, ինչո՞ւ է դանդաղ առաջ ընթանում, կամ ինչո՞ւ է դանդաղ ընթանում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը:
Ես հուսով եմ, որ այնտեղ Սերժ Սարգսյանն աջակցություն կխնդրի նաև «Հյուսիս-Հարավ» նախագծի համար, որպեսզի արագացնի դրա ընթացքը: Բայց իմ կարծիքով՝ դանդաղաշարժության գլխավոր մեղավորը մենք ենք:
– Ինչո՞ւ:
– Այստեղ 2 պատճառ կա: Նախ` գուցե Ռուսաստանն առանձին դեպքերում դեմ է, օրինակ` գազային ոլորտում մենք պաշտոնապես մենաշնորհը տվեցինք «Գազպրոմին», և գուցե հիմա «Գազպրոմը» չի ուզում, որպեսզի Հայաստանը տարանցիկ երկիր դառնա, ավելի անկախ լինի: Երկրորդ խոչընդոտը, ակնհայտ է, կոռուպցիան է, որի դասական օրինակը «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունն էր մինչև վերջին ժամանակներս: Հիմա շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում, ինչը մենք ողջունում ենք: Բայց մինչ այդ 4-5 տարի աղետալի վիճակ էր: Դասական կոռուպցիայի օրինակը Մասիս-Արարատ հատվածն է, մոտ 25 կիլոմետրանոց, որն ուղղակի աղետալի է: Այսինքն` պատճառները տարբեր են` քաղաքական, որ Ռուսաստանն է դեմ, բայց պետք է սեփական շահով առաջնորդվել, ոչ թե լսել ուրիշին, երկրորդը` կոռուպցիան, որի ռիսկերի դեմ պետք է պայքարել: Ի պատիվ մեր կառավարության, պետք է ասել, որ, օրինակ, «Հյուսիս-Հարավի» Երևանից Գյումրի մասի բավականին մեծ հատվածներում ակտիվ շինարարություն է գնում:
– Սերժ Սարգսյանի հարցազրույցներում նկատվում է Իրանը Հայաստանի տարածքով՝ Եվրոպային, և ոչ թե՝ ԵԱՏՄ-ին կապելու ուղղվածություն:
– Դա էլ կա: Համաձայն եմ, Հայաստանն այդ գործառույթը կարող է կատարել, մեր բանկային համակարգը բավականին գրավիչ է, Եվրոպայի հետ փայլուն հարաբերություններ ունի, այստեղ կարող ենք միջնորդ լինել: Երկրորդը` էներգետիկ ոլորտում մենք իրանցիների հետ հասկանում ենք իրար, և այստեղ էլ կարող ենք լինել միջնորդ: Ինչո՞ւ է ԵԱՏՄ-ի մասին քիչ խոսել: Որովհետև ԵԱՏՄ-ում հետաքրքիր ոչինչ չկա, ի՞նչ խոսի:
– Իրանի՞ համար հետաքրքիր չէ ԵԱՏՄ-ն:
– Կարծում եմ` նաև Իրանին չի հետաքրքրում: Բայց այստեղ էլ պետք է փորձել աշխատել: Ինչո՞ւ: Որովհետև մենք ԵԱՏՄ անդամ ենք դարձել, և մեզ ձեռնտու է, որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցի, գոնե մի բան ստորագրի, որպեսզի մենք կարողանանք խորացնել մեր հարաբերություններն Իրանի հետ: Այլապես մենք իրավունք չունենք, քանի որ ԵԱՏՄ շրջանակներում որոշակի պարտավորություններ ենք ստանձնել: Բայց ի՞նչ պայմանագիր ստորագրի, ի՞նչ կարելի է անել ԵԱՏՄ-ի հետ: Այդ միությունը չաշխատող կառույց է: Հասկանում եք, դա ստիպողաբար չի կարող լինել: Եթե ԵԱՏՄ-ում միայն Հայաստանը խնդիրներ ունենար, դա այլ հարց կլիներ, բայց հայտնի է, որ այնտեղ Ռուսաստանի հետ և՛ Բելառուսը խնդիրներ ունի, և՛ Ղազախստանը: Դժվարանում եմ ասել, թե դա ինչի հետ է կապված`Ռուսաստանում ճգնաժամի՞, թե՞ այլ, դա մասնագետները թող ասեն, բայց գիտեք, ԵԱՏՄ մեխանիզմները դեռ չեն աշխատում, և պարզ երևում է, որ ԵԱՏՄ շրջանակներում ազատ շուկա, աշխատուժի ազատ տեղաշարժ և այլ խնդիրները շատ են:
Միգուցե դրա համար Իրանը մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում, գուցե այլ պատճառներ ևս կան: Իսկ Իրան-Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը շատ ռեալ է ու հիմքեր կան, և՛ Հայաստանն է Եվրոպայի հետ ինտենսիվ աշխատոմ, և՛ Իրանն ավելի լավ կարող է շփվել եվրոպացիների հետ մեր գործարար աշխարհի, մեր պետական ինստիտուտների միջոցով, քանի որ իրենք եվրոպացիների հետ հակասություններ ունեն և հաճախ իրար լավ չեն հասկանում:
Մենք կարող ենք օգտակար լինել Իրանի ատոմային էներգետիկայի ոլորտում, մեր մասնագետներն իրոք միջազգային մակարդակի են: Համագործակցության տարբեր ոլորտներ կան, բայց խոսքից պետք է անցնել գործի: Ի վերջո, քանի տարի է՝ խոսում ենք Իրան-Հայաստան երկրորդ գազամուղի կառուցման մասին, Իրան-Հայաստան տարանցիկ ուղու մասին, և այլն:
– ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է նոր պատժամիջոցների փաթեթ՝ միաժամանակ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է դա փաթեթային, և Իրանի հետ կապված նորից ի՞նչ խնդիրներ ունեն, և այդ ամենն ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի համար:
– Պատժամիջոցները փաթեթային ներկայացնելու պատճառներն ուրիշ են, դա ԱՄՆ քաղաքականությունն է, ոչ մի կապ չունի Իրանի, Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը չէր ուզում այդ պատժամիջոցներն ուղղել միայն Ռուսաստանի դեմ, և այդ պատճառով դա փաթեթային արվեց: Դա քաղաքական քայլ էր: Այդ պատժամիջոցների 70-80%-ն ուղղված է Ռուսաստանի դեմ, իսկ Իրանի դեմ պատժամիջոցներն իրականում չեն խստացվում: Իհարկե, Իրանի դեմ տարրեր կան, բայց այնպես չէ, որ ԱՄՆ-ը դուռը փակում է: Այդտեղ մտավախություններ ես չունեմ, Իրանի հանդեպ կետերն այդքան կոշտ չեն: Թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, ամերիկացիներն Իրանի հարցերը շոշափեցին, որովհետև դա կապված է Եվրամիության հետ:
Այն ժամանակ ԵՄ-ն ԱՄՆ-ից խնդրում էր պատժամիջոցներն Իրանի դեմ հանել, որպեսզի իրենց գազային կախվածությունը Ռուսաստանից թուլանա, իրենք կարողանան գազ և նավթ գնել Իրանից: Ամերիկացիներն էլ հիմա ասում են` եթե նման բան եք խնդրել, ինչո՞ւ եք այժմ կառուցում Ռուսաստանից Եվրոպա երկրորդ խողովակաշարը` Հյուսիսային հոսք 2-ը: Այստեղ խնդիրները մեզ հետ կապված չեն, ԱՄՆ-ի մեծ քաղաքականության հետ են կապված, բայց կարևոր է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խիստ չեն և գլխավորը չեն: Մենք այստեղ ոչ մի մտավախություն չունենք: