«Սա կարող է նպաստել Հայաստանի ազատագրմանը ռուսական գաղութատիրությունից». Աղասի Ենոքյան
Հարցազրույց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ
– Պարոն Ենոքյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանից Եվրոպա գազի տարանցման մեծածավալ նախագիծը գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում, այն պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և, եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ, ընթացք կտրվի։ Ձեր կարծիքով՝ այս հարցը միայն տնտեսակա՞ն հարթությունում է, թե՞ առավելապես քաղաքական բնույթ է կրում։
– Դա, նախ և առաջ, քաղաքական խնդիր է, այդտեղ տնտեսական խնդիր կարծես չկա, որովհետև տեխնիկապես այդ հարցը շատ հեշտ լուծելի է։ Այնպես որ, խնդիրը պետք է նայել նույն համատեքստում, ինչ և ամերիկյան 8 մլրդ-ի առաջարկին չպատասխանելն էր, այսինքն՝ կրկին քննարկումների փուլում է։ Խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ իշխանությունները կգնա՞ն ռուսական «Գազպրոմի» մոնոպոլիան Հայաստանում վերացնելուն, թե՞ ոչ։ Եվ եթե Իրանը բացի, իրանական տարանցիկ գազը Հայաստան մտնի, սա «Գազպրոմին» մեկ այլ լրջագույն մարտահրավեր կհանդիսանա, որովհետև դա ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Եվրոպային գազ մատակարարելու հարց է։ «Գազպրոմը» երկար տարիներ փորձում է որպես մոնոպոլիստ հանդես գալ Եվրոպայում։ Իհարկե, վերջին ընթացքում այդ մոնոպոլիան խարխլվում է, և ամերիկյան այս սանկցիաների պատճառով այն ավելի խոցելի է դառնում։ Այսինքն՝ արդյոք Ռուսաստանը վերջապես հանձնվո՞ւմ է Եվրոպայում մոնոպոլիա հաստատվելու իր մտքից։ Եվ Սերժ Սարգսյանն ընդամենը պետք է Ռուսաստանի որոշումը կատարի։
– Բայց հիմա աշխարհաքաղաքական խառը ու բարդ իրավիճակ է ստեղծվել՝ հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որի պատճառով Եվրոպան գազ չի կարողանա ստանալ Ռուսաստանից, նաև ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։
– Այդ համատեքստում եմ ասում, որ ստեղծվում է մի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը չի մերժում, ասում է՝ քննարկումների փուլում է, կարծես իր համար թողնելով հնարավորությունների պատուհան, որովհետև իրավիճակն այնքան է լարված, որ երևի թե կարող է ամիսների ընթացքում այդ խնդիրները լուծվեն, այսինքն՝ «Գազպրոմ»-Եվրոպա կամ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները փոխվեն և, միգուցե, Հայաստանը հնարավորություն ստանա ու ինքն էլ դառնա դեպի Եվրոպա տարանցիկ ճանապարհներից մեկը։
– Իսկ այդ պատժամիջոցներն ինչո՞ւ են փաթեթային ներկայացվել՝ միաժամանակ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ։
– Այստեղ, բացի նրանից, որ Ամերիկյան Կոնգրեսը շտապում է և ցանկանում է նախագահի ձեռքերը կապել, թույլ չտալ, որ նա որևէ մի կողմին փորձի անձնական որոշմամբ որոշակի առավելություններ տալ, նաև քաղաքական հարց կա։ Ցույց է տրվում չարիքի առանցքը։ Այսինքն՝ դա Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանն են։ Այսինքն՝ սա Ռուսաստանին ևս մեկ հարված է՝ ցույց տալու, թե ո՞րն է նրա տեղն ամերիկյան ընկալմամբ։
– Իսկ Իրանն ինչո՞ւ է այժմ էլ դիտարկվում՝ որպես չարիք։ Չէ՞ որ կնքված պայմանագիրը կարծես թե չի խախտել և կատարում է։
– Դա երևի թե Թրամփի քաղաքականության կարևոր մասերից մեկն է։ Այսինքն՝ քանի որ Թրամփը չի կարողանում, այսպես ասած, նոր դրական քաղաքականություն առաջարկել, նրա քաղաքականությունը հակաօբամայականությունն է, այսինքն՝ այն, ինչ Օբաման է արել, չեղարկել այդ ամեն ինչը։ Դա զգացվում է թե՛ ներքին քաղաքականության մեջ, թե՛ ներգաղթյալների, թե՛ առողջապահական փաթեթի հետ կապված հարցերում։ Նույնն Իրանի հետ է։ Ամերիկացիներն ասում են՝ redo, այսինքն՝ այն ամեն ինչը, որ արվել է, այդ ամենը ետ շրջել։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը կա։
– Թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հանդեպ պատժամիջոցների ազղդեցությունը Հայաստանի վրա ինչպիսի՞ն կլինի։
– Հայաստանի վրա, իհարկե, բացասական ազդեցություն կլինի առաջին փուլում։ Որովհետև Հայաստանը լրջորեն կախված է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներից, իսկ դրանք, փաստորեն, էապես կկրճատվեն։ Մյուս կողմից՝ Հայաստանը հիմա գտնվում է ռուսական քաղաքականության ծիրում, և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ավտոմատ բերելու են նաև Հայաստանի հետագա մեկուսացման։ Սա, կրկնեմ, առաջին փուլում։ Երկրորդը՝ միգուցե այս պատժամիջոցները Ռուսաստանում բերեն որոշակի փոփոխությունների, և սա կարող է նպաստել Հայաստանի ազատագրմանը ռուսական գաղութատիրությունից։
– Ի՞նչ առումով եք դա ասում՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դո՞ւրս կգա, թե՞ ինչ կլինի։
– Ես կարծում եմ՝ զարգացումներն այնքան արագ կարող են լինել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այլևս չլինի։ Ռուսաստանում կարող են կարդինալ փոփոխություններ լինել, որովհետև այդ պատժամիջոցներն ազդում են ռուսական օլիգարխիայի մի ամբողջական շերտի վրա, որը կարող է այլևս պուտինյան նման քաղաքականությունը չհանդուրժել և փորձել Ռուսաստանում այլ քաղաքականություն վարել։
– Այսինքն՝ հեղաշրջո՞ւմ կլինի, Պուտինին գահընկե՞ց կանեն։
– Անունը հեղաշրջում չդնենք, ուղղակի այլ քաղաքականություն կվարեն, դա կլինի ընտրություններով, հեղաշրջմամբ թե այլ մեթոդներով։