«ԱՄՆ-ը բոլորին ի ցույց է դնում Վրաստանի հետ գործընկերությունը, այդ թվում՝ տարածքային խնդիրների լուծման հարցում». Ռամազ Սակվարելիձե

«Կողմերի դիրքորոշումները հայտնի են վաղուց. Միացյալ Նահանգները Վրաստանին համարում է իր գործընկերը և բոլորին ի ցույց է դնում այդ գործընկերությունը, այդ թվում՝ տարածքային խնդիների լուծման հարցում, այսինքն՝ Վրաստանին քաղաքական աջակցություն է ցուցաբերում տարածքային ամբողջականության հարցում և, անկախ՝ Վրաստանը կդառնա՞ ՆԱՏՕ-ի անդամ, թե՞ ոչ, պետք է զգա ԱՄՆ աջակցությունը բոլոր հարցերում, օրինակ, որ երբեք Վրաստանի հանդեպ չի կրկնվի ագրեսիան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Կովկասի հարցերով վրացի քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի այցը Վրաստանը։

Սակայն, ըստ նրա, վրաց-ամերիկյան հարաբերություններում Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ ոչ մի կոնկրետ ծրագիր չկա. «Դա ակնհայտ է կողմերի հայտարարություններից»։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները որևէ կերպ չեն առնչվում Վրաստանին. «Մեր երկրի նման պետությունը չի կարող այդտեղ դերակատար լինել»։

Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է՝ ԱՄՆ-ը որևէ դերակատարում ստանձնի Աբխազիայի տարածքով տրանսպորտային միջանցքի բացման հարցում, Ռ. Սակվարելիձեն նշեց, որ դժվար թե ԱՄՆ-ը միջամտի Վրաստանի քաղաքականությանը.

«Դա պարզ է վրացական քաղաքական հռետորաբանությունից։ Ավելին՝ Վրաստանում կասկածի տակ է դրվում այդ նախագծի նպատակահարմարությունը։ Նաև Աբխազիայում այդ նախագիծը պարտվողական են համարում հենց աբխազների համար։ Կարծում եմ՝ այդ նախագծի չեղարկման առումով առաջին հերթին՝ մեծ դեր կխաղա աբխազական կողմի դժգոհությունը դրանից»։

Անդրադառնալով դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագրին, որի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրանական «Շարղ» օրաթերթին հայտարարել է, որ այդ մեծածավալ նախագիծը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում, Ռ. Սակվարելիձեն նշեց, որ, թեև Վրաստանում այդ նախագիծը քննարկվում է կաբինետներում, սակայն մամուլում դրա մասին խոսք չկա։

Ըստ նրա՝ Իրանի հանդեպ այժմ նախկին սահմանափակումները չկան, և այդ իսկ պատճառով՝ խնդրի քաղաքական կողմը սպառված է, հերթը տնտեսական բաղադրիչինն է։

 

Տեսանյութեր

Լրահոս