Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը պատրաստվում է «Արդարության համաժողով» կազմակերպել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) պատրաստվում է օգոստոսի 26-30-ը «Արդարության համաժողով» կազմակերպել:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
«Արդարության համաժողով»-ի կազմակերպման մանրամասների մասին խոսել է CHP նախագահի տեղակալ, կուսակցության խոսնակ Բուլենթ Թեզջանը:
«Արդարության երթի անցկացումից հետո, բնակչության տարբեր հատվածների կողմից շատ կարևոր կոչեր են հնչել: Բնակչության բոլոր հատվածները պահանջել են կազմակերպել մի համաժողով, որի ժամանակ կքննարկվեն երկրում արդարության վերաբեյալ տարբեր հարցեր: Անհրաժեշտ է մի համաժողով, որտեղ կքննարկվեն երկրի կյանքում առկա բոլոր անարդարությունները: Այդ նպատակով օգոստոսի 26-30-ը Չանաքքալեում կազմակերպելու ենք 5 օր տևողությամբ համաժողով: Այդ համաժողովի ժամանակ բնակչության տարբեր հատվածների ներկայացուցիչները կխոսեն երկրում առկա անարդարությունների և դրանցից ազատվելու ճանապարհեների մասին»,- կուսակցության գլխավոր գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թեզջանը:
Թեզջանը անդրադարձել է նաև Թուրքիայի արդարադատության համակարգում առկա անարդարություններին և քննադատել «Ջումհուրիեթ» թերթի լրագրողների անարդար ձերբակալություններին և նրանց նկատմամբ կայացված դատական վճիռներին:
«Ջումհուրիեթ» թերթի 11 աշխատակիցներ ձերբակալվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ համագործակցելու մեղադրանքով դատարանը պայմանական ազատ է արձակել նրանցից 7-ին: Այս գործով դատական նիստերը սկսվել են նախորդ երկուշաբթի: Միևնույն մեղադրանքով ձերբակալվել են թերթի 11 աշխատակից, իսկ վեցի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Թերթի ևս երկու աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը հետախուզման մեջ են:
Թեզջանը հայտարարել է նաև, որ պետք է հասնել նրան, որ ազատ արձակվեն բոլորը, քանի որ այդ ձերբակալություններն ու վճիռներն անօրինական են:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:
«Ջումհուրիեթ» թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին այն բանի համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին:
Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ: