Հայաստանն ամենահիանալի երկիրն է, որը երբևէ տեսել եմ. մնջախաղաց Միր Լոկման
Բանգլադեշում հայտնի մնջախաղաց Միր Լոկմանը վերջերս Հայաստանում էր: Նա Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում ներկայացրեց «Պայքար» խորագրով համարը, որը բրավոների արժանացավ: Լոկմանի խոսքով` Հայաստանը դրախտավայր է, որտեղ ինքը կցանկանար ապրել: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց կենսուրախ մնջախաղացի հետ:
-Բանգլադեշում զարգացա՞ծ է մնջախաղը:
-Իմ երկրում մնջախաղի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: Մեր բնակչության թիվը շատ մեծ է, և մնջախաղի մասին շատերն անգամ չեն լսել, բայց, ծանոթանալով արվեստի այս տեսակին, սիրում են, տարվում դրանով: Բոլորը փորձում են հասկանալ այն, իսկ մենք` մնջախաղացներս, անում ենք ամեն բան մարմնի լեզվով խոսող թատրոնը ճանաչելի դարձնելու համար:
-Ե՞րբ և որտե՞ղ եք առաջին անգամ ծանոթացել մնջախաղին: Որտե՞ղ եք սովորել այն, և ինչպե՞ս եք կարողանում այդքան լավ տիրապետել արվեստի այդ ճյուղին:
-Ժամանակին ինձ շատ էին հետաքրքրում տարբեր կրոնները, որոնք ես խորությամբ ուսումնասիրում էի. կրոնից անցում կատարեցի մնջախաղին, ու այն դարձավ իմ կյանքի կարևորագույն մասը: Սովորել եմ տարբեր մնջախաղացներից, մասնակցել վարպետության դասերի և 2011 թվականին ստեղծեցի մնջախաղի իմ թիմը, որն անվանեցի Դաքքայի համալսարանի մնջախաղի խումբ: Առանց հանգստի շարունակում եմ կատարելագործել կարողություններս, հմտություններս ու ավելի քան 350 անգամ ներկայացումներով հանդես եմ եկել իմ երկրի տարբեր շրջաններում:
-Մեզ մատուցած ներկայացման մեջ պայքարում եք հանուն մարդու ազատության: Բանգլադեշի հասարակությունն ի՞նչ խնդիրներ ունի և ի՞նչ է սիրում տեսնել բեմում՝ զվարճալի՞, թե՝ դրամատիկ կերպարներ:
-Այս ներկայացումն ավելի դրմատիկ ու ծանր էր, սակայն ընթացքում այն փոփոխել եմ, ավելի թեթև և անգամ զվարճալի նոտաներ հաղորդել դրան: Անդրադառնում եմ անկախությանը, պատերազմներին, անգամ ցեղասպանություններին:
-Մի քանի օր է այստեղ եք, հաղորդակցվում եք արվեստի ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ, շրջում մեր երկրում: Սիրեցի՞ք Հայաստանը:
-Սա ամենահիանալի երկիրն է, որը ես երբևէ տեսել եմ. ասես դրախտ լինի: Եղել եմ Դիլիջանում, Սևանում, Երևանում, հատուկ գնացել եմ նաև «Բանգլադեշ» թաղամաս: Շատ կցանկանայի ավելի երկար ժամանակով մնալ այստեղ:
-Ի՞նչ է մնջախաղը Ձեզ համար:
-Մնջախաղն իմ կյանքն է, իմ ապրելակերպը: Արթնանում եմ մնջախաղի հետ ու քուն մտնում նրա հետ: Այն իմ հոգին է, իմ մարմինը: Ցանկանում եմ ակադեմիական կրթություն ապահովել մեր երկրում կամ նման առարկա մտցնել մեր համալսարանում:
Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի