Բաժիններ՝

«Այդ ամենը տեսնելուց հետո կամ շատ վախկոտ պիտի լինես, փախչես, կամ պիտի կանգնես ու կռվես»

Պայմանավորված ժամից մի քիչ ուշացած հասնում եմ Աշոտ Նիկողոսյանի տուն. հեռախոսով այնքան մանրակրկիտ էր նկարագրել տան տեղը, որ առանց ուղեկցության գտա շքամուտքը: Արիության մեդալակիր, ազատամարտիկ Աշոտ Նիկողոսյանը համակարգչի առաջ օրվա լուրերին է ծանոթանում: Պատերազմի բոլոր դժվարությունները տեսած ազատամարտիկն այսօր էլ պայքարում է, բայց՝ այլ ճակատում. արդեն 20 տարի է՝ իր հիմնած հասարակական կազմակերպությամբ վիրավոր ու զոհված ազատամարտիկների ընտանիքների կողքին է կանգնած, պայքարում է նրանց խնդիրների լուծման համար: Ասում է՝ հիմա տղերքը մի քիչ նեղացած ու նեղսրտած են անարդարությունից ու իրենց նկատմամբ անուշադրությունից: Բայց անկախ գնահատանքից՝ հպարտ են, որ իրենց կյանքի, առողջության գնով պաշտպանել են հայրենիքը:

Ուղղությունը՝ Թալիշ

Շարժման տարիներին կուսակցական աշխատող էի, ռայկոմում էի աշխատում: Դժվար էր շարժմանը բացահայտ մասնակցելը, բայց համագործակցում էի մինչեւ 1990 թվականը, երբ դուրս եկա կուսակցությունից: Հայաստանում հազվագյուտ բան էր լինել կուսակցական աշխատող եւ կուսակցությունից դուրս գալ: Ամեն ինչ սկսվեց փախստականներին դիմավորելով. ուղղաթիռներով Գանձակից փախստականներին բերում էին, մենք տեղավորում էինք: Հետո աստիճանաբար սկսեցինք զենք-զինամթերք հավաքել, ուղարկել: Սկզբում ՀԱԲ-ի հետ էինք համագործակցում: Ես Գավառից եմ, այնտեղ փոքրիկ ջոկատ կազմակերպեցինք ու վերցրինք մի ուղղություն ՝ Մարտակերտի Թալիշ գյուղ: Թալիշի 2 ջոկատ կար՝ մեկը ներսի ջոկատն էր, մյուսը դրսից էր գնացել: Մենք հիմնականում Թալիշի՝ դրսից գնացած ջոկատի հետ էինք: Թալիշում մնացինք մինչեւ 1992 թվականի Շահումյանի դեպքերը, Մարտակերտի գրավման ժամանակ նահանջեցինք մինչեւ Մատաղիս: Ես էդ ժամանակ Թալիշի դիրքերում գտնվող տղաներին՝ 64 հոգու, տեղափոխեցի Հայաստան:

Շահումյանի գրավման օպերացիան արդեն սկսեցին ռուսներն իրականացնել, հետո անցան Մարտակերտի գրավմանը: Տեսանք՝ իրադրությունը ինչպիսին էր, Լեոնիդի խփվելու օրը ջոկատով հեռացանք. սիրուն խաղեր չէին ստացվում: Թալիշի ջոկատի տղերքից, ովքեր մնացին, 90 տոկոսը զոհվեց: Դրանից հետո մեկ-երկու անգամ ջոկատով գնացինք Մարտակերտի դիրքեր: Գրեթե մի քանի ամիս ընդհանրապես չգնացինք ռազմաճակատ, հետո մեր ջոկատի տղաներից միացան տարբեր ջոկատների: 1993-ի վերջերին Քելբաջարի մոտ իրավիճակը վատացավ, մեր ջոկատը նորից գնաց: Ես վիրավորվել եմ 1994 թ.-ի մարտի 18-ին Օմարում, որը բաժանված էր 2 ճակատի. մեկը հենց Օմարի ուղղությունն էր, մյուսը՝ Բոզլուխ-Լեւի, որի հրամանատարը ես էի: Այնտեղ դրությունը վատացավ, Օմարի գագաթն արդեն հանձնել էին: Ինձ օգնության կանչեցին, ես իմ ջոկատից 50 մարդ վերցրի, գնացինք: 3 օր պահեցինք այդ վիճակը մինչեւ Հայաստանից հիմնական օգնական ուժերի հասնելը: Վերջին պահին, որ արդեն դեպի սարն էին բարձրանում, ես վիրավորվեցի:

«Ասում էին՝ քեզ պիտի դատի տանք. դու գյուղը թողեցիր անտեր, գնացիր պատերազմ»

Հերոսամարտի տարիներին արդեն 3 երեխա ունեի: Մինչեւ 1993 թ.-ը գնացել-եկել եմ, ընտանիքս չի էլ իմացել. ասում էի՝ իբր օգնություն ենք տանում: Ես այդքան երկար չէի մնում, գնում էի, ինչ պետք էր ջոկատին մատակարարել, հասցնել՝ զենք, զինամթերք, սնունդ եւ այլն, հասցնում, գալիս էի: Իսկ 1993-ի վերջին, երբ գնում էի, ընտանիքում շատ լուրջ դիմադրություն կար: Բայց կապ չուներ: Այդ ժամանակ արդեն կազմավորված բանակի կազմում էինք գնում: Դիմադրությունը, բնականաբար, միշտ էլ լինելու է. պատերազմ նշանակում է զոհվել, վիրավորվել …: Ես միաժամանակ Քյավառի շրջանի Կարմիր գյուղի գյուղապետն էի: Չգիտեմ՝ ինչպես էինք հասցնում, ինչպես էր 24 ժամը բավականացնում: Ամբողջ գյուղն էր դեմ, որ գնայի. գյուղացիներից մեկն ասում էր՝քեզ պիտի դատի տանք, դու գյուղը թողեցիր անտեր, գնացիր պատերազմ: Բայց ով մի անգամ իր աչքերով տեսել է այդ ամենը, հասկացել է՝ ինչ է կատարվում, չէր կարող չգնալ, հիվանդություն է դառնում: Ես, որ տեսել եմ Շահումյանի գաղթականների ամբողջ հոսքը` ինչպես են ոտքով գալիս… էդ տեսնողը կամ պիտի շատ վախկոտ լինի, փախչի, կամ պիտի կանգնի ու կռվի: Ինձ համար, բնականաբար, երկրորդ տարբերակն էր նախընտրելի:

Պատերազմն ազնվացնում է, մաքրում

Ջոկատի տղերքի մաքուր փոխհարաբերությունները, մեկը մյուսին հասնելու, պաշտպանելու պատրաստակամությունը ես պատերազմից հետո չեմ տեսել: Պատերազմի դաշտում «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» հոգեբանությունն էր- սոված ժամանակ մի կտոր հացը կիսել, ամենածանր իրադրության մեջ նույնիսկ կատակել, ցրտին բաց երկնքի տակ դիրքերում կանգնած կամ կռիվների ժամանակ կես բաժակ օղին կամ սպիրտը իրար հետ կիսել…. Էնքան էդպիսի բաներ են եղել: Հնարավոր է՝ մարդը սրտանց ուզում է կռվել, բայց մի պահ վախենում է: Էդ ժամանակ ասում ես՝ հետ գնա, քեզ պետք չի էդտեղ լինել, որովհետեւ եթե այդ պահին դու զգում ես, որ ընկերոջդ մեջ վախ է մտել, չես կարող ասել, որ կռվի էդ վախով, որովհետեւ նա քեզ համար ավելի վտանգավոր կդառնա: Երբեք չի եղել, որ ես գնամ, խրամատում թաքնվեմ, ասեմ՝ տղերք գնացեք, կռվեք: Ես միշտ առաջնորդել եմ իրենց, հետախուզության ժամանակ ես իրենց հետ եմ եղել: Մարդկային ազնվության, մաքրության աստիճանն ավելի բարձր էր: Հետաքրքիր է, որ նույն մարդն էնտեղ կարող է լրիվ ուրիշ մարդ դառնալ: Պատերազմի դաշտը, պատերազմական վիճակը մարդուն ստիպում է ավելի մեծ ազնվություն, պատասխանատվություն, ընկերասիրություն ունենալ, քան այս ազատ կյանքը, որը մարդկանց կեղտոտում է: Մինչեւ հիմա մեր ջոկատի տղերքի հետ որտեղ հանդիպենք, ոնց որ ամենամեծ հարզատները լինենք, էդ կարոտը, էդ ջերմությունը, տարիներով իրար չտեսած հոր ու երեխայի հոգեբանությունն է:

Նեղացած սրտով հերոսները

Հիմա, որ բոլորն ասում են՝ մենք էսպիսի Հայաստանի մասին չէինք երազում, ստում են: Էն ժամանակ մարդիկ ոչ թե մտածում էին՝ Հայաստանը հետագայում ինչպիսին պիտի լինի, այլ մտածում էին Հայաստանը պահելու մասին: Հիմնականում օգտվեցին, բարձր սպայական կազմ մտան նրանք, որոնք նույնիսկ չէին էլ վիրավորվել: Մոռացան, որ կողքները տղերք կան, մի երկուսին պահեցին օգտագործելու համար: Տղերքը նեղվում են, որ շատերն օգտվեցին իրավիճակից, հարստացան: Իսկ վիրավոր խեղճ ու կրակ մի տղա կամ զոհվածի մի ընտանիք չհասավ էդ մակարդակին: Դրա համար էդ նեղացածությունը, դժգոհությունը կա: Խորհրդային տարիներին, եթե մարդ գնացել էր Հայրենական պատերազմ, վիրավորվել էր, պետությունը բոլորին նույն աչքով էր նայում: Այսօր պետությունը լվացել է ձեռքերը: Թոշակ են տալիս ու վերջ, իսկ թոշակը, հայտնի է՝ ոչ մեկին չի կարող բավարարել այսօր: Ամբողջ հանրապետությունում մի 2 հազար էդպիսի խնդիր ունեցող հաշմանդամ ազատամարտիկ կա. նրանց աշխատանքի տեղավորելը խնդիր չէր, էնքան աշխատանք կար: Այդ մարդիկ նախ իրենց պիտանի կհամարեին, իրենց ընտանիքի առաջ որպես մարդ կմնային: Պատկերացրեք` մարդը գնացել, վիրավորվել, եկել է, որքան էլ երեխան ասի՝ հայրս հերոս է, բայց որ չի աշխատում, ամբողջ օրը տանը անգործ նստած է… Դժվար է բոլոր դեպքերում: Նայում է՝ ուրիշի ոչ հերոս հայրը կարողանում է իր երեխային ամեն ինչով ապահովել, իսկ այդ հերոսը չի կարողանում: Հոգեբանական, սոցիալական խնդիրներ կան, որ տղերքի մոտ լուրջ դժգոհություններ են առաջացնում:

Պայքար՝ այլ ճակատում

Արդեն 20 տարի է՝ հիմնել ու ղեկավարում եմ «Զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հիմնականում առաջին խմբի հաշմանդամների, զոհվածների ընտանիքների աջակցությամբ: Ժամանակին նյութական աջակցությունը շատ-շատ էր, հիմա բացարձակապես չկա: Հիմնականում երեխաների ուսման հարցերով, իրավական, առողջապահական խնդիրներով ենք զբաղվում: Ունենք ազատամարտիկների՝ արդեն սովորած, ավարտած երեխաներ: Հիմա էստեղ ավելի դժվար է կռվելը, պատերազմում գիտեիր՝ դիմացդ թշնամի է, կռվում էիր, այստեղ խորամանկություն է: Փորձեր արեցի արտադրություններ կազմակերպել հաշմանդամ ազատամարտիկների համար: Մի քանի փոքր դրամաշնորհներ շահեցինք, որոշեցինք չորանոց հիմնել. քաղաքապետարանն անհատույց հող հատկացրեց, շինարարություն սկսեցինք, որոշ բաներ կառուցեցինք, բայց հետո կանչեցին, ասացին, որ հողն այսքան արժե: Մեր շինարարությունն էլ համարեցին անօրինական:

Շնորհակալություն չակնկալող զոհողություն

Ինձ համար միշտ անընդունելի է եղել 1915 թվականի Ցեղասպանությունը: Դեռ դպրոցից միշտ մտածել եմ՝ 1.5 մլն ժողովուրդ կոտորեն ու դու չպայքարես, խայտառակություն է: Միեւնույն է՝ մեռնելու ես, ավելի լավ չէ՞ կռվելով մեռնես: Հիմա, երբ արդեն կարողացել ես կյանքիդ, առողջությանդ գնով պաշտպանել հայրենիքդ, պետությունդ, որպես մարդ գոհ ես քեզնից: Հպարտությունը դա է: Նշանակություն չունի՝ գնահատվում է, թե՝ ոչ:

Հ.Գ. Ասում եմ՝ երբ թերթը լույս տեսնի, անպայման մի քանի օրինակ կբերեմ: Աշոտի հարսը, ցույց տալով դպրոցահասակ տղային, որին պապի անունով են կոչել, ասում է՝ մենք միշտ մի օրինակն ուղարկում ենք դպրոց. բոլորը գիտեն պապիկի մասին:

Հարցազրույցը` Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆԻ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս